60- ամյա Միքայել (Գագո) Բեգլարյանը անցած տարվա սեպտեմբերին Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունից հետո անհետ կորած 21 անձանցից մեկն է։ Թեեւ շուտով կլրանա դեպքերի առաջին տարելիցը, նրա կինը դեռ հույս ունի, որ ամուսինը մի օր կհայտնվի։

«Միշտ ասում էր՝ այսքան պատերազմից հետո ի՞նչ է լինելու։ Ամուսինս իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքին։ Ամեն անգամ հրաշքով փրկվել է, ամեն անգամ մի նեղ տեղից դուրս է եկել։ Մեդալներ ուներ, այդ թվում Արիության ու Շուշիի ազատագրման։ Վետերանների միությունում գրանցված էր։ Առաջին պատերազմի ժամանակ 24 տարեկան էր, ոտքից, ձեռքից վիրավորումներ էր ստացել։ Այդ ժամանակ ամուսնացած չէինք։ 97 թվականին ամուսնացանք, 13 տարի սպասումից հետո Դավիթին ունեցանք։ Մեծ ծրագրեր ունեինք, էր երեխային պետք է մեծացնենք, հասցնենք իր նպատակին»,- պատմում  կինը՝ Լիանան։

Վերջին անգամ Բեգլարյանի հետ խոսել է որդին՝ Դավիթը. «Նա զանգել է, ասել է, որ գնում է բենզինի, մամային ասա, որ գալու եմ ձեզ հանեմ։ Այդ օրը մի քանի տեղից փորձել է բենզին գտնել, բայց չի ստացվել։ Վերջում ասել է՝ ինչ ուզում է լինի ես պետք է վառելիք գտնեմ ու դուրս գամ այստեղից… հետո իմացանք բենզինի պայթյունի մասին։ Ես զանգում էի նրան, զանգը գնում էր, պատասխանող չկար, երկու ժամ անց անհասանելի դարձավ»։

Կնոջ խոսքով, մինչ օրս նրանից ոչ մի լուր չկա, նրա իրերից էլ ոչ մի բան չի գտնվել.«Նրա մոտ մեքենայի բանալիներն են, անձնագիրը, մեքենայի տեխպասպորտը, հեռախոսը եւ իր ոսկե շղթան։ Իր ոչ մի իր չի հայտնաբերվել։ ԴՆԹ հետազոտության համար արյուն են հանձնել տեգրս ու իր քույրը, բայց ոչ մի նույնականացում չի ստացվել։ Ոչինչ չգիտենք, միայն հայտնի է, որ հինգ հոգով գնացել են, այդ հինգ հոգուց մեկին գտել են հուղարկավորել են, երկուսը՝ հայր ու որդի գտնվել են, մյուս երկուսը անհետ կորած են»։

Ընտանիքի համար շատ ծանր է եղել նաեւ Արցախի շրջափակման առաջին շրջանը։ Բանն այն է, որ Դավիթը զբաղվել է երգով եւ եղել է այն արցախցի երեխաների թվում, որոնք Հայաստան էին ժամանել Մանկական Եվրատեսիլին մասնակցելու, եւ Արցախի շրջափակման պատճառով տեւական ժամանակ չեն կարողացել տուն վերադառնալ։

«47 օր երեխաները մնացել են Երեւանում՝ հյուրանոցում։ Շատ էր նեղվում, հարցազրույցներ են վերցներ իրենից, ասում է՝ մամ, պապ, կարոտել եմ, որ հարցնում են, թե առաջինը ում է համբուրելու, ասում է՝ մամ կներես, պապային։

Ամեն օր հեռախոսով խոսում էինք Դավիթի հետ, բայց զգում էինք, թե նրա համար ինչ դժվար է։ Հետո շատ մեծ դժվարությամբ երեխաներին թույլ տվեցին վերադառնալ Արցախ… Երեխան եկավ ընտանիք, բայց ահավոր սթրեսի մեջ էր, երեխաներ կային, հոգեբանի տարան, տղաս չուզեց։ Պապայի հետ էր անընդհատ, տարբեր բաներով էին զբաղվում։ Վերջին անգամ էլ գնացել պոպոք էին հավաքել, բերել։ Գնում էին տեգորս մոտ, այնտեղ էին ժամանակ անցկացնում… պատկերացրեք, թե հոր կորուստը ինչ ծանր տարավ»,- պատմում է Լիանան։

Ամուսնուն կորցրած կնոջ խոսքով, ինքն ու որդին վերջիններից են դուրս եկել Ստեփանակերտից, քանի որ մինչեւ վերջին պահը լուրի են սպասել Բեգլարյանի մասին. «Արդեն քաղաք էին լցվել, նույնիսկ մի քանի անգամ քաղաքի մեջ ադրբեջանցիների ենք հանդիպել։ Ճիշտ է, մեզ բան չէին ասում, բայց արդեն վտանգավոր էր»։

Լիանան իր որդու եւ մոր հետ այժմ վարձով բնակվում է Երեւանում, երկու տեղում աշխատում է, փորձում է այնպես անել, որ այդքան ծանր ապրումներ տեսնելուց հետո որդին գոնե մի փոքր ապահովության զգացում ունենա

.«Տղաս հիմա բոքսի է հաճախում։ Հայրը երազում էր, որ նա նման մի սպորտաձեւով զգաղվի ու նրան Չեմպիոն էր ասում։ Բացի դա տղաս Պոլիտեխնիկի քոլեջ է ընդունվել, չորս տարի պետք է ավագ դպրոց էլ հաճախի։ Հիմա իմ վրա մեծ պատասխանատվություն եմ զգում որդուս համար ու նրա մասին հոգ տանելն է միայն ինձ ուժ տալիս։ Փորձում եմ պապայի տեղը լրացնեմ։ Բռնի տեղահանությունից հետո հենց առաջին օրերից մեզ շատ մարդիկ են օգնել, շնորհակալ եմ բոլորից, ովքեր մանավանդ սկզբի շրջանում ինձ ուժ են տվել, որովհետեւ առաջին երկու ամիսը շատ վատ վիճակում էի, ուժասպառ էի… Իսկ ամուսնուս մասին դեռ լուրի ենք սպասում։ Տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում։ Դիմել ենք ՄԻՊ-ին, Կարմիր խաչին, տարբեր տեղեր, բայց ոչ մի հարցի պատասխան չկա… Մի քանի անգամ երազիս է եկել, վիրավոր նստած, անընդհատ դժգոհում է, ասում է՝ ես ողջ եմ, իմ մասին չեք մտածում…»։

Անի Գևորգյան

Մանրամասները՝ հոդվածում

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest