88-ամյա Նունիկ Մարդիյանն ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո երեք անգամ կաթված է ստացել։ «Վախից է եղել, տան դուռը բացել է 10 ադրբեջանցի զենքով դիմացն են դուրս եկել։ Գերությունից հենց եկավ, ինսուլտ խփեց, եթե վախեցած չլիներ, չէր խփի»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է տարեց կնոջ դուստը։
«Որ եկել եմ Երևան երեք անգամ ինսուլտ ա խփել ինձ»,-ասում է Նունիկ Մարդիյանը։
Նունիկ Մարդիյանը սեպտեմբերին Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում է եղել։ Forrights.am-ի հետ զրույում պատմեց, որ գյուղում տուն ունի, ամռան ամիսներին գնացել է Խաչմաչ տան բակի հողատարածքը մշակել։ Սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական կողմը հարձակվել է Արցախի խաղաղ բանակչության վրա նա տանը միայնակ է եղել, մտածել է հայկական դիրքերից են կրակում, որ թշնամին առաջ չգա։ «Իմացել եմ, թե մերոնք են կրակում։ Թխում ու թխում էին (կրակում էին), ասել եմ, թե մեր էրեխեքն են, պառկել եմ, քնել»-Forrights.am-ի հետ զրույցում հիշում է 88-ամյա կինը։
Նա նաև սարսափելի տեսարանների է ականատես եղել։ «Տեսա, որ տղամարդ գերիներից մեկի ձեռքերը կապած են, հարցրեցի ինչ է պատահել, ասաց՝ ադրբեջանցիները ձեռքերս պարզեցին ու կրակեցին մատներիս վրա։ Ես չեմ տեսել դա, բայց իրենք ասում էին, որ իրենց հետ նման բան են արել։ Սզնեէ գյուում է եղել»։
Սեպտեմբերի 20-ի առավոտյան արդեն պարզել է, որ գյուղում մարդ չկա, միայնակ է մնացել։ «Ոչ մի մարդ, ոչ մի կենդանի չկար»,-տան բակում հանձիպել է զինված ադրբեջանցիներին։
«Դարպասների մոտ զինված թորքն էր, ավտոմատներն ուսերից գցած։ Գիտեմ, թե մեր գյուղացիներն են, հարցնում եմ՝ Գևորգ ի՞նչ է եղել, ինչ ես անում, տեսնեմ թշնամին է։ Ինձ վերցրեցին, բերեցին մեր տնից մի քիչ վերև, ասացին՝ նստի։ Իրենք մտան տները, ամեն ինչ վերցրեցին, հավերը մորթեցին։ Մեկ օր մնացինք մեր գյուղում, հետո ինձ տարան Ֆիզուլի (Վարանդա)»,-ասում է նա ու նշում, որ իրեն օգնել է ադրբեջաներենի իմացությունը, կարողացել է խոսքով համոզել, որ իրեն չվնասեն։
«Մինը ձեռք էր տալիս օղերիս ու ասում՝ բաբո, սրանք ինձ տուր, ասացի՝ չէ, սա իմ ամուսնու հիշատակն է, նա մահացած է։ Ասում էին՝ ոսկիներդ, փողերը տուր մեզ, ասացի՝ ինձ փող որտեղից»։
Նունիկ Մարդիյանը հիշում է, որ իրենից բացի ևս չորս հայ գերի կար՝ երկու կին և երկու տղամարդ։ Ադրբեջանցիները հետաքրքրվել են՝ արդյո՞ք կանանց տղաները կամ իր դեպքում նաև թոռները զինծառայողներ եղել են, թե՝ ոչ, որ վրեժ լուծեն։ Իսկ երբ Նունիկ Մարդյանն առաջարկել է, որ իրեն տանեն Ստեփանակերտի իր տունը, պահանջել են, որ հայկական քաղաքին ադրբեջանական անվանում տա։ «Ասում էին՝ ասա «Խանքենդի», դուք Ստեփանակերտ չունենք, դա մեր «Խանքենդի»-ն է»։
Արցախցի կինը հինգ օր մնացել է գերության մեջ, այդ ընթացքում խախտված են եղել նրա բոլոր իրավունքերը՝ այդ թվում, հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն չի ունեցել։ Ընտանիքը կարծել է, որ նա գյուղում սպանվել է։ Միայն, երբ հինգերրորդ օրը բերել են Շուշի և փոխանցել Արցախի փրկարարներին, այդ ժամանակ է հնարավոր եղել խոսել հարազատների հետ։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: