Զինված ադրբեջանցիները գերեվարել են արցախցի Լեռնիկ Աղաջանյանին ու դաժան ծեծի ենթարկել։ Լեռնիկը 43 տարեկան է, Մարտակերտի շրջանի Կիչան գյուղից։ Նա Կիչանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող անասնաֆերմայում նախրապահ էր աշխատում, սեպտեմբերի 19-ի կրակոցների ժամանակ տուն է եկել, 20-ին վերադարձել անասնաֆերմա, որ իր աշխատանքով զբաղվի, գերեվարվել է։
«Հելա, որ անասուններին իջացնեմ, ֆերմայից մի երեք մետր հեռու բռնեցին։ Ճանապարհն է ու երկու կողմն անտառ է, անտառից հելան, բռնեցին։ Իրենք շատ էին, մի քանի հարյուր հոգի, ամբողջ անտառով լցված էին»,-Forrights.am-ին պատմում է Լեռնիկը։
Գերի ընկնելուց հետո նա ծեծի է ենթարկվել, հարվածներ է ստացել մարմնի գրեթե բոլոր մասիներին։ «Ծեծելով տարան Աղդամ։ Մինչ Աղդամ հասցնելը ծեծում էին, շատ են ծեծել ինձ։ Հագիս զինվորական հագուստ էր, դրա համար էին ծեծում»,-ասում է Լեռնիկը՝ նշելով, որ մտածել են, թե ինքը զինծառայող է։
«Խփում էին ու ասում էին՝ ձեր գեներալների, զինվորականների, զենքերի, տանկերի տեղերն ասա։ Մի աֆիցեր կար, հայերեն էր խոսում, ինքն էր հարցերը տալիս։ Ասում էի՝ ես չգիտեմ, բայց խփում էին։ Ձեռքով, ավտոմատով, ոտքով, գցել էին գետին, մի քանի հոգով խփում էին»,-Լեռնիկը ծեծի հետևանքով մի շարք մարմնական վնասվածքներ է ստացել գլխի և մարմնի այլ մասերում։ «Ավտոմատով խփում էին գլխիս ու ասում՝ ձերոնք արել են, մենք էլ պետք է անենք»,-գերության ընթացքում ինձ ոչ մի բուժօգնություն ցույց չտվեցին։
Լեռնիկն Աղդամում ութ օր է մնացել։ Գերության ընթացքում մտավախություն է ունեցել, որ իրեն կտեղափոխեն Բաքու և կդատեն, ինչպես մյուս գերեվարված անձանց։ «Մտածում էի՝ տանելու են Բաքու ու տանջեն, որ մեռնեմ։ Տեղափոխելուց վախեցնում էի, որ տանում են Բաքու, հետո տեսա, որ Շուշի են տանում»։
Լեռնիկն ասում է, որ գերության մեջ սնունդ և ջուր են տվել։ Սննդից հրաժարվել է՝ մտածելով, որ իրեն կթունավորեն, միայն ջուրն է խմել։ «Իրենց բերած ճաշերը չէի ուտում, ինչ գիտեի՝ ինչ կա մեջը»։
Ադրբեջանցիները գերության մեջ գտնվող արցախցիներին ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական ցավ են պատճառել։ «Ստիպում էին, որ Ստեփանակերտին ասեմ Խանքենդի, չէի ասում, ասում էի՝ Ստեփանակերտ է»։
Լռնիկի հարազատները կարծել են, որ նրան ադրբեջանցիները սպանել են, քանի որ օրեր շարունակ տեղեկություններ չեն ունեցել։ Լեռնիկին գերության մեջ նաև կողոպտել են, ասում է, որ մոտն այդ պահին վեց հարյուր հազար դրամ է եղել, ինչն Աղդամում ձեռքից վերցրել, ասել են՝ կվերադարձնեն, երբ Շուշի տատեն, սակայն, չեն տվել։ «80 հազար դոլար էլ տանը կար։ Ես անասուն էի պահում, աշխատավարձ էի ստանում, իմ անասուններն ունեի, վաճառում էի, գումարը հավաքում էի, ծախսելու տեղ չկար»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։