63-ամյա Գյուլչորա Դավթյանը ասում է՝ մինչ օրս չի հավատում, որ իր ու մյուս արցախցիների հետ եղել է այն, ինչ եղել է։ «Ամեն մի տուն մարդկային կորուստ ունի։ Արցախցի ընտանիք չկա, որ զոհ չունենա, վիրավոր չունենա, բոլորս մի օրի ենք, բայց էլի դիմանում ենք։ Մարդկային կորստի հետ չենք կարողանում հաշտվել, ինձ համար շատ դժվար է։ Երբ մտնում ես Եռաբլուր, ուղղակի խեղդվում ես, խելագարվում ես։ Գոնե մեր փեսային բերել են, հասցրել են, շատերը իրենց զոհին Արցախում են հուղարկավորել, երկու օրից պարզվել է, որ պետք է հեռանան»,- ասում է նա։

Տիկին Գյուլչորան Մարտունի Գիշի գյուղից է, ունի ինը թոռ, որոնցից վեցն այժմ ապրում են էջմիածնում, երեքը՝ ՌԴ-ում։ Անցած տարվա սեպտեմբերի 19-ին զոհվել է նրա դստեր ամուսինը՝ Գագիկ Հակոբյանը, թողնելով երեք անչափահաս որդիներին։

«Դե մենք Գիշի գյուղից էինք, Գագիկը Սոս գյուղից էր։ Ամուսնացան, երեք որդի ունեցան… երջանիկ ընտանիք էին։ Նա ծառայում էր, զինվորական էր, շատ հարգված մարդ էր։ Արցախյան առաջին պատերազմին նրա հայրն էր զոհվել, վերջին պատերազմին ինքը զոհվեց… Ասում են՝ դիպուկահարն է կրակել ու նա տեղում մահացել է»։

Արցախցի կնոջ խոսքով, գյուղում ինքը ապրում էր ամուսնու, սկեսրոջ ու սկեսրայրի հետ.«Գյուղից դուրս ենք եկել սեպտեմբերի 26ին։ Տղաս Ասկերանում էր ծառայում, աղջիկս Ստեփանակերտում էր։ Անասուններ էինք պահում, հող ունեինք։ Բլոկադային մեզ համար հեշտ էր, ամեն ինչից մի քիչ ունեինք, երեխաներին ուղարկում էինք։ Հավ էինք ուղարկում, ձու էինք ուղարկում… Եղածը ահավոր է, երանի չգար այդ օրը…բենզալցակայանի պայթյունից հետո ենք դուրս եկել գյուղից։ Մեր գյուղում շատ չէին կրակում, մեզ մոտ ապահով էր, մինչեւ հասանք Ստեփանակերտ, արդեն կռիվը վերջացած էր… Երբ իմացանք, որ մեր փեսան է զոհվել, բոլորս շոկի մեջ էինք, ինչ որ բաներ տնից վերցրեցինք, բայց նորմալ չենք հավաքել իրերը, մեր ուշքն ու միտքը դա էր։ Սառնարանից մի քիչ հաց եմ վերցրել, ճանապարհին ով սոված էր, տվել եմ»։

Կինը պատմում է, որ տունը լքելիս չի ցանկացել որեւէ բան վնասել, հակառակը՝ ամեն ինչ մաքրել է ու հավաքել. «Սառնարանս մաքրեցի, դուռը թողեցի բաց, դուրս եկա, ինչ-որ մի հույսով, որ հետ կգամ։ Ես չէի պատկերացնում, որ կարող է հետ չգանք։ Միայն տանը եղած զինվորական հագուստն ենք վառել, որովհետեւ ասացին, որ վտանգավոր է, եթե գտնեն։ Մեր հավերը, հնդուհավերը, խոզերը, ամենը թողել ենք բակում։ Ոչ մի բանի մասին չենք մտածել… Աղջկաս հանդիպեցի Երեւանում՝ փեսայիս հոգեհանգստի օրը, հաջորդ օրը թաղումն եղավ։ ԻՆչ անենք, Աստված այդպես որոշեց։ Պետք է գոյատեւենք, մի կերպ ապրենք»։

Տիկին Գյուլչորան այժմ վարձով ապրում է Էջմիածնում, ասում է՝ միայն թոռների հետ շփվելն է իր կյանքը լցնում.«Փեսաս շատ լավ մարդ էր։ Ես 2020-ին գյուղում եմ եղել, բոլորը դուրս են եկել, ես դուրս չեմ եկել, որդիս ու փեսաս դիրքերում էին, ես էլ տանից չէի հեռանում, մտածում էի՝ հենց հեռանամ, մեկն ու մեկի դիակը կբերեն, վախենում էի, վախը իմ մեջ կար…Ու վերջը այսպես եղավ…  Ինչ լինում է՝ լինի, միայն թե կռիվ չլինի, իմ սրտում եղածը դա է, որ երեխաները այլեւս կռիվ չգնանինի։ Թող սոված լինենք, ծարավ լինենք, բայց կռիվ չլինի։ Հիմա միակ բանը, որ ուզում եմ, դա է»։

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest