Սեպտեմբերի 21-ին Արցախում հրադադար էր հայտարարվել՝ ադրբեջանական ռազմական գործողություններից երկու օր անց։ Նկուղներում պատսպարված երեխաները և կանայք դուրս էին եկել, փորձում էին վերադառնալ առօրյա կյանքին։ Բուժքույր Լուսինեն նրանցից մեկն էր։ Այդ օրը նա որոշել էր գնալ աշխատանքի։ Կեսօրին մոտ տանից քայլել է դեպի Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց։ 39-ամյա կինն աշխատում էր լաբորատորիայի բուժքույր։ Ստեփանակերտի փողոցներից մեկում Լուսինեն վիրավորվել է ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից՝ հրադադարի պայմաններում։

«Ամսի 21-ի առավոտյան որոշեցի գնամ աշխատանքի, գործընկերներիս օգնություն էր պետք։ Ժամը 11-ին տանից դուրս եկա, քայլում էի դեպքի հիվանդանոց, տրանսպորտ չկար։ Մի 100  մետր գնացի, կրակոցներ սկսվեց։ Մի պահ կանգ առա, չգիտեի, թե ինչ անեմ։ Այդ պահին ինձ մի բան հարվածեց, ձեռքս տարա գոտկատեղս, ամբողջն արյուն էր»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է Լուսինե Մեսրոպյանը։

Թշնամու դիպուկահարը Լուսինեին թիրախավորել է Ստեփանակերտի մատույցներից։

«Ես իրենց չեմ տեսել, վախենում էի, մտածում էի՝ իմ հետևում են։ Մարդիկ եկան, ինձ օգնեցին, տարան հիվանդանոց, հետազոտությունից պարզ դարձավ, որ մարմնիս մեջ փամփուշտ կա։ Պուլը, որ իմ մարմինից հանեցին, ասացին դիպուկահարի փամփուշտ է։ Մտել էր աղիիս մեջ։ Ես չէի մտածում, որ կարող է հրադադար լինել ու թշնամին մտնի քաղաք։ Ստեփանակերտի վերևի թաղամասից՝ Կրկժանից էին խփում»,-ասում է նա։

Լուսինեի համար ծանր էին այդ օրերը։ Մինչ վիրավորվելն էլ բազմաթիվ վտանգների միջով է անցել՝ ընտանիքի հետ միասին։ «Մինչև ամսի 20-ի առավոտը դուրս չենք եկել նկուղից, մեկ րոպե էլ չէր դադարում կրակոցները։ Շատ ուժեղ ձայները լսվում էր ու շատ մոտիկից։ Ամսի 20-ին դուրս եկանք, գնացինք Իվանյանի օդանավակայն, մի քանի ժամ այնտեղ կանգնած մնացինք, ռուսներն ասացին՝ ամեն ինչ լավ է, գնացեք ձեր տները»,-հիշում է Լուսինեն, թե ինչպես են նկուղում օրեր անցկացրել անգամ առանց հացի։

«Անգամ, որ մտնում էինք նկուղ, ուտելու բան չկար, որ վերցնես, նկուղում ուտես։ Կրակոցները․․․սնայրադները․․․․երեխաները․․․ վատ վիճակում էինք, անբացատրելի է»։

Լուսինեն Ստեփանակերտում վիրավորվել է, բայց հետվիրահատական փուլն ըստ սահմանված չի անցել, ստիպված է եղել կիսատ թողնել բուժում ու բռնի տեղահանվել Արցախից։ Վերջին անգամ վիրակապը փոխել է Ստեփանակերտի հիվանդանոցում ու ճանապարհ ընկել։

«Ես ամբողջ ճանապարհին ցավազրկղներ էի խմում, որ կարողանայի դիմանալ»,-ասում է նա ու նշում, որ մեկ օր շարունակ մեքենայի մեջ է մնացել, այն ընդհնարապես առաջ չէր գնում՝ խցանման պատճառով։

«Մեկ օր շարունակ մեքենան կանգնած էր, չէինք կարողանում առաջ գնալ։ Մեկ օր անցել էր, տեսան, որ վիրավոր եմ ճանապարհ տվեցին, անցանք։ Եկանք հասանք ռուսների պոստին, չէին հավատում, որ վիրավոր եմ, ասում էին փաստաթղթեր ցույց տուր, ես ինձ հետ վերցրել էի հիվանդության պատմության թերթիկը, նոր թողեցին որ անցնենք, եկանք թշնամու պոստին, այնտեղ էլ ստուգեցին, նոր հասանք Հայաստան»։

Լուսինեն ապաքինվել է, այժմ աշխատանքի է անցել Երևանի կլինիկաներից մեկում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest