Արցախի անկախության օրվա առթիվ այսօր Երեւանում Արցախի մշտական ներկայացուցչությունն իր դռներն էր բացել բոլորի առաջ։
Բռնի տեղահանված Սվետլանա Գրիգորյան զոհված սպայի մայր է, նա եկել էր ներկայացուցչության մոտ ուղղակի մի քիչ խորհելու, մտքերը հավաքելու։
«Մենք ամբողջ ընտանիքով Արցախ պահեցինք, ընտանիքումս հինգ հոգի ծառայել է հայրենիքին, մեր Արցախին։ Առաջին անգամն է, որ այս օրը մենք հայրենիք չունենք։ Այո, Հայաստանն էլ է մեր հայրենիքը, բայց միշտ քեզ քո տունն է ձգում։ Ես իմ տունն եմ ուզում»,- ասում է նա։
33 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակել էր իր անկախությունը Խորհրդային Միությունից: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի էր ունեցել պատգամավորների մարզային եւ Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվել էր «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի էր ունեցել հանրաքվե, որը հաստատել էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ ԼՂԻՄ բնակչության 80%-ը մասնակցել էր հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկել էին անկախության օգտին։
Մարտակերտցի Լեւոր Հարությունյանն ասում է՝ ինքը երազում է տուն վերադառնալ, սակայն հասկանում է, որ այսօր դա անհավանական բան է.«Ոչ մի արցախցի Ադրբեջանի կազմում Արցախ չի վերադառնա։ Այսօր մեր վերադարձը հնարավոր չէ, ես այդպես եմ տեսնում»։
Հովիկ ԱՎանեսովը, ով զբաղվում է Արցախի մշակութայի ժառանգության խնդիրներով, նշում է.«Վերջին շրջանում շատացել են բնակավայրերի ամբողջական վերացումները։ Քարին տակը, Խծաբերդը եւ այլն, քանդում են եկեղեցիներ… միակ լծակը, որով կարելի է նման բաները կանխել, դա միջազգային պատժամիջոցներն են, որոնք այս պահին չեն արվում»։
«Այսօր ուրախանալու առիթ չկա, մեր փառավոր տոնը, որ նվիրված էր մեր երկրի ազատագրությանը՝ հիմնադրված մեր եղբայրներին եւ հայրերի կյանքով, ուղղակի գողացված է մեզանից, ինչպես մեր մյուս տոները, որոնք կապված են մեր ազգային նկարագրի, ինքնության, հաղթանակների հետ, ի շարս դրանց մայիսի 9-ն է», -լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ներկայացուցչություն այցելած Բագրատ Սրբազանը:
«Ես էլի եմ ասել, որ հիշատակության համար չենք կարող այսօր նշում, այլ ինքներս մեզ հիշեցնելու, ինքնամաքրվելու, մեր ճանապարհը ուղղելու եւ մեր երկիրն ազատագրելու: Իսկ առաջնային իմաստով՝ սա մեր սիրելի քույրերին եւ եղբայրներին Արցախ՝ տուն վերադարձի պայքարի ճանապարհը պիտի լինի ուղղակի»,- ընդգծեց Սրբազան հայրը:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում ասում էր, որ ինքն այլեւս անիրատեսական է համարում արցախցիների վերադարձը Արցախ, «Սրբազան շարժման» առաջնորդն այսպես արձագանքեց. «Անիրատեսականը իր գոյությունն է ընդհանրապես: Դժբախտաբար աշխարհը ցանկանում է, որ արցախցիները վերադառնան տուն, իսկ միակ խոչընդոտը ՀՀ իշխանություն կոչվածն է՝ նեռի գլխավորությամբ… Բոլոր միջազգային խաղացողները, միջազգային ուժերը հայտարարել են այդ մասին, նույնիսկ թշնամի երկրի ղեկավարն է հայտարարել արցախցիների վերադարձի մասին՝ անշուշտ այլ պայմաններով, որոնք իրականանալի չեն: Մեր սիրելի հայրենակիցների տունդարձը պետք է լինի միջազգային երաշխավորությամբ»:
Անդրադառնալով «Սրբազան պայքարի» ակտիվացմանը եւ անելիքներին, Բագրատ սրբազանը նշեց. «Մշտապես ասել եմ, որ Արցախի հարցը չի կարող դիտարկվել որպես մեր ամբողջական հայկական օրակարգից առանձին հարց, որքան էլ շեշտադրումը մեծ լինի, այդուհանդերձ մեր ընդհանրական հարցերի մասն է կազմում, բաղկացուցիչ մեծ մասն է, մեր պայքարն էլ հենց դրա մասին է…»:
Անի Գևորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։