Երեկ Սեւան քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր 3 ցմահ դատապարտյալների՝ Արամ Առաքելյանի, Միքայել Մարտիրոսյանի եւ Իգոր Օհանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որում ներկահացված կավե սպասքն ու դեկորատիվ իրերը նվիրաբերվեցին «Հայ ասոցիայիա» բարեգործական հիմնադրամի «Հայ մանուկը» ծրագրին։
«Հայ Մանուկը» ֆինանսավորում է անպտուղ հայ ընտանիքներին, որոնք համապատասխան բժշկական եզրակացության հիման վրա հնարավորություն չունեն այլ ճանապարհով քան ԱՄԲ֊ի միջոցով երեխա ունենալ։
Սա Արամ Առաքելյանի նմանատիպ առաջին նախաձեռնությունը չէ։ Անցած տարի նա պատրաստել եւ հիմնադրամին էր փոխանցել երկու ձեռագործ արձանիկ, որի վաճառքից ստացված գումարն ուղղվել էր տարիներ շարունակ երեխա չունեցող մի ընտանիքի։ Դրա շնորհիվ բոլորովին վերջերս ընտանիքում փոքրիկ է ծնվել։
«Հայ ասոցիայիայի» համահիմնադիր Տիգրան Հակոբյանի խոսքով, բոլորիս մեղքը պետք է Աստված ների.«Մենք կատարում ենք Աստվածահաճո գործ եւ այդ ամենի հիմքը Աստծո կամքն է… ես հիշեցի Արամի մի խոսքը, որը շատ ազդել էր բոլորիս վրա։ Ասել էր՝ ես կյանք եմ վերցրել, բայց կյանք չեմ տվել եւ ուզում եմ, որ հիմա կյանք ծնվի։ Ես ասեմ, որ մեկ կյանք ծնվել է, կարծում եմ, որ այս ամենի արդյունքում էլի երեխաներ կծնվեն»։
Ցմահ դատապարտյալ Միքայել Մարտիրոսյանի շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ իրենց հրավերին արձագանքելու համար եւ նշեց՝ ուրախ է, որ հանդիպումը լավ առիթով է. «Մենք ուրախ ենք, որ մեր ձեռքի աշխատանքով կարողանում ենք օգտակար բաներ սարքենք եւ ուրախ ենք, որ հիմնադրամն ընդունում է մեր նվերները, ու արդեն նրանք կորոշեն, թե ինչպես դրանց տնօրինել»։
Շնորհակալություն հայտնելով ՔԿՀ-ի այն ներկայացուցիչներին, ովքեր պայմաններ են ստեղծել կավով աշխատելու եւ որակյալ իրեր պատրաստելու հնարավորություն ստեղծելու համար, Մարտիրոսյանը իր շնորհակալական խոսքն ուղղեց նաեւ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար Ժաննա Ալեքսանյանին, նշելով, որ նա ամենօրյա ռեժիմով զբաղվում է ցմահ դատապարտյալների խնդիրներով.«Կազմակերպությունը մեզ հետ է, մեր կողքին է, նախաձեռնություններով է հանդես գալիս։ Այդ ամենը մեզ համար շատ կարեւոր է»։
Ժաննա Ալեքսանյանը արձագանքեց հնչող խոսքերին. «Ես շատ կուզենայի, որ նրանք շուտափույթ ազատվեին եւ մեր օրենսդրությունը այնպես կարգավորվեր, որ դա հնարավոր լիներ։ Ես շատ լավ ճանաչում եմ բոլորին, կապի մեջ եմ միշտ ցմահ դատապարտյալների հետ։ Իրոք բարձր մարդկային հատկանիշներով օժտված, պատրաստակամ, բարի, մեղքը գիտակցած… կներեք, որ դրա մասին պետք է ասեմ…դա շատ կարեւոր է, որ այդ բեկումնային պահը նրանց կյանքում տեղի է ունեցել…Շատ կուզեմ, որ ձեզ գնահատեն որպես մարդկանց եւ առհասարակ Սեւան ՔԿՀ-ում շատ ընդգծված է այդ մարդկային վերաբերմունքը»։
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր գնահատում են եւ ներդրում են ունեցել այս միջոցառման մեջ.«Սա դժվար տեղ է, փակ համակարգ է եւ մենք՝ դրսում գտնվողներս միշտ ավելի մտահոգված ենք լինում, բայց երբ գալիս նք ներս, համոզվում ենք, որ ամեն ինչ կարգին է՝ մեզ լավ ենք զգում»։
Անի Գևորգյան
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։