Այսօր սեպտեմբերի 19-ինն է՝ ուղիղ մեկ տարի առաջ Արցախում՝ ռուսական զորքերի մասնակցությամբ տեղի ունեցավ ադրբեջանական ագրեսիա, որի հետեւանքով հայկական Արցախը վերջին հազարամյակում առաջին անգամ հայաթափվեց։ Դա տեղի է ունեցել ՀՀ կառավարության եւ միջազգային հանրության հանցավոր կոնսենսուսի արդյունքում։ Այդ կոնսենսուսի մասին է վկայում սեպտեմբերի 17-ին Ստամբուլում կայացած ՌԴ, ԵՄ եւ ԱՄՆ բարձր ներկայացուցիչների հանդիպումը, որի ժամանակ փաստորեն ագրեսիայի թույլտվություն է տրվել։ Այդ հանդիպման փաստը չի հերքվել, եւ բոլոր երեք կողմերից ագրեսիայի փաստի դատապարտման բացակայությունը խոսում է կոնսեսուսի մասին։

Սակայն ագրեսիայից 1 տարի անց պարզվեց, որ կա հզոր իրավական զրահ, որը պաշտպանում է հայկական Արցախը՝ դա ՀՀ Սահմանադրությունն է, որի հետ այժմ կռիվ է տալիս Բաքուն, «ճանաչելով», որ Արցախը Հայաստանի մաս է, եւ նույնիսկ օկուպացիան, կոնսենսուսը չեն լուծում Արցախը Ադրբեջանին ենթարկելու հարցը։

Սեպտեմբերի 19-ի պլանը հմուտ էր մշակված՝ դրա համար Բաքվում էին Թուրքիայի ԶՈՒ շտաբի հրահանգավորները, իսկ օկուպացված Ակնայում դեռ գործում էր ռուս-թուրքական «մոնիտորինգային» կենտրոնը։ Հայաստանը դրանից առաջ հայտարարել էր իր զորքերի դուրս բերման մասին։ Ինչպես հետո խոստովանել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ «մենք մենակ էինք մնացել»։

Այն ողբերգական իրադարձությունները, որոնք կատարվեցին հաջորդ 20 օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի ուղիղ հետեւանք են։ Միջզգային փաստաթղթերում պետք է արձանագրվի, որ այն հնարավոր է եղել 2020 թվականի պատերազմի, Արցախի մի մասի օկուպացիայի, նոյեմբերի 9-ի սեպարատ հայտարարության, ռուսական զորքեր մտցնելու, Արցախի 10-ամսյա շրջափակման, հացի իսպառ բացակայության արդյունքում միայն։

Սեպտեմբերի 19-ին հարձակում է տեղի ունեցել խաղաղ բնակչության վրա, ագրեսիա։ Պետք է արձանագրվի Ռուսաստանի՝ որպես «անվտանգության երաշխավորի» կործանարար դերը՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին ռուսների հետ համատեղ էն օկուպացված գյուղերի բնակիչները տեղահանվել Ստեփանակերտի օդանավակայանի ռուսական բազա։ Սեպտեմբերի 19-ին Արցախի գրեթե բոլոր գյուղերը զավթվել են, գյուղերից մարդկանց տեղահանվել են սովից եւ ռմբակոծություններից տառապող Ստեփանակերտ (մարդիկ 1-2 ժամում լքել են իրենց տները, փախել անտառներով, հասել Ստեփանակերտ, մեկ շաբաթ այնտեղ ապրել փողոցում, առանց սննդի և ապաստանի, թողնելով հայրենի գյուղերում հարազատներ, չթաղված դիակներ)։ Միայն դրանից հետո է Հրամանագիր ստորագրվել՝ Արցախի հանրապետությունը կազմաքանդելու եւ բանակը զինաթափելու մասին (թեև դիրքերում գտնվողները կռվել են մինչև վերջ)։

Սեպտեմբերի 28-ի կեսօրին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը «հաշվի է առնում» ԼՂՀ հիմնարկների լուծարումը և «ուշադիր հետևում է հումանիտար իրավիճակին» տարածաշրջանում։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ԼՂՀ նախագահի հրամանագրում կետ կա տեղի հայ բնակչության «նոր կոորդինատային համակարգով» Ադրբեջանին ինտեգրելու մասին. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Բաքվի հետ մեր շփումներում շարունակելու ենք ուշադրություն դարձնել մարդասիրական ասպեկտներին»։ Պեսկովը հորդորել է չփնտրել Ղարաբաղից հայերի արտագաղթի մեղավորներին։

Պեսկովը եւ մնացածները չեն ասում, որ «հումանիտար» իրավունքների կոպիտ խախտման, մարդկանց զրկանքների եւ հայրենազրկման պատճառը հակամարտության կողմերի քաղաքական որոշումներն են եւ ուժի ապօրինի կիրառումը։

Ավելին, մի շարք երկրներ, այդ թվում ԵՄ անդամ Հունգարիան ճանաչեցին Բաքվի «ռազմական հաղթանակը», իսկ Փաշինյանի՝ «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում» ճանաչելուց հետո Բաքուն եւ Երեւանը խոսում էին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանադրություններում «քաղաքական որոշումների» եւ «նոր իրողությունների» ամրագրման անհրաժեշտության մասին։ Դա ապացուցում է, որ «նոր իրողությունները» եւ «քաղաքական որոշումները» հակասում են գործող օրենսդրություններին, հետեւաբար՝ ապօրինի են։

Ավելին՝ սեպտեմբերի 19-ից մեկ տարի անց Բաքուն պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը եւ բացառել դրա մեջ հղումը ՀՀ Անկախության հռչակագրին, հետեւաբար՝ 1989 թ․դեկտեմբերի 1-ի որոշմանը, համաձայն որի Արցախը վերամիավորվել է Հայաստանին։

Բաքուն և Մոսկվան պնդում են, որ Արցախից հայերի արտագաղթը տեղի է ունեցել «կամավոր», ոչ ոք չի ստիպել հայերին հեռանալ, ընդհակառակը, նրանց խրախուսել են մնալ և ինտեգրվել։ Ըստ այդմ, փաստարկվում է, որ օկուպացիա կամ բռնի տեղահանություն տեղի չի ունեցել։ Նման մի բան էլ պնդում է ՀՀ կառավարությունը․Նիկոլ Փաշինյանը մեղադրում է Արցախի «նոր» ղեկավարությանը՝ Բաքվի եւ Երեւանի առաջարկները մերժելու համար։ Այսինքն՝ արցախցիները պետք է մնային եւ ինտեգրվեյին, հավանաբար՝ հետ կանչեին 1989 թ․որոծման Արցախի ստորագրությունը։

Թեև Հայաստանի կառավարությունը խոսում է «էթնիկ զտումների» մասին, սակայն չի նախաձեռնել քաղաքական և իրավական ընթացակարգեր՝ Ադրբեջանին մեղադրելու ԼՂ բնիկ բնակչության էթնիկ զտումների և բռնի տեղահանության մեջ։

Փաստերը, սակայն, վկայում են, որ Արցախից հայերի տեղահանությունը տեղի է ունեցել հետևողական ցեղասպանական գործողությունների հետևանքով։ Խախտվել է ուժի չկիրառման միջազգային հիմնարար սկզբունքը։

Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 5-ին ընդունված բանաձևով դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումները և Ադրբեջանի կառավարության դեմ պատժամիջոցների կիրառման կոչ արել։ Բանաձևում ընդգծվել է նաև միջազգային երաշխիքների պահանջը հայերի` Արցախ վերադառնալու իրավունքի իրացման համար։ Ավելին, Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել «Եվրամիության և Ադրբեջանի միջև էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը»։

Բանաձևը կոչ է անում անհապաղ դուրս բերել ադրբեջանական ուժերն Արցախից և միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել տարածաշրջանում, ինչպես նաև պահանջում է պաշտպանել հայ ժողովրդի ունեցվածքը, ովքեր բռնի ուժով տեղահանվել են:

Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն» ուղղված բանաձեւ

Սենատը հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը, որը տարածվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության միակ հնարավոր ճանապարհն է, և որ պետությունները պարտավոր են հարգել և պաշտպանել այդ իրավունքը։

2023թ դեկտեմբերին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ավելի քան 120 կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքների ղեկավարներ ստորագրել են ուղերձ՝ ուղղված միջազգային հանրությանը՝ դեկտեմբերի 10-ի՝ ԱՀ անկախության հանրաքվեի, ԱՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրերի առթիվ: Ուղերձի հասցեատերերն են՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, Եվրոպայի Խորհուրդը (Գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Նախարարների խորհրդի նախագահը), Եվրամիության Խորհրդի նախագահը, Եվրոպական Խորհրդարանի նախագահը, ԱՊՀ Գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ Գլխավոր քարտուղարը։

Ստորագրողների թարմացված ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ՝

«Մեր ընդհանուր որոշումը՝ լքել մեր Հայրենիքը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը, մեր տները, թողնել Սբ․ Մկրտչի մասունքները, մեր հայկական եկեղեցիներն ու մեր նախնիների գերեզմանները, որոնք մենք պաշտպանել ենք դարեր ի վեր, ապացույց է ողջ աշխարհին, որ Արցախի ժողովրդի համար ազատությունը բարձրագույն արժեք է։ Այս ճարահատ որոշումն ընդունվել է շարունակական ցեղասպանական գործողությունների և մեր գլխին կախված գոյաբանական լուրջ սպառնալիքների պայմաններում», ասված է ուղերձում։

Մենք դիմակայում էինք քաղաքական գործարքներին, որոնցով մերժվում էր սեփական Հայրենիքում ապրելու մեր ինքնիշխան իրավունքը, որը ձեռք է բերվել բազմաթիվ մարդկանց կյանքի գնով, հանուն մեր ազգային արժանապատվության ու ինքնության պահպանման՝ մի քանի սերունդների դարավոր պայքարի ընթացքում ահռելի կորուստների գնով։ Եվ այս պայքարը չի ավարտվել։ Մենք վստահ ենք, որ ճշմարտության և արդարության զորությամբ կվերադարձնենք մեր Հայրենիքը, ասված է փաստաթղթում։

«1992 թվականին ԵԱՀԽ/ԵԱՀԿ բոլոր անդամ – պետությունները ճանաչեցին Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների իրավունքը՝ մասնակցելու ԵԱՀԿ միջազգային համաժողովին, որը լիազորված է կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը»։

«Միջազգային հանրությունը ճանաչել է տվյալ տարածքի վիճելիությունը։ Հայաստանն ու Ադրբեջանն այն ժամանակ ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ-պետություններ են դարձել պայմանով, որ ընդունում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցում տարաձայնությունների առկայության փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվի ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվելիք խաղաղության համաժողովում։ Երկու պետություններն էլ հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պարտավորություն են ստանձնել»։

«Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն այսօր կանգնած է ընտրության առաջ՝ կամ վերականգնել միջազգային կարգը Լեռնային Ղարաբաղում, հիմնված ինքնորոշման իրավունքի և ժողովուրդների ու մարդու այլ իրավունքների ու ազատությունների վրա, կամ լռելյայն համաձայնվել, որ շրջափակումը, ռազմական ագրեսիան, ցեղասպանությունը և օկուպացիան հակամարտությունների լուծման օրինական միջոցներ են հանդիսանում»:

Այսօր բազմաթիվ երկրների առաջնորդներ խոսում են Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի անհրաժեշտության մասին։ Սակայն, մենք գտնում ենք, որ սեփական Հայրենիք մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի ու կյանքի համար անհրաժեշտ են հետևյալ անվիճարկելի պայմանները.

Առաջին՝ մենք բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո։ Ադրբեջանական զինված ուժերը, ոստիկանությունը և վարչակազմը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Արցախի Հանրապետության տարածքից, ներառյալ Շահումյանի շրջանը, որտեղ 1992 թ. իրականացված էթնիկ զտման համար Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրում։

Երկրորդ՝ Արցախի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով պետք է տեղաբաշխվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր, և ստեղծվի ապառազմականացված գոտի։

Երրորդ՝ Լաչինի միջանցքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանն ու կառավարմանը։

Չորրորդ՝ Արցախի Հանրապետության տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը՝ բոլոր փախստականների վերադարձի, ժողովրդավարական և իրավական հաստատությունների ստեղծման և տնտեսության վերականգնման համար պայմաններ ապահովելու համար։ Բոլոր փախստականները պետք է ունենան հավասար կարգավիճակ, հավասար իրավունքներ և ենթարկվեն անցումային շրջանի ընդհանուր կանոններին մինչ հանրաքվեն, որը կհաստատի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը, որի արդյունքը իրավաբանորեն կճանաչվի բոլոր պետությունների կողմից։

Հինգերորդ՝ պետք է լիովին բացառվի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների՝ հակամարտության ողջ ընթացքի հետ կապված ցանկացած մեղադրանքով քրեական հետապնդման հնարավորությունը։ Բոլոր ձերբակալված և արդեն դատապարտված հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Մենք պատրաստ ենք ճանաչել միջազգային տրիբունալի իրավասությունը՝ հետաքննելու յուրաքանչյուր ռազմական հանցագործություն, որոնցով մեղսագրվում են մեր քաղաքացիները, սակայն պայմանով, որ այդ տրիբունալը նույնկերպ կքննի բոլոր ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանի քաղաքացիների և նրա վարձկանների կողմից։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest