Արցախից կրկնակի տեղահանված բազմազավակ երեխաների մայր Անուշ Ասրյանը Հադրութի շրջանի Մոխրենես գյուղից է։ Մանկությունն անցել է Մոխրենեսում, ամուսնացել է հարևանի տղայի հետ և ունեցել 5 երեխա։ Ամուսիններով ներդաշնակ ապրում էին՝ զբաղվելով այգեգործությամբ, անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։ Նրանց ընտանիքի երջանիկ անդորրը խաթարվեց 2020թ. 44-օրյա պատերազմով, կորցրեցին իրենց որդուն՝ Արթուրին։
«Չենք պատկերացրել, որ կարող է օրերից մի օր արթնանաք և պատերազմ սկսվի։ 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, երբ թշնամու անօդաչուն իջավ և լուսարձակելով պտտվեց մեր տան վրայով՝ ահավոր վախեցա։ Մտածում էի, որ թուրքերն էսա կգան և մեզ՝ մեր տանը կմորթեն։ Սակայն մինչև վերջին պահը չէի ուզում դուրս գալ գյուղից, քանի որ ամուսնիս ու տղաս մարտադաշտում էին։ Հետո ստիպված էի, փոքր երեխաներիս հետ զոռով դուրս եկանք, որովհետև թուրքերն արդեն Հադրութում էին։ Հոկտեմբերի 13-ին սիրտս կծկված էր, մայրական կանխազգացում էր երևի, լավ չէի զգում. միանգամից վիճակս սրվեց և սրտի կաթվածով ինձ տեղափոխեցին երևանյան հիվանդանոցներից մեկը։ Մի քանի օր անգիտակից՝ կոմայի մեջ էի, հետո միայն իմացա, որ տղաս այլևս չկա…նա զոհվել էր հենց հոկտեմբերի 13-ին։ Հիվանդանոցից դուրս գրվելուց էլ փեսայիս զոհվելու լուրն առա», -լացակումած պատմեց Անուշը։
ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի սպա 22-ամյա Արթուր Ասրյանը հետմահու պարգևատրվել է «Արաքսի պահապան» կրծքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով։ Սիրված և հարգված սահմանապահն ակտիվ մասնակցել է Ջրականի պաշտպանական մարտերին։
Որդու զոհվելուց և տուն ու տեղ կորցնելուց հետո նրանց առաջնահերթության կարգով Ստեփանակերտում երեք սենյականոց բնակարան են տվել։ Սակայն կրկնակի տեղահանությունից հետո նա առողջական լուրջ խնդիրների բախվեց։ Զրուցակիցս նշեց, որ տուն ու տեղ, ապրելակերպ էլի մի ձև ստեղծվում է, բայց հարազատի կորուստն անդառնալի է։ Նրա ամուսինը՝ Էռնեստ Ասրյանը մասնակցել է Արցախյան բոլոր պատերազմներին և կնոջ խոսքով՝ զենքը ձեռքին կռվել է մինչև վերջ՝ ընդհուպ 2023թ. սեպտեմբերի 19-20-ը։ Նա ծառայում էր Սահմանապահ զորքերում։ Հադրութում երկու անգամ դուրս էր եկել շրջափակումից։ Ամուսնու վերջին մարտը Կրկժանում էր։ Կինը լացելով խնդրել էր պատերազմի հաշմանդամ ամուսնուն չմասնակցել պաշտպանական վերջին մարտերին, սակայն տղամարդն անդրդվելի էր՝ նա վրեժ ուներ…
«Մինչև հիմա ամուսինս սպասում է Արցախ վերադարձին։ Ամեն անգամ տղայիս լուսանկարներով ալբոմը թերթելուց դեմքը շրջում է, որ չնկատենք նրա թաց աչքերը։ Արթուրս սովորել էր Տողի արվեստի դպրոցի նկարչական բաժնում։ Փարաջանովի դիմանկարի կոլաժն էր արել, ինչը բավականին մեծ գնահատանքի էր արժանացել։ Նա կարող էր շարունակել նկարչի իր գործունեությունը, սակայն հայենիքի պաշտպանությունն ամեն ինչից վեր դասեց և ծառայության անցավ ՊԲ շարքերում։ Ուներ երազանքներ, ընկերուհի, ում հետ պիտի ամուսնանար։ Նույնիսկ զոհվելուց առաջ մի երգ էր գրել։ Այժմ ամեն օր տղայիս մասին եմ մտածում՝ նրա արած-չարածի, նրա անկատար երազանքների ու ընդհատված կյանքի ու, որ վերջին անգամ նույնիսկ չկարողացա հրաժեշտ տալ նրան»,-լացակումած ասաց որդեկորույս մայրը։
2023թ. սեպտեմբերի 26-ին Անուշի ընտանիքն ամեն ինչ թողնելով կրկին տեղահանվեց՝ այս անգամ արդեն Ստեփանակերտից։ Կինը մտածել է միայն երեխաներին ողջ առողջ տարհանելու մասին և տնից ոչինչ չի վերցրել։ Երկօրյա տառապալից ճանապարհը նրանք սոված-ծարավ մի կերպ անցել են։ Միայն Տեղ գյուղ հասնելուց հետո են կարողացել սնունդ գնել ու շարունակել ճանապարհը մինչև Մասիս ու հետո Չարենցավան։
Այժմ 5 հոգով նրանք ապրում են Չարենցավանում վարձակալած երկու սենյականոց բնակարանում։ Աղջիկը՝ 27-ամյա Ալվինան, որի ամուսինը զոհվել է, 2 անչափահաս տղաների հետ ապրում է հարևանությամբ։ Նա շնորհակալ է Չարենցավանի քաղաքապետին՝ իրենց աջակցելու պատրաստակամության համար։ Առողջական խնդիրների պատճառով Անուշն էլ ունակ չէ աշխատելու։ Նոր էլ է վիրահատվել։ 45-ամյա որդեկորույս մայրը տառապում է նեվրոզով, հիպերտենզիայով, սրտի հիվանդություններով, շաքարային դիաբետով, ներքին օրգանների բարդություններով, գլխացավերով։ Անհրաժեշտ թանկարժեք դեղորայքը պետպատվերով չկա։
«Այժմ շատ դժվար է մեզ համար, անտուն, ամեն ինչ կորցրած։ Արդեն չեմ կարող դիմանալ, ամեն ինչ ի չիք դարձավ։ Ես երկրորդ խմբի հաշմանդամ եմ, ամուսինս՝ երրորդ։ Բայց ամենաշատը մտածում եմ երեխայիս գերեզմանի մասին։ Որդուս մարմինն ամփոփված է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում, փեսայիսը՝ Եռաբլուրում։ Այդքան կորստից հետո այսօր ես զրկված եմ որդուս շիրմին մի ծաղիկ խոնարհելու հնարավորությունից։ Նամակներ եմ հղել Վարչապետին, ՀՀ պաշտպանության նախարարությանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, պատկան մարմիններին, որ գոնե Արցախում հուղարկավորված նահատակների լուսանկարները տեղադրեն Եռաբլուրում ու թեկուզ նկարների տակ խունկ ծխենք, ծաղիկ դնենք մեր տղաների հիշատակին։ Հույսով սպասում եմ…»,-ասաց վշտաբեկ մայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Զառա Մայիլյան