Արցախի Մարտակետի բուժմիավորման 54-ամյա մանկաբույժ Խաչատուր Մելիքյանի խոսքով, բռնի տեղահանությունից հետո բժիշկներին շատ դժվար են ադապտացվել։ «Դժվարություններից պետք չի վախենալ, բայց տեղի ունեցածը բոլորիս համար շատ ծանր էր»,- պատմում է բժիշկը, ով անցած տարվա աշնանը Մարտակերտում ստիպված է եղել ռմբակոծություններից փրկել առաջին հերթին ոչ թե իր ընտանիքին, այլ իր բուժման ներքո գտնվող երեխաներին։
Նրա խոաքով, Արցախի շրջափակման ժամանակ իրենց աշխատանքը շատ էր դժվարացել։ Թեեւ դեղամիջոցների կրիզիսային պակաս չի եղել, սակայն քիչ են եղել հակաբիոտիկները, պատվաստանյութեր, ջերմիջեցնողները.«Հնարավորինս փորձում էինք հարմարվել, ճիշտ կազմակերպել, հասկանալ, թե ինչը որտեղից կարող ենք գտնել կամ փոխարինել»։
Բժիշկի խոսքով, սնունդի պակասից ամենաշատը տուժում էին 6-12 ամսական երեխաները, ովքեր արհեստական կաթնախառնուրդի կարիք ունեին, բայց ինչ-որ պահի այն գտնելը գրեթե անհնար է դարձել։
Հիշելով սեպտեմբերի 19-ի դեպքերը, բժիշկն ասում է՝ այն բանի շնորհիվ, որ հիվանդանոցը հագեցած էր լիարժեք հիվանդանոցային ապաստարանով, հարյուրից ավելի երեխաներ անմիջապես տեղափոխվել են այնտեղ.
«Նույնիսկ վիրահատարան այնտեղ ունեինք, որտեղ նաեւ նախորդ պատերազմների ժամանակ վիրահատություններ էինք անում։ Անգամ հարեւան շենքերից մանկահասակ երեխաներին, մանավանդ ծառայող տղաները ընտանիքներից, մայրերը բերում էին մեզ մոտ…Մենք նրանցով էինք զբաղված, միայն մի պահ, երբ հասկացա, որ կարող եմ այդտեղից դուրս գամ, գնացել եմ իմ երեխաներին եմ բերել ու տեղավորել մեզ մոտ»։
Հիվանդանոցի ապաստարան են բերվել նաեւ վիրավորներն ու զոհերը.«Մենք ունեինք, հատուկ պատրաստված սառնարան, ուր բերում էին զոհերին։ Իհարկե այդ մասշտաբների համար այն նախատեսված չէր։ Կարող եմ ասել, որ դատելով այն զոհերից, որ բերել են մեր հիվանդանոց, կարող եմ ասել, որ շատ էին։ Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում շատ էին… Շատ ու քիչ ասելն էլ է մի քիչ սխալ։ Մեկ զոհն էլ է մեզ համար մեծ ցավ, բայց եթե թվային արտահայտությամբ ասենք, մեր ազգի համար, մեր վիճակի համար շատ էին զոհերը»։
Սեպտեմբերի 23-ին այստեղ գտնվողները նախապատրաստվելու հրաման են ստացել, հաջորդ օրը բուժաշխատողներն ու տարածքի ամբողջ բնակչությունը շարասյունով դուրս են եկել բնակավայրից.«23-ի լույս 24ի ամբողջ գիշերը հիվանդանոցի բուժքույրերը հաց են թխել, որ բոլորին բանանեն, որ տեղափոխվելիս հաց կարողանանք տալ նրանց, ովքեր կարիք ունեն»։
Այժմ որպես մանկական բժիշկ, Խաչատուր Մելիքյանն իր աշխատանքը շարունակում է Չարենցավանում։ Նրա խոսքով, իրեն եւ իր մյուս գործընկերներին այստեղ լավ են ընդունել, սակայն միեւնույն է, տեղի ունեցածից հետո դեռ դժվար է ուշքի գալ.«Առաջին օրը աղմուկով դուռը բացվեց, գիտեի, որ հիմա վիրավոր են բերելու… մենք հոգով ու մտքով դեռ այնտեղ ենք…»։
Անի Գևորգյան
Մանրամասները՝ հոդվածում
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։