Վեներա Հովսեփյանն ծննդով Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից է։ Ամուսնանացել է ստեփանակերտցի Էդվարդի հետ, որի հետ ապրել են մայրաքաղաքում, միասին դաստիարակել իրենց 3 որդիներին և 1990-ականներին մեծ դժվարություններով մեծացրել նրանց։ 1988թ.-ի Արցախյան շարժումը վերածվեց գոյապայքարի, ինչին մասնակից դարձան նաև արցախցիների հաջորդ սերունդները։ Տիկին Վեներայի 3 որդիները նույնպես մանակցեցին արցախյան բոլոր պատերազմներին, սակայն նրանցից 34-ամյա Մխիթարը նահատակվեց՝ իր կյանքը զոհաբերելով հանուն հայրենիքի պաշտպանության։
2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Մխիթար Հովսեփյանը վիրավորվեց Կարմիր շուկայի մարտական դիրքերում։ Նրան փորձել են շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց, սակայն Մաճկալաշեն գյուղի մոտակայքում թշնամու ԱԹՍ-ն խոցեց մեքենան։ Վարորդն ու 7 վիրավորները, այդ թվում նաև Մխիթարը՝ տեղում վառվել են։
«Նոյեմբերի 1-ին տղաս զանգեց մեզ և տեղեկացրեց, որ իր հետ ամեն ինչ կարգին է, բայցև զգուշացրեց չզանգել, ասաց՝ «անհասանելի եմ լինելու»։ Սիրտս չդիմացավ, կես ժամ հետո կրկին զանգեցի ու իրոք, անհասանելի էր։ Հետագայում պարզվեց, որ այդ օրն իր վերջին մարտն էր։ Նրա զոհվելու մասին ինձ չեն տեղեկացրել։ Հարազատներս փորձում էին ինձ համոզել, որ Մխիթարը վիրավորվել է, այնինչ, նա զոհվել էր և դիահերձարաններում նրա մարմինն էին փնտրում։ Բայց ես խիստ անհանգիստ էի, սիրտս վատ բան էր կանխազգում։ Այդ ընթացքում հարազատներս մի քանի անգամ ԴՆԹ-ի հետազոտության են դիմել և դեկտեմբերի 7-ին փորձանմուշները համընկել են ու գտել նրա մարմինը…», -հուզմունքը զսպելով պատմեց մայրը։
Մխիթար Հովսեփյանին հուղարկավորել են Ստեփանակերտում։ Նրա փոքրիկ աղջնակը հոր զոհվելուց մեկ ամիս հետո դարձավ 1 տարեկան։ Մխիթարն այդ օրվան շատ էր սպասում, մտադիր էր նշել դստեր տարեդարձը, սակայն նրա բոլոր իղձերն անկատար մնացին։ Մխիթարի դեռատի կինը՝ Լաուրան իր դստեր հետ շարունակում է ապրել ամուսնու ծնողների հետ։ Ստեփանակերտում ընտանիքին աջակցել են և պետական միջոցներով վերանորոգել Մխիթարի հայրական տունը, որ գոնե սոցիալական նորմալ կենսապայմաններով շարունակեն ապրել հայրենի հողում։ Սակայն 2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմն ու հետագա զարգացումները տակնուվրա արեցին արցախահայության՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու վերջին հույսերն ու իղձերը։
«Սեպտեմբերի 19-ին մեր օրը կրկին սևացավ։ Տղաս՝ Գագիկը, պայմանագրային զինծառայող էր և նոր էր տուն մտել մի կտոր հաց ուտելու համար, երբ սկսվեցին պայթյունները։ Նա այդպես էլ հաց չկերավ՝ հետ դարձավ և վազեց դեպի ծառայության վայր։ Մխիթարիս աղջիկն այդ ժամանակ մանկապարտազում էր։ Ամուսինս մեր բարեկամներից մեկի ավտոմեքենայով շտապեց այնտեղ և մեր թոռնիկին բերեց։ Մենք նկուղ չունեինք և ուժեղ արկակոծություններից պատսպարվելու համար անմիջապես վազեցինք ու մտանք դրսում փորված մի փոսի մեջ։ Պայթյուններն ու ռազմական գործողություններն այնքան էին սաստկացել, որ շտապեցինք հարևանի նկուղը, որտեղ վազելով գալիս էին նաև մյուս հարևանները։ Մի 30-40 հոգով 2 գիշեր մնացինք այդտեղ։ Կարծես այդ պայթյունները մեր կողքին էին՝ մենք մարտադաշտում։ Ահավոր վիճակ էր», -նշեց 65-ամյա կինը։
Հրադադարից հետո Արցախի բնակչությունը կապի, էլեկտրաէներգիայի, գազամատակարման իսպառ բայակայության պայմաններում անորոշության և քաոսի մեջ էր։ Մեկը մյուսից, ինչպես նաև զինծառայող հարազատներից տեղեկություն չունեին։ Վառելիքի, սննդամթերքի սղության կամ բացակայության պայմաններում իրավիճակն անկառավարելի էր։ Բնակչության մի մասը շտապել էր օդանավակայան, հուսալով, որ ՌԴ խաղաղապահները օգնության ձեռք կմեկնեն։ Երկու օր օդանավակայանի տարածքում են մնացել նաև տիկին Վեներայի ընտանիքը։ Այդ մղձավանջային օրերին, երբ մարել էին հայրենիքում մնալու վերջին հույսերը, արցախահայությունը ստիպված տեղահանվեց։
Մեր զրուցակցի խոսքով՝ Ստեփանակերտից տեղահանվել են սեպտեմբերի 25-ին և միայն 29-ի երեկոյան հասել Գորիս։ «Տնից ոչինչ չենք վերցրել,. յոթ հոգով մի կերպ տեղավորվել ենք ավտոմեքենայի մեջ ու ճանապարհվել՝ թողնելով ամեն ինչ։ Սարսափելի իրավիճակ էր. անձրև ու ամպրոպ, երեխաներն անընհատ լացում էին։ Ժամը մեկ՝ կես մետր էինք առաջ շարժվում։ Գորիս չհասած վառելիքը վերջացել էր և խնդրել էինք, որ մարդիկ օգնեն։ Մեծ դժվարություններով հասել ենք Հայաստան և սկզբնական շրջանում երկու ամիս ապրել Ջրաբերդ գյուղում, սակայն փոքր երեխաների հետ հնարավոր չէր դիմանալ ցրտաշունչ ձմռանը և մենք տեղափոխվեցինք Չարենցավան», -պատմեց որդեկորույս մայրը։
Այժմ Չարենցավանում յոթ հոգով բնակվում են 2 սենյականոց բնակարանում։ Խնդիրներ դեռ շատ ունեն։ Յոթ հոգու համար բնակարանում ընդամենը մի մահճակալ կար, սառնարանը հին է ՝ կոտրված, բարեկամներից մեկը օգտագործված լվացքի մեքենա է տրամադրել տեղահանված ընտանիքին։ «Հարսներս մանկահասակ երեխաների հետ չեն կարողանում լուծել իրենց զբաղվածության խնդիրը։ Մենք էլ թոշակառու հաշմանդամներ ենք, վատառողջ, չենք կարողանում նրանց ձեռք մեկնել։ Ինսուլտի հետևանքով դժվարանում եմ քայլել, ակտիվ կենսակերպ վարել։ Որդուս զոհվելուց հետո տառապում եմ հիպերտենզիայով, շաքարային դիաբետով։ Դեղորայքը մենք են գնում։ Ստեփանակերտում դրանք պետպատվերով էին տալիս, իսկ այստեղ չեն տրամադրում։ Օր օրի վատթարանում է մեր վիճակը», -վերջում հավելեց տիկին Վեներան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Զառա Մայիլյան