Ռուսաստանում Հայաստանի դեսպան՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման ավարտի նախօրեին ռուս-հայկական լուրջ սկանդալ բռնկվեց՝ կապված 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքում ռուսական զորքերի տեղակայման և Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի հանձնելու մասին կասկածելի փաստաթղթի ստորագրման հետ։ 

Այն, որ նման փաստաթուղթ ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները՝ շրջանցելով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնեց Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Արա Այվազյանը։ Մի քանի օր անց ԱԳՆ-ն հաստատել է նման փաստաթղթի առկայությունը։

Ինչո՞ւ Արա Այվազյանը հենց հիմա հիշեց այդ փաստաթղթի մասին, թեկուզ Հրանտ Բագրատյանը դեռ 2021-ի փետրվարին հրապարակեց այդ փաստաթուղը, որի առկայույունը կառավարությունը հերքում էր։ Ինչո՞ւ  է Արա Այվազյանը շեշտում , որ հուշագիրը ստորագրել է պաշտպանության նախարարը, չնշելով՝ վարչապետը տեղյա՞կ էր, թե՞ փաստաթուղթն առանց նրան է ստորագրվել։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից 10 օր անց, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց, և նրա փոխարեն նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը, որն իրեն ռուսական գեներալ էր անվանում։ Հարությունյանը որոշ ժամանակ անց հուշագիր ստորագրեց, որով հայկական տարածքի մի մասը փոխանցվում էր թշնամուն (իբր խորհրդային սահմաններով), իսկ Սյունիքում տեղակայվում էին ռուսական զորքեր։

Այդ ընթացքում վարչապետ Փաշինյանը ամենաբարձր ամբիոններից Սյունիքի գյուղերի ոչ հայկական անվանումերն էր տալիս՝ էյվազլի, չայզամի եւ այլն, ամեն մի բառով հասկացնել տալով, որ այդ տարածքները ոչ միայն հայկական չեն, այլեւ զավթվել են «վատ» նախկինների կողմից։

Արդյունքում փակվեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհը եւ սկիզբ առավ հայկական հողերի հանձնման արատավոր պրակտիկան։ Սև լիճ, Ջերմուկ, Տեղ, հետո ամբողջ Արցախը, որն այլեւս Լեռնային Ղարաբաղ դարձավ, վերջերս Տավուշի գյուղերը, որոնք եւս վարչապետի մակարդակով ոչ հայկական անուներով կոչվեցին։ Փաշինյանի կառավարությունում գրեթե բոլոր զիջումները բացատրվում էին «միջանցքային տրամաբանությունից» խուսափելու մտադրությամբ։

Այդ հողերի հայձնումը օրինականոցնող որեւէ փաստաթուղթ այդպես էլ չհայտնվեց՝ Ազգային ժողովի կամ Սահմանադրական դատարանի որոշման տեսքով։ Ամեն ինչ արվում է «օդում», առանց պատասխանատուների եւ մեղավորների։

Բայց ամենակարեւորը՝ բոլոր հանձնված տարածքներում հայտնվել են ռուսական զորքեր, եւ առանց որեւէ իրավական հիմքի։ Ռուսաստանը հայտարարեց, որ Հայաստանը սահմաններ չունի, ինչը թույլ տվեց Բաքվին բռնի ուժով օկուպացնել Հայաստանի տարածքի մի մասը։ 4 տարի անց, Տավուշի գյուղերի հանձումից հետո, խոսք է գնում Հայաստան-Վրաստան մայրուղին եւ գազատարը փակելու վտանգի մասին։ Այդ տարածքները եւս հանձնվեցին «պատերազմից խուսափելու» պատրվակով։

Բաքվի անպատիժ օկուպացիայի գրավականը ռուսական զորքերն են, որոնք 2020 դեկտեմբերի հուշագրով՝ հակառակ հայ-ռուսական միջպետական ​​պայմանագրի, տեղակայվեցին Սյունիքում, հետո Սոտք-Խոզնավար գծի երկայնքով։ 2022 թ․ սեպտեմբերին Ջերմուկում ճեղքումը տեղի ունեցավ այն տարածքով, որտեղ տեղակայված էին ռոսները․ նրանք նախապես թողել են դիրքը եւ հեռացել։ Այդ տեղերում նույն պատմությունն էր։

Հիշեցնենք, որ ռուս-հայկական պայմանագրով ռուսական բանակային զորքերը իրավունք ունեն տեղակայվել միայն Գյումրիի 102-րդ ռուսական բազայի եւ Էրեբունի օդանավակայանի տարածքում, իսկ ռուս սահմանապահները՝ Իրանի եւ Թուրքիայի հետ սահմանին։ Բայց երեք տարի նրանք տիրություն են անում ՀՀ ամբողջ տարածքում։

Ի՞նչ է փոխվել, ինչո՞ւ են հիշել 2020 թ․ հուշագիրը եւ արդեն մեղավոր գտել՝ ի դեմս Վաղարշակ Հարությունյանի։

Վերջերս հայտարարվեց, որ ռուսական զորքերը սկսեցին դուրս բերել Սյունիքից։ Փոխվել է նաեւ Հայաստանի դեսպանը Ռուսաստանում՝ այդ պաշտոնում նշանակվեց Գուրգեն Արսենյանը։ Նույն օրը գրավով ազատ արձակվեց 3 տարի նախադատական կալանքի տակ գտնված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

2020-ին համաշխարհային լրատվամիջոցները փորձեցին պարզել, թե ինչպես է Հայաստանն առանց որևէ իրավական հիմքի հրաժարվում իր տարածքներից և ինչու է իրականում իր տարածքները հանձնում Ռուսաստանին։ BBC-ն նույնիսկ մեծ նյութ է հրապարակել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ «Հայերը բողոքում են խորհրդային սահման վերադարձի դեմ»:

Պարզ չէ, պատասխանատվության կենթարկվե՞ն այն անձինք, ում ստորագրությամբ զոհասեղանին դրվեց ու մաս առ մաս կազմաքանդվեց Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Եւ արդյո՞ք այդ առատավոր ընթացքը կանգ է առել։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest