45-ամյա Լուսինե Հարությունյանը ծննդով Ասկերանի շրջանի Նորագյուղ  համայնքից է։ 2001թ. նա ամուսնացել է ստեփանակերտցի Գարիկի հետ, ունեցել 3 աղջիկ։ Մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը ամուսինը Ստեփանակերտի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող էր։

«Մինչ 44-օրյա պատերազմը առողջական խնդիրներովս պայմանավորված ամուսնուս հետ  Երևանում էինք և սեպտեմբերի  25-ին Արցախ վերադառնալու ճանապարհին անմարդաբնակ մի վայրում արտասովոր շարժ նկատեցինք։ Հետո եղբորս տղաները, որոնք զինծառայող էին, տեղեկացրին, որ դիվերսիա է եղել։ Սեպտեմբերի 26-ին ամուսինս բարձրացավ մարտական դիրքեր ու հաջորդ օրը պատերազմը սկսվեց։ Փոքր աղջկաս ախտորոշել էին տրոմբոցիտոպենիա՝ արյունահոսում էր և պարբերաբար պետք է դեղորայք ընդուներ։ Երբ պատերազմի օրը դեղատներում չգտանք այդ անհրաժեշտ դեղը, խիստ վախեցա երեխայիս համար։ Ուստի որոշեցինք ամուսնուս եղբոր ընտանիքի հետ տեղափոխվել Երևան, որ աղջիկս առողջական խնդիրներ չունենա։ Շատ դժվարություններով հասել ենք Երևան, սակայն հոկտեմբերի 3-ին հայտնել են ամուսնուս զոհվելու լուրը… Իրավիճակն այնքան ծանր էր, որ ինձ չթողեցին վերադառնալ և ներկա լինել ամուսնուս հուղարկավորությանը։ Նրան ամփոփեցին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում։ Հոկտեմբերի 3-ին զոհվել է ամուսինս, իսկ հոկտեմբերի 7-ին ու 27-ին ՝ եղբորս երկու որդիները։ Հոկտեմբերը մեզ համար սև ամիս է», -հուզված պատմեց այրին։

Հոյեմբերի 25-ին Լուսինեն վերադարձավ Ստեփանակերտ ու սկսեց կարգի բերել արկակոծությունների հետևանքով տուժած բնակարանը։Նա պետք է հաղթահարեր առկա վախերը և շարունակեր իր երեք աղջիկների հետ ապրել հայրենի տանը։ Արցախի կառավարության աջակցությամբ վերանորոգել են իրենց տունը՝ չպատկերացնելով, որ  մի օր կթողնեն ամեն ինչ ու ստիպված կտեղահանվեն Արցախից։

« Հույսներս մեզ վրա շարունակեցինք ապրել մինչև 2023թ. լիակատար շրջափակումը։ Սկսեցի ամեն ինչում տնտեսել, որ նեղ օրն ընկած ժամանակ խնդիր չունենամ։ Ծանր էին շրջափակման օրերը։ Ներդրված կտրոնային համակարգի առկայության պարագայում հաճախ հնարավոր չէր ձեռք բերել առաջին անհրաժեշտության պարագաները։ Այդ ընթացքում էլ ավելի զգաստացանք, բայց մինչև վերջին օրը չէինք հավատում, որ մենք կհեռանանք Արցախից։ Պատերազմից հետո վաճառել էի ամուսնուս ավտոմեքենան և մի փոքրը գնել, որ ես կարողանամ վարել։ Շրջափակման ժամանակ կտրոնով բենզին էին տալիս ու ես այն պահում էի, որ Աստված մի արասցե մի բան պատահի, վառելիքի խնդիր չունենամ»,-վերհիշեց զրուցակիցս։

 

Գյուղի բարեկամները սննդամթերքով օգնում էին այրի կնոջը և ինքն ամեն ինչ տնտեսելով նաև կարիքավորներին էր բաժին հանում։

«Սեպտեմբերի 19-ին կարծես կանխազգացում ունեի, որ երեխաներին դպրոց չուղարկեմ։ Շատերը կարող են չհավատալ, բայց մինչև հիմա ես ամուսնուս երազիս մեջ տեսնում եմ և մենք միշտ կապի մեջ ենք։ Սեպտեմբերի 17-ին երազիս մեջ հայտնեց, որ մենք դուրս ենք գալու Արցախից։ Չէի պատկերացնում, թե ու՞ր պիտի գնանք, բայց տեսել էի Հակարիի կամուրջը ու, որ երեխաներիս հետ անվնաս անցնելու ենք։ Այդ օրը երեխաներին դպրոց չուղարկեցի և որոշեցինք Նորագյուղ գնալ։ Ճանապարհին տարօրինակ  իրարանցում նկատեցի ու էլի չէի պատկերացնում, որ ՌԴ խաղաղապահների ներկայությամբ հնարավոր է պատերազմի վերսկսում։ Գյուղին մոտենալիս հանկարծ սկսվեցին արկակոծությունները։ Վախից չգիտեի ինչ անել։ Չէի կարողանում կապվել հարազատներիս հետ։ Ավտոն շրջեցի ու շուտափույթ ուղևորվեցի Իվանյան՝ եղբորս տուն։ Որոշ ժամանակ անց որոշեցի՝ ինչ էլ լինի վերադառնալ Ստեփանակերտ, որ գոնե փաստաթղթերս վերցնեմ ու մեր թութակին կերակրեմ», -պատմեց Լուսինեն՝ կրկին վերապրելով այդ դաժան օրերը։

Դժվար կացության մեջ էին՝ նկուղային պամաններ, անորոշություն, խուճապ։ Լուսինեենց թաղամասում վտանգավոր էր մնալը և նրանք տեղափոխվել են ընկերուհու բնակարան։ Բայց ցերեկը կարողանում էր տնից սննդամթերք բերել ու նաև մոտակա դպրոցում այդ օրերին ապաստանած Մարտակերտից տեղահանվածներին էլ բաժին տալ։

«Սեպտեմբերի 24-ը վերջին օրն էր. Լուրեր էին պտտվում, որ 30 հազար արցախցի պիտի թողնեն ու եթե չհասցնենք հեռանալ՝ կմնանք ադրբեջանցիների հետ։ Ու եղբորս ավտոմեքենայի հետևից վարելով մեր ավտոն հաղթահարեցի դժոխքի ճանապարհը։ Վախից չգիտեի ինչ անել՝ չորս աղջիկներով թշնամու մոտով պիտի անցնեինք։ Փառք Աստծո, բարեհաջող անցանք Հակարիի կամուրջը։ Անձրևոտ եղանակ էր, աղջիկներս ջերմում էին, խցանումների մեջ եղբորս տեսանելիությունից  կորցրի, իսկ ես ճանապարհը չգիտեի։ Պատահական մի վարորդի խնդրեցի, որ ինձ ուղղորդի Գորիս», -հավելեց այրին։

Այժմ Լուսինեն աղջիկների հետ բնակվում է Չարենցավանում։ Շատ դժվար են հարմարվել իրողությանը և սթրեսի հետևանքով մեր զրուցակիցն երկու ամիս հիվանդ էր ու  դժվարությամբ կազդուրվեց։ Առկա խնդիրներից նա առանձնացնում է բնակարանային հարցը։ Վարձով են ապրում և աղջիկներն ամեն առավոտ ժամը 6-ին Երևան՝ դասի են գնում։ Արցախ վերադառնալու հույսը Լուսինեն  երբեք չի կորցնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest