Առողջապահության ոլորտում աշխատելու, կամ աշխատանքը շարունակելու համար բուժաշխատողները Հայաստանում անցնում են հավաստագրում։ Պահանջն այս պարտադիր է 2023 թվականի հունվարի 1-ից և սահմանված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով։
2023 թվականի վերջում կառավարության նախաձեռնությամբ օրենքում լրացում արվեց, և Արցախից բռնի տեղահանված միջին եւ ավագ բուժաշխատողներին հնարավորություն տրվեց առանց հավաստագրի շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2025 թվականի հունվարի 1-ը, քանի որ Արցախի Հանրապետության օրենքով շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ունենալը պարտադիր չի եղել բուժհաստատություններում աշխատելու համար։
Սակայն օրենքը չի գործում։ ՀՀ բուժհաստատությունները Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից, որոնք ցանկանում են աշխատանքի ընդունվել, ևս հավաստագրեր են պահանջում։ Նրանք չեն կարողանում տեղավորվել աշխատանքի Հայաստանի բուժհաստատություններում, եթե չունեն Հայաստանի Հանրապետության հավաստագիր։
«Բուժհաստատություններից ունեմ հրավերներ, բուժքույր եմ, բարձր կվալիֆիկացիայի, բայց ամեն տեղ սերտիֆիկատ են ուզում։ Վերջին անգամ սերտիֆիկատ են պահանջել Եղվարդի հիվանդանոցում>>, — ասում է Մարինե Զ-ն։
Նա երկարատև մասնագիտական ստաժ ունի՝ 2008 թվականից աշխատել է Ստեփանակերտի ինֆեկցիոն հիվանդանցում։ Սակայն երկար ժամանակ է, չի կարողանում տեղավորվել աշխատանքի սերտիֆիկատ չունենալու պատճառով։
Դիմել է սերտիֆիկատ տրամադրող պետական մարմնին՝ Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոն։ Անցել են ամիսներ, բայց դեռ չի ստացել հավաստագիրը։
«Ես մինչև Նոր տարին անցել եմ հավաստագրում, բայց բալերս ցածր էին, մի քիչ էլ պետք է մասնակցեմ դասերի։ Հունվարից հետո գնացի, դիմում գրեցի, սպասեցի, սպասեցի, հարցրեցի, ասեցին՝ կանգնեցրել են սերտիֆիկացումը, մենք ձեզ կզանգենք։ Արդեն 4 ամիս է, սպասում եմ։ Մոտ մեկ ամիս առաջ կրկին գնացի այդ ինստիտուտը, ասեցի՝ ի՞նչ խնդիր է, ինչո՞ւ չեք կազմակերպում հավազտագրման դասերը։ ես քննություն էլ կհանձնեմ, եթե պետք լինի։ Ինձ ասեցին՝ հերթի մեջ 400 մարդ կա։ Ես ի՞նչ անեմ, իմ սոված երեխային ո՞նց բացատրեմ, որ չեմ կարող գործի տեղավորվել, իրեն կերակրել, որովհետև սերտիֆիկատի հերթ կա։ Այդ դեպքում ինչո՞ւ առաջին փուլն անցկացրեցին։ Ինձ հետ նույն նստարանին իր հերթին է սպասում երիտասարդ աղջիկ, որը ոչ մի օր չի աշխատել հիվանդանոցում, եւ ես, որը 16 տարվա ստաժ ունեմ, և նա նույն հարթության վրա ենք։ Դա արդա՞ր է», – ասում է Մարինեն։
Նա պատմում է, որ սերտիֆիկացման դասընթացների ժամանակ ոչ մի նոր բան չեն սովորեցնում։ «Այնտեղ սովորեցնում են այն, ինչ մենք անցել ենք քոլեջի առաջին տարում։ Ոչ մի նորություն չկա նրանց դասընթացներում։ Ես, ստաժավոր բուժքույրս, լսում եմ այն, ինչ սովորում էի ուսանող ժամանակ»։
Մարինեն միայնակ մայր է, բնակվում է Եղվարդում, փոքրիկ աղջկա և տարեց մոր հետ։ Ասում է՝ 150 հազար դրամը, որն ընտանիքը ստանում է աջակցության ծրագրերով, գնում է տան վարձի համար։ Երեք հոգանոց ընտանիքը ապրում է մայրիկի կենսաթոշակի 52 հազար դրամով, որի կեսը կոմունալ վճարումներն են։ «Մենք ապրում ենք ամիսը 25–30 հազար դրամով։ Ինձ աշխատանք է պետք օդի պես։ Ունեմ բազմաթիվ առաջարկներ, բայց այդ թղթի կտորի պատճառով չեմ կարողանում աշխատանքի տեղավորվել իմ մասնագիտությամբ և չգիտեմ, թե ում դիմեմ», – ասում է երիտասարդ կինը։
Նա Ստեփանակերտում անցել է հավաստագրման գործընթացի, ունի հավաստագիր, բայց Հայաստանում այդ փաստաթուղթը, որը տրվել է Արցախում, չի անցնում։ «Երևանից մարդիկ էին գալիս, դասընթացներ էին անցկացնում, դրա համար պետությունը գումար էր տալիս նրանց, մենք էինք ազատ ժամանակ գտնում, այդ դասերին մասնակցում։ Եւ հիմա նորից պետք է սերտիֆիկատ ստանալ։ Դա աբսուրդ է, չէ՞, որ ես չեմ կարողանում հիմա աշխատանք գտնել մի թղթի կտորի պատճառով», – հիշում է Մարինեն։
Ինչո՞ւ է բուժաշխատողների հավաստագրումը ուշացումներով և ձգձգումներով իրականացվում, արդյունքում առանց այն էլ ծանր կացության մեջ հայտնված մարդիկ ամիսներով չեն կարողանում գործի տեղավորվել։ Հարցն ուղղեցինք առողջապահության նախարարությանը։ <<Արցախից բռնի տեղահանվածները ունեն առանց սերտիֆիկատի աշխատանքի տեղավորվելու իրավուքն։ Այս դեպքում պետք են քաղաքացու տվյալները>>, — ասաց լրատվության պատասխանատու Լիլիթ Բաբախանյանը։ Քիչ ուշ տեղեկացանք, որ Մարինե Զ-ին զանգահարել են և կանչել սերտիֆիկացման ասընթացի։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: