Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Աննա Մարտիրոսյանը Forrights.am-ի հետ զրույցում ներկայացրել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցածը։ Նա ու իր չորս անչափահաս երեխաները հազիվ են կարողացել փրկվել, որ չսպանվեն ադրբեջանցիների կողմից։ Նրանք հայտնվել են կրակոցների տակ, յոթ տարեկան տղան վիրավորվել է։

«Երեխաներին պառկացրել էի, որ քնեն, ընկերուհուս հետ էի խոսում։ Պատմում էր, որ իրավիճակը լուրջ է ու այդ պահին ուժեղ խփում են։ Այնքան մոտ էր հարվածը, որ պատուհանները դղրդացին։ Մի քանի րոպեից երկրորդ ուժեղ ձայնն ենք լսում։ Տղաներս դպրոցից վազելով հասնում են տուն և սկսվում է։ Երեխաների հետ մտնում ենք ներսի սենյակ, որ ավտոմատներով, եթե կրակեն, երեխաներին չկպնի։ Մի 20 րոպե մնացինք այնտեղ, մինչև տալիս տղան եկավ, մեզ հանեց»,-պատերազմի մեկնարկը հիշելով պատմում է Աննան։

Տանից դուրս գալուց հետո Աննան երեխաների հետ գնում է ամուսնու կողմից թաղամասում փորված խրամատ, որը նախատեսված է խաղաղ բնակչության համար՝ պատերազմների ժամանակ պատսպարվելու նպատակով։ «Գնում տեսնում ենք, որ 15 հոգու համար նախատեսված փոսում արդեն 40 հոգի կա։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ իրավիճակ էր, մարդիկ լացում էին։ Երեխաներ կային, որ առանց կոշիկ պատուհաններից փախել, եկել էին այդտեղ, մարդիկ առանց փաստաթուղթ վերցնելու տանից եկել էին այդ փոսի մեջ։ Մոտ մեկ ժամ մնում ենք այդտեղ»։

Երբ տեսնում են, որ թշնամին մոտենում է Ճանկաթաղին որոշում են, որ պետք է այդ ապաստարանից ևս հեռանան։ «Մենք տեսնում էինք, թե ոնց են սարի վրայից իջնելով գալիս։ Մեր պոստերը տրաքացրել էին, գալիս էին։ Իմ ամուսինն ու իր ընկերները արդեն գյուղի մեջի՝ տներից էին կռվում թշնամու հետ»։

Աննա պատմում է, որ ադրբեջանցիները թիրախավորել են ու կրակահերթեր են բացել երեխաներով ու կանանցով լինի ավտոմեքենայի ուղղությամբ։ Նրա սկեսուրն ու 7-ամյա որդին մարմնական վնասվածքներ են ստանում։

Բոլորով լցվում ենք ընկորուհուս ամուսնու Ֆորդը, որ գնանք մյուս գյուղ, ճանապարհին խփում են։ Կպնում է սկեսուրիս, արնաշաղաղ ընկնում է մեքենայի հատակին, ապակու բեկորները լցվում են տղայիս վզի մեջ։ Մեքենան անսարք է դառնում, առաջ չի գնում, տեսնում ենք, որ տարբերակ չկա, սիգնալ է տալիս, որ ռուսները դարպասները բացեն, մտնենք իրենց բազա»։

Աննա Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ մի քանի օր մնում են այնտեղ, առանց հացի ու ջրի։ «Առաջին օրը կոնֆետ ու սոկ տվեցին երեխաներին, գրեչկա եփեցին, բայց ում բերանով ուտելու բան կգնա, մնում, փչանում է։ Հաջորդ օրը ջուր չի եղել, ռուսներն ասում էին սնունդ չունենք»։

Առանց ջրի ու հացի մնացել են ռուսական բազայի թաքստացում, զրկված են եղել նաև խոսելու իրավունքից, քանի որ ռուսներն ասել են ադրբեջանցիները տարածքում են, կլսեն ձեր խոսակցությունները։ «Երեք անգամ մեկ-մեկ ժամով երեխաները քարացած մնացել են, ոչ մի ձայն չեն հանել, ադրբեջանցիները գնում-գալիս էին իրենց մեքենաերով։ Ռուսներն ասում էին՝ հանգիստ նստեք, որ գան ստեղ ձեզ սպանեն, մենք ոչ մի բան չենք կարող անել»։

Աննային և վիրավոր տղային ԲՏՌ-ով տեղափոխում են Մարտակերտ, այնտեղ իմանում է, որ Արցախից պետք է բռնի տեղահանվեն։ Աննան նկարագրում է Մարտակերտում ստեղծված քաոսային իրավիճակը․ փողոցներում գտնվող մարդիկ, ծնողներին փնտրող երեխաներ, վիրավորներով ու զոհերով լի հվանդանոցներ։ «Տղայիս հետ գնում ենք Մարտակերտում գտնվող ամուսնուս եղբոր տուն, բայց վախենում է այնտեղ մնալ, գալիս ենք հիվանդանոց։ Գնում ենք, որ մտնենք պադվալային հակրը, որ այնտեղ քնենք ահավոր հոտ էր գալիս, դիակի հոտ էր։ Տղաս հարցնում է՝ ի՞նչ հոտ է, ասում եմ, բան չկա, արի գնանք վերև։ Հաջորդ գիշերը էլի պետք է գնային, որ հիվանդանոցում քնենք, բայց տեգորս տղան չի թողնում, ասում է՝ երկրորդ հարկից էլ է արդեն այդ հոտը գալիս։ Տղայիս համոզում եմ, որ մնանք այդտեղ»։

Երեք օր Մարտակերտում մնալուց հետո արցախցիներին ասում են, որ լքեն քաղաքը, քանի որ թշնամին արդեն ներխուժել է Մարտակերտ։ «Սեպտեմբերի 24-ին գալիս ենք Ստեփանակերտ, Դրմբոնի մոտ թշնամու զինվորներին ենք տեսնում։ Մեզ ծաղրում են, իրենց լեզվով ինչ-որ բաներ են ասում, նկարում են մեզ, 40 հոգի կլինեին։ Հասնում ենք Ստեփանակերտ, ահավոր վիճակ էր, հանդիպում եմ մեր գյուղի ժողովրդին, գտնում եմ ամուսնուս։ Բոլորը դուրս էին գալիս Ստեփանակերտից։ Մենք էլ բոլորի հետ դուրս եկանք»։

Նարեկ Կիրակոսյան

 

Pin It on Pinterest