Ադրեբջանցի դիպուկահարները կրակահերթ են բացել Ճանկաթաղ գյուղից բռնի տեղահանվող քաղաքացիների վրա։ Փամփուշտներից մեկը դիպչել է 68-ամյա Ռիմա Մովսիսյանին, նա վիրավորվել է։ Դեպքից ավելի քան տասը ամիս անց Ռիմա Մովսիսյանը Forrights.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել։
«Դժոխքի մեջով եմ անցել, շատ վատ օրեր ենք տեսել։ Մեզ վախեցնում են, որ գյուղից գնանք»,-ասում է արցախցի կինն ու նշում՝ ադրբեջանական դիրքերը գյուղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էին։ Ճանկաթաղի տները, բնակիչները եղել են նրանց թիրախում։
Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմը հարձակվում է Արցախի վրա՝ «անօրինական ռազմական խմբավորումների ոչնչացման օպերացիայի շրջանակներում», սակայն, սպանում ու վիրավորում է նաև խաղաղ բնակչությանը։ Թշնամու կրակոցները, երբ սկսվում են Ռիմա Մովսիսյանը թոռների և հարսների հետ պատսպարվում է տղաների կողմից թաղամասում փորված խրամատում։ Որդիներն այդ խրամատը 2020 թվականի պատերազմից հետո են սարքել, երբ ադրբեջանցիները մոտեցել են գյուղին։
«Խրամատում էինք, երեխաները լացում էին, վախենում էին, թշնամին բոմբիտ էր անում, թմբի վրայից կրակում էին մեր վրա։ Վախից մի կնոջ ուշքը գնաց»,-Forrights.am-ի հետ զրույցում հիշում է նա։
Տիկին Ռիման պատմում է, որ կրակոցների ակտիվացումից հետո առաջարկել է համագյուղացիներին գնալ Ճանկաթաղի մոտակայքում գտնվող ռուսական բազա։ «Ես հիշում, թե ինչպես 92 թվականին թշնամին մեր գյուղացիներից 40 հոգու ինչպես մորթեցին, եկանք գյուղ սպանված տեսանք։ Մենք ենք այդ դիակները թաղել։ Մտածում էի նույնը կանեն, դրա համար առաջարկեցի, որ գնան այնտեղ, ապահով լինեն»։
Այդ թաղամասում ապրող 40-ից ավելի ճանկաթաղցու համար մեկ մեքենա է գտնվել, բոլորը դրանով են տեղափոխվել։
«Ֆորդը եկավ կանգնեց, ես ասացի՝ դուք գնացեք, ես մնում եմ իմ տանը։ Հարսս չթողեց մնամ։ Ֆորդը մի քիչ գնում է ու սկսում են կրակել մեքենայի վրա։ Կրակոցներից մեկը դիպչում է անիվին, իսկ մյուսը ապակին կոտրելով կպնում է ինձ, մտնում է թևիս մեջ։ Պուլը մնացել է ձեռքիս մեջ, ավտոմատով էին կրակել»,-ասաց նա։
Ռիմա Մովիսյանն օրեր շարունակ մնացել է առանց բուժօգնության։ «Թոռս մայկան ճղում է, ձեռք կապում է։ Ահավոր ցավ էի զգում, ասում էի՝ հիմա ձեռքս կընկնի։ Հետո հասնում ենք ռուսների մոտ, սրսկում են, պերեվասկա են անում, բայց պուլը էլի մնում է ձեռքիս մեջ։ Երեք օր մնում ենք ռուսների մոտ։ Ինձ տեղափոխում են Մարտունի, Ստեփանակերտ, բայց ոչ մի տեղ չեն վերցնում, ասում են՝ դեղորայք չկա, չենք կարող քեզ բուժել։ Սեպտեմբերի 28-ին նոր հասնում ենք Հանրապետական հիվանդանոց՝ Երևանում»,-ասում է նա և նշում, որ ընկնելու հետևանքով կոտրել է նաև նույն ձեռքը։ «Հիմա ձեռքս չեմ կարողանում աշխատացնել։ Ընկնում եմ էս նույն ձեռքս երկու տեղից ջարդվում է։ Հիմա երկաթներ կան ձեռքիս մեջ»։
Ռիմա Մովիսյանն այժմ ընտանիքի հետ բնակվում է Հրազդանում։ Նա 9 երեխա է լույս աշխահր բերել։ Նրանից մեկը՝ 42-ամյա Սլավիկ Մովսիսյանը, զոհվել է 2020 թվականի պատերազմին։ Կամավոր էր մեկնել հայրենիքը պաշտպանելու։ Նա Չորս երեխաների հայր է։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։