Աբրահամ Մարուխյանը 44-օրյա պատերազմին մեկնեց սեպտեմբերի 27-ին, երբ տեղեկացավ, որ ադրբեջանական կողմը հարձակվել է Արցախի վրա։ Նա պատերազմին մասնակցել է Մատաղիսում, որտեղ երկու տարի ծառայել էր որպես սպա:
Աբրահամ Մարուխյանը լեյտենանտ էր: Չնայած, որ ուներ դիվանագետի մասնագիտություն, բայց 2018 թվականին որոշել էր ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ավարտելուց հետո ստացել էր լեյտենանտի կոչումն ու ծառայության անցել Մատաղիսում: Հրետանու հետախուզության պետն էր:
44-օրյա թեժ մարտերի առաջին օրերին Աբրահամը մարտերին մասնակցել է Հորադիզում: Ծանր մարտեր են եղել, թշնամին անդադար հրետանակոծել է դիրքերը որտեղ եղել են լեյտենանտն ու զինակից ընկերները: Հրամանատարական կազմից նահանջի հրաման է եղել: Աբրահամն ու ևս հինգ հոգի հրաժարվել են նահանջել:
Նահանջ հրամանից հետո Աբրահամը ստանձնել է վեց հոգանոց խմբի հրամանատարությունը, զուգահեռ մարտական պատրաստվածություն սովորեցրել ընկերներին: Որոշ ժամանակ անց զենքի խնդիր է առաջացել: Հորը պատմել են, որ Աբրահամն անցել է հայկական կողմից լքված մի պոստ, որը դեռ գրավված չի եղել թշնամու կողմից, բայց նրանց նշանառության տակ է եղել, և, այնտեղից զենքեր է վերցրել:
«300 կոչվող պոստ է եղել, որը նաև ղեկավարման կետ է եղել, այդտեղից հայերը նահանջել են: Աբոն իմանալով, որ այտտեղ զենք կա հոկտեմբերի 2-ին գնացել ու բերել էր, նաև մնացած կարևոր քարտեզներ են եղել, որոնք ոչնչացրել է, որ թշնամին չտիրապետի կարևոր տեղեկությունների: Ճանապարհին էլ մի թուրքի են սպանել»,- փոխանցեց հայրը՝ Տիգրան Մարուխյանը:
Աբրահամն ու ընկերները զոհվել են հոկտեմբերի 3-ի լուսաբացին: Ծնողները յոթ ամիս շարունակ չեն կարողացել գտնել իրենց որդու դին:
Աբրահամ Մարուխյանի մարտական ուղին ամփոփված է «Նվիրյալը» գրքում։ Հեղինակը արձակագիր, բանաստեղծուհի Ալինա Մխեյանն է։
«Միշտ գրել եմ հերոսների մասին։ Աբրահամի մայրն ասաց, որ շատ է հավանել իմ գրածները և ցանկանում է, որ Աբրահամի մասին ևս գիրք գրեմ։ Միշտ մերժել եմ, որովհետև Աբրահամն այն հայորդին է, որի մասին մասին գրելը մեծ պատասխանատվություն է։ Մի օր որոշեցի, եթե Աբրահամը մեր համար իր կյանքը չի խնայել, ես էլ պարտավոր եմ իմ մեջ ուժ գտնել և սկսել աշխատել նրա մասին գրքի վրա»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց գրքի հեղինակը։
«Գիրքը կոչեցի «Նվիրյալը», քանի որ Աբրահամը իսկապես նվիրյալ էր, ինձ համար միշտ կմնա լեգենդար Աբո։ Գրքով փոխանցել եմ իսկական հայորդու կերպարը ինչպիսին պետք է լինի՝ Աբրահամի նման անմնացորդ, ինքն իսկական ֆիդային էր։ Հայրենասիրության, հայրենիքին անմնացորդ նվիրումի մասին է գիրքը»,-ասաց հեղինակը։
Աբրահամի մոր՝ Մարինե Շիրինյանի խոսքով էլ գրքի հրատարակման նպատակն է, որ որդու հայրենասիրությունը փոխանցվի նոր սերնդին։ «Աբոյի կերպարն ուսուցանող է՝ հայրենասիրության և հայրենիքին անձնվիրաբար նվիրումի առումով։ Աբոյի տեսակը չի կատրվում, հայը պետք է այդպիսին լինի։ Այս պատերազմի մեջ ինչ-ինչ պատճառներով հաջողություն չունեցանք, բայց հայի տեսակը չպետք է կոտրվի, մենք դեռ պայքար ունենք՝ մեր հայրենիքը կա ու կմնա։ Հույսս այն է, որ Աբոյի կերպարով կարողանամ հայրենիքի համար մի բան անել»,-ասաց մայրը։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։