Արցախում բնակվող 57-ամյա Մարիետա Սարգսյանին ադրբեջանցիները գերեվարել են 2023 թվականին սեպտեմբերի 19-ի պատերազմական գործողություններից հետո։ Կինը գերության մեջ է հայտնվել, երբ սկսել է փնտրել գործընկերոջը։
Մարիետա Սարգսյանը Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մոտակայքում գտնվող անասնաֆերմայում է աշխատել և բնակվել, կթվորուհի է եղել։ Իր հետ միասին նույն տարածքում բնակվել է նաև անասնապահը՝ Լեռնիկը։ Նրանք սեպտեմբերի 19-ի ամբողջ գիշերը կրակոցների և պայթյունի ձայներ են լսել։
«Այդպես լուսացրեցինք, կովերին դուրս թողեցինք, բայց գնալով ուժեղանում էր կրակոցները, Լեռնիկը գնաց կովերին, հավաքի բերի»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է նա՝ նշելով, որ Լեռնիկի գնալուց հետո միայնակ է մնացել։
«Ես էլ որ կողմ նայում եմ, թաքնվելու տեղ չկա, ուզում եմ զանգահարեմ, կապ չկա։ Մեր զորքն էր անցնում, ասացին, որ մեր ուղղությամբ կարող է թշնամին կրակի, առաջարկեցին, որ տեղ գտնեմ, մտնեմ։ Ամեն կողմից կրակոցներ կար։ Սնարյադ էր ընկնում ճանապարհի վրա։ Արդեն սեպտեմբերի 21-ն էր, Լեռնիկը գնում է կովերի հետևից ու հետ չի գալիս, ամբողջ գիշեր սպասում եմ, չկա։ Ձայն եմ տալիս, արձագանք չկա, ոչ ինքը կա, ոչ իր ձին»,-պատմեց տիկին Մարիետան։
Առավոտյան արդեն Մարիետա Սարգսյանը որոշում է մոտակա տարածքում փնտրել Լեռնիկին։ Ֆերմայից մի քանի կիլոմետր հեռանում է, հեռվում խմբված մարդիկ է տեսնում, մոտենում է նրանց։ «Նրանք թուրքեր էին, ինձ այդպես ասացին, ասացին, որ ադրբեջանցիներ չեն։ Ես վախեցել էի, սկսեցի լացել, քարափ կար, ուզում էի ինձ այնտեցից գցել, չկարողացա։ Մտածում էի, որ ինձ Բաքու են տանելու»,-տիկին Մարիետային գերեվարելուց հետո մի քանի ժամ պահել են այդ վայրում, որն իր տնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է։
«Ինձ ջուր ու ուտելիք էին տալիս ու նկարահանում։ Ես չէի վերցնում։ Իրենք շատ էին, 20-30 հոգի էին։ Հեռախոսս էին ստուգում, պայուսակս էին ստուգում։ Ավտոմատները ձեռքերը կանգնած էին, ձեռք էին առնում ինձ։ Հետո ինձ տարան Աղդամ, ես Լեռնիկից էի հարցնում, ինձ ասացին՝ իր գլխի գալիքը չգիտի, Լեռնիկին է ման գալիս»։
Տիկին Մարիետան Լեռնիկին հանդիպել է Աղդամում։ «Տեսա Լեռնիկը պառկած է, ծեծված, ջարդված, ոչ կարողանում է խոսա, ոչ կարողանում է շարժվի։ Լեռնիկին ճանապարհին են բռնել, ձին ձեռքից վերցրել են, իրեն գերեվարել են, անասուններին էլ գողացել են։ Լեռնիկին ասաց, որ 50 հոգով իրեն ծեծել են, ահավոր էր իր վիճակը։ Ադրբեջանցիները հայ տղաների հետ դաժան էին վարվում, ասում էին՝ ոնց էլ չլինի մեր տղաներին սպանած կլինեք»։
Ադրբեջանցիները գերեվարված արցախցիներին առանձին վրաներում են պահել։ Տիկին Մարիետան հիշում է, թե ինչպես էին գերեվարված վիրավորներն անօգնական վիճակում։ «Մի կին կար, որ ինֆակտ էր խփել, խռխռացնում էր, օգնություն ցույց չէին տալիս, գնացի խնդրեցի, լացեցի, որ բժիշկ գա։ Եկան, տարան բուժկետ, մի քանի օր բուժեցին, բերեցին։ Հետո կանայք կային, որ գալիս ծաղրում էին ու նկարում էին, ես ինձ շատ վատ էի զգում։ Ես շատ էի վախենում Լեռնիկի համար, մտածում էի, որ կտանեին, կսպանեն։ Ես գիշերները չէի քնում։ Մի տղա էլ կար, որ ցավերի մեջ էր, էլի ասում էի, որ օգնություն ցույց տան։ Ինձ ասում էին, որ ես աֆերիստ եմ, բոլորի մասին մտածում եմ»։
Տիկին Մարետան նկատել է, թե ինչպես են իր գործընկերոջը գիշերները ծեծի ենթարկել, երբ նա հրաժարվել է Արցախի բնակավայրերին ադրբեջանական անուններով կոչել։ «Գիշերները ծեծում էին, քնից հանում էին, ասում էին՝ կրկինի, որ Շուշին, Ստեփանակերտն ադրբեջանական են։ Լեռնիկը չի կրկնում, խփում են, դըմփունը գալիս է։ Ես թաքուն գնացի, ասացի՝ ինչ ասում են կրկնի, թող չծեծեն քեզ, մինչև հասկանանք, թե ինչ է կատարվում մեզ հետ։ Լեռնիկին ամեն գիշեր ճնշում էին, որ նույն բանը կրկնի»։
Աղդամում վեց օր պահելուց հետո գերիներին տարել են Շուշի, որ փոխանցեն Արցախի փրկարարներին։ Տիկին Մարիետան պատմում է, որ նա այնտեղ ավելի դաժան դեպքի է ականատես եղել։ «Մի տղա կար, որի ձեռքերը կապած են եղել, խոսեցինք ասաց, որ անտառում են բռնել, ձեռքերի վրա են կրակել։ Հիվանդ տղա էր, իրեն էլ էին ծեծել»,-ասաց նա։
Մարիետա Սարգսյանն այժմ բնակություն է հաստատել Վանաձորում։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։