2023թ. սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմի և իրավիճակի հետագա զարգացման հետևանքով Արցախի հայաթափումից անցել է մեկ տարի, սակայն Արցախի հարցը փակված չէ։ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախցիների հետվերադարձի հարցի վերաբերյալ մեզ հետ զրուցեց արցախցի վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը։
«Մեկ տարի անց ավելի ենք պարտավորված անցած 33 տարվա ուղին ամփոփելու և ի մի բերելու մեր անելիքները։ Հետադարձ հայացք ձգելով այժմ պետք է պատրաստ լինենք մեր անցած պատմական ուղին ոչ միայն արժեվորելու, այլ նաև նոր ճանապարհ անցնելու, որովհետև պատմությունը պարուրաձև է զարգանում։ Այն մեխանիկորեն չի կրկնվում և ներկայիս փուլը նման է Արցախի անկախության ձեռքբերման ժամանակահատվածին, երբ մարդիկ հյուծված էին, ոչ-ոք չէր հավատում հաջողության, հատկապես, «Կոլցո» օպերացիայից հետո։ Սակայն որակական նոր բնույթն այն է, որ աշխարհում տեղի են ունեցել փոփոխություններ և հիմա մենք պետք է մի քանի՝ հոգևոր, պատմական, քաղաքական, ռազմական հարթություններում մեզ գտնենք՝ թե գլոբալ, թե տարածաշրջանային, թե ազգային առումներով և որոշենք մեր ռազմավարությունը»,-նշեց Դավիթ Կարաբեկյանը։
Նրա պարզաբանմամբ՝ դա ահռելի ծանր աշխատանք է, ինչը ենթադրում է գիտական լուրջ վերլուծություն, պետական, հասարակական կառույցների համատեղ ռազմավարության մշակում։ Վերլուծաբանը հնարավոր է համարում պատմական նոր փուլի մեկնարկին և մարդկության ընթացքը կախված կլինի Հայաստանից ։ «Ամենակարևորը պետք է միշտ հիշենք, որ պարտական ենք այն մարդկանց, որոնք պայքարել ու նահատակվել են, որ ստեղծեն եկեղեցի, արժեքային համակարգ ու պետություն։ Նրանք առավելագույնս արեցին, իրենց կյանքը զոհեցին հանուն այդ գաղափարի ու հայրենիքի և մենք պարտավորություն ունենք իրենց հանդեպ։ Ուրեմն չպետք է ընկճվել, այլ պայքարել։ Ինչպես Սուրբ Գրքում է ասվում, եթե ճիշտ ուղիով ընթանանք, Աստված մեզ ավելիով կտա։ Ինչևիցե, մեկ տարի անց հայությունը պարտավոր է միասնաբար գտնելու գոյատևման իր ուղին, այլապես հատվածականորեն կոչնչանա»,-շեշտեց Դավիթ Կարաբեկյանը։
Նրա կարծիքով՝ հաջորդ այժմեական վտանգը կեղծ պրագմատիզմ հրամցնելու միջոցով մարդկանց փորձել կապելն է առօրյա կենսական, կենցաղային խնդիրներին, որ ապրեն առանց արժեքային համակարգի։ Այդ պարագայում նյութապաշտությունը միշտ կործանման է տանում և հասարակությունն էլ աստիճանաբար քաղցկեղի պես քայքայվում է։
Անդրադառնալով արցախցիների հետվերադարձի խնդրին, վերլուծաբանը նշեց, որ պատմությունից հրաժարվելը ազգը կտանի հատվածականորեն ոչնչացման։ «Պատմությունը կրկնվում է և այդ պայքարը նորից սկսվելու է։ Ցավոք, երկար տարիներ մենք տեր չկանգնեցինք մեր երկրին, հեռացանք մեր ավանդական արժեքներից, այդ թվում հոգևորից և այնպես ստացվեց, որ չար ավանդությունը վերականգնվեց և մեզ վրա սկսեցին կարգել այս կամ այն կայսրության պաշտոնյային։ Խնդիրը կայանում է նրանում, որ մինչև օրս չունենք համակարգող ազգային ինստիտուտ ոչ միայն պետության ներսում, այլև դրսում՝ Սփյուռքում։ Սակայն կարծես հակառակն է՝ Սփյուռքից փորձում են մեզ անջրպետել, որոշ խնդիրներ փակել և դրսի պատվերները կատարել։ Իհարկե, Արցախի խնդիրն օրակարգ կմտնի։ Անհրաժեշտ է նախ իրավիճակը ճիշտ գնահատել և մեր պատմությունը հիշել։ Աշխարհաքաղաքական այս փոփոխությունների ու գերտերությունների պայքարում մենք պետք է ավելի նուրբ ու հեռատես քաղաքականություն վարենք։ Ճանապարհը խրթին է, բայց պետք է քայլեր ձեռնարկել»,- ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է իրական ու պատմական Հայաստանի մասին շրջանառվող պետական գործիչների հայտարարություններին, նա մեկնաբանեց, որ պատմությունից ուրանալը ոչ Աստծո և ոչ էլ մարդկային օրենքներով է հանդուրժվում։ Իրականում հայրենիքը հոգևոր հասկացություն է և իրականի ու պատմականի չի բաժանվում։
«Օրինակ Ալիևը մեզ հիշեցնում է, որ Երևանն իր քաղաքն է և Կիրանցից հետո աչք ունի «իր տարածքի 88%- ի» վրա։ Սակայն նորօրյա պատմության մեջ քաղաքական շատ ուժեր համարում են, որ Վիլսոնյան ակտը, Սևրի և այլ պայմանագրեր ունեն իրավական ուժ։ Բացի դրանից ԱՄՆ ընդունել է, որ արցախցիները չեն կարող Ադրբեջանի կազմում ավտանգ ապրել։ Կան նաև բազմաթիվ այլ իրավական ակտեր Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման առումով։ Միջազգային ասպարեզում որպես հակամարտող կողմ, սուբյեկտ մենք կարող և պարտավոր ենք ոչ միայն Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը պաշտպանել, այլ նաև Գետաշենի, Շահումյանի, Բաքվի հայության իրավունքները։ Իրավական հիմքը կա, մնում է մենք քայլեր կատարենք մեր իրավունքները կյանքի կոչելու համար»,-հավելեց վերլուծաբանը։
Զառա Մայիլյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: