Երևանի Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքի 71-ամյա բնակիչ Ալբերտ Առուստամյանը, որն անցյալ շաբաթ վարչապետի գլխին խնձոր էր նետել 9-րդ հարկի պատուհանից, 70 տարի ապրել է Ստեփանակերտում։ Այսօր Ալբերտի 8 հոգանոց ընտանիքը Երևանում է, վարձով տանը։ Ալբերտ Առուստամյանն ասում է, որ ոչ մեկի հետ չի շփվում։
Վարչապետի գլխին խնձոր նետելուց հետո, երբ ամբողջ Երևանը սոցցանցերում իրեն էր քննարկում, Ալբերտին ոչ ոք չի մոտեցել, հարցուփորձ չի արել, որովհետև այստեղ՝ Երևանում նա ծանոթներ համարյա չունի, ապրում է մեկուսի կյանքով։
Նա երկրորդ կարգի հաշմանդամ է։ Հայրենիքը, իր և որդու տները կորցնելուց հետո արցախցի բռնի տեղահանվածներին բնորոշ դեպրեսիվ, անկումային տրամադրության մեջ է, «անջատված» ապրում է, օր է լուսացնում։ Չի աշխատում, ունի բազմաթիվ նյութական խնդիրներ, ինչպես արցախից տեղահանվածների մեծամասնությունը։
Forrights.am-ի հետ զրույցում Ալբերտ Առուստամյանը պատմեց, որ խնձորը վարչապետի ուղղությամբ նետել է ի նշան բողոքի։ Դա էլ իր բողոքի ակցիան է եղել։
«Հեռուստացույց յեշելիս տեսա, խաշլամա ա ուտում Փաշինյանը, երեխին ասեցի՝ կանալը փոխի, չղայնացա, էլի, բա էս վիճակում երկիրը, ինքը խաշլամա ա ուտում։ Ոնց որ տան վիճակը վատ լինի, տղամարդը գնա, մի տեղ կայֆավատ ըլնի։ Դուրս եկա բալկոն, որ ծխախոտ ծխեմ, տենամ՝ էնա, էնդեղ կանգնած ա։ Ես էլ խնձորն առա ու քցեցի։ Ես իրան հարգիլ չեմ, սիրել չեմ, ինքն ա էս վիճակին գցել մեզ, գլխավոր մեղքը իրանն է, բայց ինքը մի օր խաշլամա ա ուտում, մի օր հեծանիվ ա քշում։ Ես իրան չեմ հասկանում», — «պատմական» պահը վերհիշում է Ալբերտ Առուստամյանը։
Ասում է, որ չի նկատել, կպել է խնձորը վարչապետի, թե ոչ, բայց տեսել է, որ վերջինս պառկեց գետնին ն, մտածելով, որ իր կողմը նռնակ են նետել։ « Խնձորը գցեցի, բայց չեմ իմանում, կպավ գլխին, թե չկպավ, ես չեմ տեսել։ Էն եմ տեսել, որ իրար գլխի են եկել վախից, էլի, ու հետո մի քիչ հանգստացա ես», — ասում է Առուստամյանը։
Ոստիկանների հետ շփումը զարմացրել է նրան․ «Իրանք սկսեցին բարձր խոսել ինձ վրա, արա-մարա ասել, հետո էլ, բա պարոնով խոսացեք մեր հետ, ես իրանց ասեցի՝ պարոն-մարոն չգիտեմ, իմ անունը Ալբերտ ա, ք՞ո անունն ինչ ա, անունով խոսացեք իմ հետ։ Անդաստիարակ մարդիկ են ոստիկանները»։
Պատմում է, որ խնձոր նետելուց հետո դուրս է եկել տանից, հետո իմացել է, որ ընտանիքի անդամներին բերման են ենթարկել։ «Ես էլ լսել եմ, իմ ոտով գնացել եմ բաժին», — ասում է Ալբերտ Առուստամյանը։ Նա չգիտի, թե խուզարկության ժամանակ ինչ են փնտրել իր տանը․ «Երևի, խնձոր էին ման գալիս», — ասում է։
Ալբերտ Առուստամյանը հիշում է, որ 2019 թվականին տեսել է Փաշինյանին Ստեփանակերտում, բայց «ստոլի վրա>> իր հետ բաժակ չի խբել։ «Էն ժամանակ էլ իմ դուրը չեկավ։ Պարում էր, բան էր անում, ղեկավարը պետք է «սկռոմնի լինի>>։
Իր արարքի հետևանքները նա գիտակցում է։ Հիմա բա որ ձեզ երկու դատե՞ն, երկու տարով կարող են նստացնել՝ հարցրեցինք։ «Ջղայնացել եմ, գցել եմ, ես եմ մեղավր, չեմ վախում, դատում են, թող դատեն, ինչ ուզում են, թող անեն, ես չեմ վախում, չեմ էլ ուզում էլ ջղայնանամ, ինչի՞ս է պետք, ինչ անում են, անեն>>, — ասում է Ալբերտ Առուստամյանը։
Նա կարող էր, ասենք, ձու նետել, այս կերպ արտահայտելով իր բողոքը Արցախը թշնամուբն հանձնելու, նրա հետ ընկերանալու պաշտոնական քաղաքականության դեմ, կարող էր ներկ լցնել վերեից վարչապետի ուղղությամբ, ինչպես երկու օր առաջ ներկ լցրեցին գերմանական մի կուսակցական առաջնորդ Սառա Վագենկնեխտի հագուստին։ Կարող էր նաև «ֆրի>> կարտոֆիլով մայոնեզ լցնել, ինչպես Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի վրա լցրեցին ակտիվիստները, բողոքելով նրա վարած խիստ տնտեսման քաղաքականության դեմ։
Ի դեպ՝ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն էր 2018 թվականին հիշել այս միջադեպը։ Այն ժամանակ նա հիացած էր Շառլ Միշելի պահվածքով, որի անվտանգության աշխատակիցները, ի տարբերություն մեր ոստիկանների, չնկատելու էին տվել աղջիկների արարքը։ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան իր էջին նկատել էր, որ աղջիկների մազերը ոչ ոք չքաշեց, գլխներին չհարևվածեց, կրծքերին ու մարմնի այլ մասերի ձեռք չտվեց, «վարչապետի վրա մայոնեզ լցնող աղջիկներին ընդհանրապես չնկատելու են տալիս եւ ուղղակի վարչապետին հեռացնում են դահլիճից, ղզիկ եվրոպացիներ են էլի….»։
Աննա Հակոբյանի այս գրառումը բելգիական մայոնեզի կապակցությամբ ԶԼՄ-ները պեղեցին ու քննարկեցին հանրային հարթակներում, կապված արցախցի ծերունու արարքի հետ։
Արցախցի ծերունին ընդամենը խնձոր է նետել, հասարակ «նյուտոնյան> մի խնձոր, որը նետելով, գուցե, ստիպեր վարչապետին փոխեր վերաբերմունքը արցախցիների հանդեպ, ավելի հանդուրժող լինել քաղաքացու նկատմամբ, որ ի ձեռքին ընդամենը խնձոր է, ինչպես «ղզիկ> եվրոպացիներն են հանդուրժող։ Շարլ Միշելի նման ժպտար, կամ Իսահակ Նյուտոնի պես բացականչեր՝ «Էվրիկա>>, ու լուռ հեռանար տարածքից, ներելով ծերունուն։ Բայց ոչ։ Խնձորի վարչապետի գլխում ոչինչ չարթնացրեց և կատարվեց այն, ինչ նման դեպքերում կատարվում է։ Ոստիկանները արեցին իրենց գործը։ ՔԿ-ն էլ քրեական վարույթ նախաձեռնեց ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ խուլիգանություն: Պետք է շնորհակալ լինենք քննչական կոմիտեին, որ ծերունու արարքը որպես մահափորձ չի որակել։
Ալբերտ Առուստամյանի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է իր ՖԲ էջի միջոցով, որ Առուստամյանը ընդունել է՝ խնձոր նետողը հենց ինքն էր, սակայն արարքը խուլիգանություն որակելու հետ համաձայն չի։
Սյուզան Սիմոնյան