2023թ. սեպտեմբերի 19-ի առաջին պայթյունը լսելուց տիկին Էլեոնորան մտածեց՝ զորավարժություններ են, որովհետև վստահ էր, որ ՌԴ խաղաղապահները կկանխեին ռազմական լայնածավալ գործողությունները։ Այնինչ խաղաղապահները չխառնվեցին կամ չկարողացան քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հերթական ռազմական հարձակումը կանխելու համար։
«Պայթյունների և արկակոծությունների սաստկացումից հասկացանք, որ կրկին պատերազմ է սկսվել… ես տարակուսած էի՝ խաղաղապահների ներկայությամբ ինչպե՞ս թշնամին դիմեց նման քայլի։ Գյուղում աստիճանաբար խուճապ սկսվեց։ Բնակիչները հավաքվեցին որոշ չափով ապահով մի շինությունում՝ սպասելով իրադարձությունների զարգացմանը։ Տղաներս համար 1 կանչով իրենց մարտական դիրքերում էին։ Նրանցից տեղեկություն չունեի։ Ավագ որդիս մի կերպ կապվեց մեզ հետ, սակայն Սամվելիս հետ չկարողացանք կապ հաստատել։ Անորոշ, աներևակայելի մի իրավիճակ էր։ Գյուղում արդեն լսվում էին ավտոմատի կրակոցներ։ Բնակիչները խուճապի մատնվեցին։ Մարդիկ նույնիսկ իրենց անձնագրերը չէին վերցրել տնից։ Հետո գյուղապետը կարգադրեց, որ բոլորը պետք է դուրս գան և ուղևորվեն օդանավակայան։ Այդ խառը վիճակում ավագ որդիս՝ Գարիկը, ով փոխգնդապետ էր, հայտնեց, որ Սամվելը վիրավորվել է, սակայն որոշ ժամանակ անց տղաս ի վերջո համարձակվեց ասել, որ բժիշկներն անզոր գտնվեցին փրկելու որդուս կյանքը …», -հուզված ներկայացրեց 77-ամյա մայրը։
Սամվել Մինասյանը զոհվել է սեպտեմբերի 19-ին՝ երկու օր հետո նա պիտի դառնար 43 տարեկան։ Նրան հուղարկավորել են Խնապատի ազատամարտիկների պանթեոնում։ Սամվելի կինն ու երկու զավակները բնակվում էին Ստեփանակերտում։ Պատկառելի տարիքում որդուն կորցրած ծնողները գյուղից տեղափոխվել են զոհված տղայի տուն, որ նրա ընտանիքի հետ միասին դիմագրավեն պատուհասը։ Արցախահայությունը ստիպված էր բռնելու տեղահանության ճանապարհը։ Մնալու հնար չկար։ Սամվելի 15 տարեկան տղան հոր կորստի ցավը սրտում պատասխանատվություն ստանձնեց տարհանելու և փրկելու իր ընտանիքը։ Պատանին նստեց հոր ավտոմեքենայի ղեկին և մորը, քրոջը, տատին ու պապին տարհանեց Ստեփանակերտից։
«Մի կերպ տեղավորվել ենք ավտոմեքենայի մեջ և ձեռնունայն ու սրտի անասելի կսկիծով բռնել անորոշության ճամփան։ Դաժան օրեր էին։ Ճանապարհին տեղեկացանք, որ Հայկազովի վառելիքի պահեստը պայթել է։ Այդ աղետից այրվածքներ ստացած մարդկանց սկսեցին շտապօգնության մեքենաներով տեղափոխել և խցանված ճանապարհին պետք էր առաջնահերթ նրանց տեղ տալ։ Ահավոր վիճակ էր, ականատեսները չէին կարողանում զսպել հույզերը, մանկահասակ երեխաները վախից ու այդ ահասարսուռ տեսարաններից ու խառնաշփոթից լացում էին։ Մի կին էլ սովից ու սթրեսից ուշաթափվեց։ Մենք էլ մեր եղած ուտելիքից կիսվեցինք մարդկանց հետ։ Անասելի դժվարություններ հաղթահարելուց հետո միայն հատեցինք Հակարիի կամուրջը», — նշեց մեր զրուցակիցը։
Որդեկորույս ընտանիքը միանգամից ուղևորվեց Դիլիջան և մեկ ամիս հանգրվանեցին տեղի հյուրանոցներից մեկում։ Այժմ թոշակառու արցախցի ամուսիները ապրում են Չարենցավանում վարձակալած մեկ սենյականոց բնակարանում։ Զոհված որդու ընտանիքը Դիլիջանում մնաց, իսկ իրենք՝ ավագ որդու ընտանիքի հետ տեղափոխվեցին Չարենցավան։ Տիկին Էլեոնորան նշեց նաև, որ աղջիկն ամուսնացել էր Թալիշում և 2016թ. քառօրյա պատերազմի առաջին փախստականներից է։ Նրա ընտանիքը սկզբնական շրջանում բնակություն էր հաստատել Արցախի կառավարության կողմից առաջարկված Ալաշան համայնքում, այնուհետև տեղափոխվել են Չարենցավան, հետո Բջնի։
Այժմ միայնակ ապրող թոշակառուներին օգնում է ավագ որդին։ Դժվարություններ շատ ունեն, բայց առանձնացնում են բնակապահովման խնդիրը, ինչպես նաև զոհված որդու և մյուս հարազատների շիրիմներին այցելելու անհնարինությունը։ Թոշակառուների խոսքով՝ հիմա որպես տուրիստ էլ չեն կարողանում այցելել իրենց հայրենի ծննդավայրը, հարգանքի տուրք մատուցել հարազատների գերեզմաններին։
«Սակայն մեր արմատներն Արցախում են մնացել, չէ որ մեր ապուպապերն այնտեղ են ծնվել ու ապրել, նրանց բոլորի շիրիմներն ամփոփված են հայրենիքում։ Նրանք մնացել են կառչած իրենց հողին, իսկ մենք՝ իբրև արմատավորված ծառի ճյուղեր, կտրվեցինք թուրքերի կողմից՝ ցրվելով այս ու այն կողմ։ Այնուամենայնիվ հետվերադարձի մեր հույսը չի մարում, որովհետև Արցախը մեր պատմական հայրենիքն է և միշտ էլ եղել է ինքնիշխան ու ինքնավար՝ նույնիսկ Խորհրդային տարիներին։ Դա է ճշմարտությունը և Արցախում ապրելը մեր իրավունքն է։ Սեպտեմբերյան մեկօրյա պատերազմում արցախցի տղաներն իրենց կյանքերը չխնայեցին հենց մեր հողում ապրելու իրավունքի համար։ Անձնազոհ տղաների ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ հնարավորություն ընձեռվեց կազմակերպել բնակչության տարհանումը։ Այլապես ցեղասպանություն կլիներ», -հավելեց թոշակառու կինը։
Էլեոնորա և Գուրգեն Մինասյանները ծննդով Ասկերանի շրջանից են։ 1978թ. նրանք ամուսնացել և տնևորվել են նույն շրջանի Խնապատ գյուղում։ Զբաղվել են գյուղատնտեսական աշխատանքներով, դաստիարակել ու մեծացրել իրենց 3 զավակներրին։ Մինչև 2023թ. սեպտեմբերյան մեկօրյա պատերազմը 87 և 77-ամյա ամուսիները բնակվում էին Խնապատում՝ չպատկերացնելով անգամ, որ մի օր իրենց կվիճակվի լքել հայրենի բնօրրանը ու պատկառելի տարիքում զրկվել տունուտեղից, տարիների իրենց վաստակից՝ դեգերելով անորոշ կարգավիճակում։
Զառա Մայիլյան