Սեպտեմբերի 19-ը Ելիզավետա Մնացականյանի համար հերթական ծանր օրերից մեկը պետք է լիներ՝ ինչպես շրջափակման մեջ գտնվող յուրաքանչյուր արցախցու համար։ 60-ամյա տիկին Ելիզավետան այդ օրը շուտ էր արթնացել, հաց թխել ու Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղից ուղևորվել Ստեփանակերտ։ Մանկահասակ թոռնիկների համար թխված հացը դեռ տեղ չէր հասել, երբ օրը ողբերգական էր դարձել․ ադրբեջանական զորքերը հարձակվել էին Արցախի խաղաղ բնակչության վրա։
«Մեր գյուղն արդեն գրավել էին։ Մնացի Արցախ թաղամասի նկուղում»,-Forrights.am-ի հետ զրույցում հիշում է տիկին Ելիզավետան։ Մինչև սեպտեմբերի 25-ը տղայի ընտանիքի հետ բնակվել է նկուղներում, գյուղից Ստեփանակերտ են եկել նաև մյուս հարազատները։
«Երեք-չորս օր մնալուց հետո բոլորին հեռախոսին նամակ եկավ, որ տարհանվում ենք, բենզին են տալիս։ Տղաներս գնացին, մի քանի ժամ չէր անցել, լուր տարածվեց, որ պայթյուն է եղել»։
Արցախից բռնի տեղահանվելու համար բենզինի հետևից Հայկազովի պահեստներ էին գնացել երկու որդիները՝ 34-ամյա Եղիշեն և 35-ամյա Լեռնիկը։ Տղաների հետ էին եղել նաև նրանց հորաքրոջ և մորեղբոր տղաները։ Մայրը լսելով աղետի մասին շտապել է հիվանդանոցներ, հայրը՝ պայթյունի վայր։
«Ոիժեղ անձրև էր գալիս, ես ու ամուսնուս քույրը ոտաբոբիկ անձրևի տակ հասել ենք հիվանդանոց, էս կողմ ենք նայում, էն կողմ ենք նայում իմ տղաները չկան»,-ասում է տիկին Ելիազավետան ու նշում՝ որդիներին փնտրել է սարսափելի տեսարաններում։
«Հիվանդանոցում իրավիճակն ահավոր էր, լացուկոծ, մեծ ու փոքր բառաչում էին, այդ տեսարանը պատկերացնելու չէ, չեմ ուզում հիշել։ Ոչ մեկ ոչ մեկին չէր պատասխանում։ Սկոռիները, որ բերում էին մարդկանց, մենք մոտիկանում, նայում էինք, բայց իմ երեխաները չկային։ Այրված մարդկանց հերթով նայում էի, չկային։ Ասացին, որ Իվանյանում էլ այրվածքներ ստացած քաղաքացիներ կան, ամուսին ու փեսաս գնացին այնտեղ։ Այնտեղ ասել էին, որ Ասկերան են տարել։ Գնացել էին, բայց չէին գտել, մեկն էլ ասել էր, որ Աղդամ (Ակնա) են տարել։ Մենք ոչ մի բան չգիտենք»։
«Դիահերձարաններից սկսած նայել եմ, ամեն պալատի դուռը բացել եմ, հույս ունենալով, որ որևէ մեկին կգտնեմ»,-ասում է եղբայրներին ամենուր փնտրած Լիլիթ Բալայանը․ «Սարսափելի տեսարան էր, վառվածի հոտ էր ամենուր, մերկ մարդիկ, անօգնական վիճակ էր։ Երնեկ էի տալիս փրկվածներին, ճիշտ է վնասվածքներ ունեին, հատակին էին, բայց ողջ էին, իրենց հարազատների հետ էին»։
Ընտանիքը օրեր շարունակ փնտրել է Լեռնիկին և Եղիշեին, բայց ոչ մի տեղեկություն չեն կարողացել գտնել։ «Հույսով սպասում եմ, որ մի լույս կլինի ինձ համար»,-ասում է տղաների մայրը։
Լիլիթ Բալայանը կարծում է, որ, եթե Արցախի իշխանությունները համակարգված օգնություն ցուցաբերեին, ապա շատերը կարող էին փրկվել։ Պատմեց, որ հայրն ու ամուսինը, երբ գնացել են եղբայներին փնտրելու այլ անձանց հետ կրակներից 20 հոգու են փրկել։ Ընտանիքը տեղեկություններ ունի, որ երեք տասնյակ վիրավորների տեղափոխել են Աղդամ։ Ըստ Լիլիթ Բալայանի՝ այդպիսի տեղեկություն փոխանցել են, թե ռուս զինվորականներից, թե՝ ադրբեջանցի, Հակարիի անցակետում։ Սակայն, ընտանիքը որևէ մեկից պաշտոնական հաստատում չի կարողացել ստանալ։
Լեռնիկը ոստիկանությունում էր աշխատում մեկ դուստր ունի՝ անչափահաս։ Երկու անչափահաս երեխա էլ՝ մեկ տղա ու մեկ աղջիկ, Եղիշեն ունի։ Նա Արցախի անտառտնտեսությունում է աշխատել։ Այժմ տղաների տարեց ծնողները, կանայք և անչափահաս երեխաները մնացել են անօգնական։ Մի կողմից Լեռնիկի և Եղիշեի մասին որևէ տեղեկություն չունենալու անասելի ցավն է, մյուս կողմից սոցիալական ծանր պայմանները։ «Հիմա ամեն ինչի կարիք ունեմ։ Ոչ մի բան չենք հանել, ամեն ինչ մնացել է։ Փաստաթուղթ չունեմ, սաղ մնացել է՝ փող, ոսկի, ոչ մի բան չենք բերել։
170 հազար դրամ տան վարձ ենք տալիս»,-ասում է տիկին Ելիզավետան։
Ընտանիքը սոցիալական ծանր կացության մեջ է։ Եղիշեի և Լեռնիկի կանանց հաջողվել է չնչին աշխատավարձով աշխատանք գտնել, բայց դա չի բավարարում երեխաների կարիքները հոգալու համար։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։