44-օրյա պատերազմից հետո կիսաշրջափակված վիճակում հայտնված Մարտունու շրջանի Թաղավարդ-Կալեր գյուղի բնակչուհի Արեգա Առաքելյանը բազմաթիվ փորձություններով է անցել։ Իսկ ամենածանրն եղել է Ստեփանակերտում բենզալցակայանում պայթյունի ժամանակ ամուսնու՝ Պարգեւ Առաքելյանի ստացած լուրջ վնասվածքները։
«Ամեն առավոտ հենց աչքերս բացում էի, ասում էի՝ Տեր Աստված, Փառքդ շատ, այսօր էլ ողջ մնացինք »
«Մեր գյուղը Թաղավարտի շարունակությունն է։ 44-օրյայից հետո Թաղավարդը մնացել էր ադրբեջանցիներին, Թաղավաւդ- Կալերը՝ մեզ, բայց շրջապատված էր թուրքերի պոստերով։ Ես տանը նստած էի, մեկ էլ վրաս դիպուկահարի լազերի լույս են գցել։ Նույնը եղել է դպրոցական աղջկաս հետ, երբ դպրոցից տուն գալիս է եղել, ճանապարհին նրա վրա լազեր են գցել, մի անգամ էլ կրակել են եւ ես այդ փամփուշտը վերցրել, տարել եմ ոստիկանություն, որ մեր անվտանգության հարցը ավելի լավ լուծեն։ Ես գյուղի հիմնական դպրոցում եմ աշխատել, որպես դասվար»,- պատմում է 58-ամյա կինը։
Ամուսինը վարորդ էր, Ստեփանակերտում էր աշխատում՝ շինարարությունում, մեծ կամազներից էր վարում.«Ցերեկները այնտեղ էր, գիշերները երբ տուն էր գալիս, գյուղի տղամարդկանց ավտոմատներ էին բաժանում, ամբողջ գիշեր շրջում էին, հսկում էին գյուղերը, որ թուրքերը հանկարծ չմտնեն… Վախենում էինք, գիշերը կատուն տանիքով քայլում էր, աղջիկս ասում էր՝ մամա ջան, վախենում եմ։ Թեկուզ ես իրանից շատ էի վախենում, իրան ասում էի՝ մի վախեցիր։ Ամեն առավոտ հենց աչքերս բացում էի, ասում էի՝ Տեր Աստված, Փառքդ շատ, այսօր էլ ողջ մնացինք։ Չէինք հեռանում, որովհետեւ գնալու տեղ չունեինք…»։
«Ամեն կողմ սկսեց պայթել»
Հիշելով անցած տարվա սեպտեմբերի դեպքերը, Արեգա Առաքելյանը պատմում է.«Վերջին պատերազմի օրը ես դպրոցում էի, աղջիկս Կարմիր Շուկայում, զանգեց, ասաց՝ մամա, կրակում են։ Ես դուրս եկա միջանցք, մեր դպրոցը հսկող ոստիկաններից հարցրի, թե ինչ վիճակ է, նրանք էլ բան չգիտեին։ Հենց այդ պահին մեկ էլ մեր կողմի պոստերից սկսեցին կրակել, սնարյադներ խփել։ Ամեն կողմ սկսեց պայթել։ Դասարանի աշակերները վախեցան, տնօրենն ասաց՝ երեխաների ծնողներին կանչեք, թող շտապ գան երեխաների ետեւից…բոլորին ճանապարհեցինք։ Մեր տունը դպրոցի կողքն էր, բայց նույնիսկ այդտեղ դժվարությամբ հասա։ Ամուսինս այգում էր, աղջիկս դեռ Կարմիր Շուկայում, չգիտեինք, թե ինչ է, ոնց է, ինչպես նրան հասնենք։ Իսկ մինչ այդ եթե նախկինում գյուղի տղամարդկանց զենքեր էին բաժանել, այդ ժամանակ արդեն բոլորից հետ էին հավաքել»։
Ավելի ուշ Արեգայի դուստրը՝ Ալլան անծանոթ համարից զանգել է, ասել է, որ ընկերուհու հետ է, մտել են բարեկամի տան նկուղը, ապա գյուղապետի օգնությամբ հասել է ծնողներին։
« Ամբողջ ծաղկանոցիս ծաղիկները կքաղես, մի հատ ծաղիկ էլ չթողնես, ամբողջը կտանես Սամվելիկի գերեզմանին»
«Մի ՈՒԱԶ գյուղի վերեւից մարդկանց հավաքելով գալիս էր։ Նրանց հետ գնացինք Կարմիր շուկայի դպրոցի նկուղը։ Տղամարդիկ գնացին դիրքեր։ Առավոտյան որոշ տղամարդիկ սկսեցին վերադառնալ իրենց ընտանիքների մոտ, գյուղապետն ասաց՝ պետք է տարհանվենք, արդեն մտել են Սարուշեն… Մեծ դժվարությամբ, տղամարդկանց անընդհատ թողնելով, պայթյունների միջով հասել ենք Կոլխոզաշեն։ Այնտեղ գյաղապետը դպրոցն ու իրենց տունը տրամադրել էր տեղահանվածներին։ Շատ մարդ կար՝ Սոսիից, Մաճկալաշենից։ Նրա կինը հաց էր թխում, մարդկանց էր բաժանում։ Մենք էլ միացանք նրան, սկսեցինք հաց թխել։ Ամուսինս մի հոգու վերցրեց, վերադարձավ գյուղ այնտեղ թողնված ալյուրն ու մի քանի հավ բերելու։ Բացի դա մեր գյուղի տղան՝ Սամվելիկը մահացել էր, նրան պետք է հուղարկավորեին։ Ես էլ մի շատ մեծ ծաղկանոց ունեի, ամուսնուս ճանապարհելիս ասացի՝ ամբողջ ծաղկանոցիս ծաղիկները կքաղես, մի հատ ծաղիկ էլ չթողնես, ամբողջը կտանես Սամվելիկի գերեզմանին…Նրա բերածով հաց սարքեցինք, մարդկանց բաժանեցինք… հիմա մտածում եմ, գուցե այդ բաժանածն էր, որ մատաղի պես եղավ ու օրեր հետո եղած պայթյունից ամուսինս ողջ մնաց, ճիշտ է ծանր վիրավորում ստացած»։
«Հողը, արմատուրան, մարդիկ՝ ամբողջը ծխի հետ օդ են բարձրանում ու ընկնում են գետնի տակ»
Երբ Առաքելյանները ի վերջո հասել են Ստեփանակերտ, գնացել են տուն, որտեղ որդին ու հարսն են վարձով ապրելիս եղել, այնտեղից էլ Պարգեւը դուրս է եկել՝ մեքենայի համար վառելիք գտնելու։
«Ես էլի սկսեցի հաց թխել ճանապարհի համար ու սպասել ամուսնուս… մեկ էլ մի պայթյունի ձայն…ամուսինս հետո պատմում է՝ անմիջապես չաների վրա էր, մեկ էլ փսսոց լսեցի ու տեսնեմ հողը, արմատուրան, մարդիկ՝ ամբողջը ծխի հետ օդ են բարձրանում ու ընկնում են գետնի տակ։ Երկու անգամ գլխիս վրայով կրակ է անցնում։ Գիտակցությունը տեղն է եղել, սկսել է արմատուրաներից բռնվել, ձեռքերը այրելով վերեւ բարձրանալ, երկինքը սկսել է երեւալ, բայց այդ պահին մեկը ոտքից բռնել է, փորձել է ինքն էլ բարձրանալ, այդ պահին արմատուրան պոկվել է, նորից ընկել են կրակի մեջ։ Շոշափելով նորից սկսել է բարձրանալ ու կարողացել է հասնել ողջ մնացած մարդկանց, ովքեր նրան հիվանդանոց են տեղափոխել… Ինձ ընկերուհիս զանգեց, ասաց՝ բան եմ ասում՝ չվախենաս, բենզինը պայթել է, ամուսինդ էլ ձեռքերը վառել … Ոտքով գնացի հիվանդանոց, գնում- գնում չէի հասնում։ Մարդիկ թափված, լցված, ամուսնուս չեմ գտնում։ Աղջիկս բուժքույր էր, նրան գտա, ասացի՝ հորդ չե՞ս տեսել։ Մեկ էլ ձեռքով ցույց է տալիս մի մարդու… դեմքը ուռած, ամբողջը վառված… նայեց ինձ, ասաց՝ չլացես»,- պատմում է կինը։
Այդ գիշեր նա մնացել է հիվանդանոցում, իսկ հաջորդ օրը երրորդ ուղղաթիռով Պարգեւը տեղափոխվել է Երեւան. «Այդ գիշեր թե քանի տեսակ այրվածք տեսա, չեմ կարող ասել։ Այդ մարդկանց դեմքերը աչքիցս չէին գնում։ Րոպեն մեկ մահ, մահ, մահ, քանի քանիսը մահացան Ստեփանակերտում, շատերն էլ արդեն Երեւանում…երբ ամուսնուս ուղղաթիռով պետք է տեղափոխեին Երեւան, արդեն դեմքն այնպես էր ուռել, որ աչքերը փակվել էին, ամուսինս ինձ ասաց՝ սա վերջին պատիժս է, որ աչքերս փակ եմ Արցախից հեռանում, առանց վերջին անգամ Արցախս տեսնելու»։
Պարգեւին ուղղաթիռով ճամփա դնելուց հետո Առաքելյանները մեքենայով ուղեւորվել են դեպի Հայաստան։ «Դա էլ պատմելու բան չէ, ահավոր վիճակ էր, հարսս էլ նոր էր ծննդաբերել, երեխան քառասունքի մեջ էր, անընդհատ լացում էր, իմ սիրտն էլ վատացել էր… մի խոսքով եկանք, հասանք»,- պատմում է նա ու նշում, որ անգամ այդքան բաների միջով անցնելուց հետո ինքը փառք է տալիս Աստծուն, որ ընտանիքը գոնե մարդկային կորուստներ չունեցավ։
«Հիմա Էջմիածնում ենք, վարձով ենք ապրում, անբարեկարգ տուն է, ամուսինս բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ է տարել, եւս մեկը պետք է շուտով լինի… չգիտեմ, թե մեր հետ ինչ է լինելու, բայց եթե այսքան բանի դիմացել ենք, մնացած բաներն էլ երեւի կհաղթահարենք»,- ասում է նա։
Անի Գևորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։