«Էս բուժքուրը, էս կարմիր շորովն էր ասում, երգի մենք պար գանք։ Էս մեկն էլ ասում էր՝ թաղեմ ես քեզ»,-Forrights.am-ի հետ զրույցում տիկին Լիանան ցույց է տալիս գերության օրերից մի տեսանյութ և պատմում, թե ինչպես են իր հետ վարվել ադրբեջանցիները։ Տեսանյութում ադրբեջանական կեղծ քարոզչությունն է՝ ինչպես են ադրբեջանցի բուժքույերը վիրակապում տիկին Լիանայի ձեռքը, իսկ կադրից դուրս նրան հոգեբանական ճնշումների են ենթարկել, ստիպել են ադրբեջաներ երգեր երգի։ Ուշագրավ է, որ բռնությունները կիրառել են ադրբեջանցի բուժաշխատողները, որոնք պետք է մարդասիրությամբ օժտված լինեին։

«Ահա տեսեք այս տեսանյութում մեզ հաց են տալիս, երշիկ, թե իբր լավ մարդիկ են։ Հետո, որ նկարեցին, ավարտեցին սկսեցին վատ վարվել մեզ հետ, ձեռք էին առնում։ Ես մեծ կին եմ, մազերս պոչիկ էր կապել ու ծիծաղում էր բուժքույրը»,-ասում է տիկին Լիանան ու նշում՝ նրանց կեղծիք ցուցադրելու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ վիրակապել են իր առողջ ձեռքը և համացանցում ներկայացրել, թե իբր բուժօգնություն են ցույց տալիս։

Լիանա Ավանեսովան Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից է։ Գերության մեջ է հայտնվել սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո։ Forrights.am-ն արդեն ներկայացրել է Լիանայի հետ գերության մեջ հայտնված Գայանե Գաբրիելյանի պատմությունը։

Սեպտեմբերի 19-ին Լիանա Ավանեսովան դստեր հետ գնացել է անտառից ցախ հավաքելու՝ վառարանի համար, քանի որ կերակուր պատրաստելու այլ տարբերակ չկար, Սառնաղբյուրը զրկված էր էլեկտրաէներգիայից։

«Շալակեցինք ցախը, որ գանք տուն ուժեղ կրակոցները լսեցի։ Մի քիչ վազեցի, ցախը գցեցի ու գնացի գյուղապետի տուն։ Իրենց տնից վերև մի հատ թումբ կար, տարավ այնտեղ։ Գյուղում շատ մարդ չկար։ Մեծերը մի ավտո էին վերցրել, երեխաներին թողել տանը, գնացել քաղաք, որ ուտելիք ճարեն։ Բոլորի երեխաներին գյուղապետը հավաքեց, բերեց այդ ծառի տակ։ Կրակոցները գնալով ուժեղանում էին, պայթյուներ էին լինում, մեր վրա մանր քարեր էր գալիս այդ պայթյուններից»։

Տիկին Լիանան պատմեց, որ պայթյուններից մեկի բեկորները հասել են իրենց թաքցստոցի մոտ, դիպչել իրենց ու երեխաներին։ Ականջներս փակվել էր, երեխաները լացում էին, բայց ձայնը ոնց որ հեռվից լսվեր։ Տեսնեմ՝ տղայիս դեմքին արյուն կա, հետո տեսա, որ աղջկաս թուշն է ծակել, ասկոլկեքը լցվել են լնդերի, վզի և ոտքերի  մեջ, ինչքան մարդ կար վիրավորվել էր»։

Գյուղապետը, տիկին Լիանայի հիշելով, տասը վիրավոր երեխաներին իր մեքենայով տարել է հիվանդանոց, իրենք՝ չորս հոգով, մնացել են գյուղում․ Լիանան, Գայանեն, Ջեմման և Լիպարիտը։ Նրանք մայր ու որդին են։ Գյուղապետի հայրն ու կնոջ մայրը, ինչպես նաև երկու անչափահաս եղբայրներ՝ Նվերը ու Միքայելը մահանում են բերկորներից ստացած վնասվածքներից։  «Դիերը երեք օր այնտեղ են մնացել»։

Վիրավոր և անօգնական մնացած սառնաղբյուրցիները երեք օր մնացել են գյուղապետի տանը՝ Լիանայի խնամքին, քանի որ նա էր միակ թեթև վնասվածք ստացածը։ «Բոլորը վիրավոր էին, շատ կներեք, բայց դույլ էի գտել, որ նրանք իրենց բնական կարիքները հոգային։ Ուտելիք էի փնտրում նրանց համար, մի կոմպոտ ճարեցի, ինչ գտնում էի կերակրում էի նրանց։ Գյուղապետի տանից հաց գտա՝ առանց աղ ու շատ պինդ, չկարողացանք ուտել»։

Դաժանության երրորդ օրը միայնակ մնացած սառնաղբյուրցիների կյանքն ավելի է բարդանում։ Գյուղ մտած առդրբեջանցիները նրանց գերեվարում են։ «Իրենց լեզվով ինձանից ջուր ուզեցին։ Ինձ թվաց ես եմ շոկի մեջ, որ ադրբեջաներեն եմ լսում։ Գոռացի՝ թուրքերը եկան։ Մի կես ժամ էլ չմացինք, մեզ տարան»,-մինչև Սառնաղբյուրից հեռանալը թշնամու զինվորները թալանել են գյուղից բռնի տեղահնված բնակիչներին՝ գողանալով նրանց ոսկյա զարդերն ու գումարը։

Տիկին Լիանան հիշում է, որ ինչ-որ պահի ադրբեջանցիները նրանց ոտքով են տարել։ «Գայանը, Ջեմման և Լիպարիտը քայլել չէին կարողանում, նրանց պատգարակով էին տանում։ Տանջում էին, այնպես էին տանում, որ կպնեն քարերին, քարշ էին տալիս։ Քարքարոտ դաշտ էր, ես քայլում էի, ոտքերս ճղվել էր։ Տանջելը որն է, ասում էին՝ շուտ շուտ քայլեք»։

Տիկին Լիանային և մյուսներին տեղափոխել են Ակնա։ Այնտեղ հոգեբանական բռնությունների են ենթարկվել։ «Ինձ բուժքույրներն ասում էին՝ ադրբեջաներեն երգի, մենք պար գանք, ստիպում էին, որ Փաշինյանի հետ կապված երգը երգեմ։ Չեմ երգրել, ասել եմ ադրբեջաներեն չգիտեմ։ Հետո, ես վիրավորված չեմ, ինձ տարել են բուժկետ, անիմաստ ձեռքս վիրակապում էին, որ նկարեին, թե իբր վիրավորի են օգնում, հենց նկարեցին ավարտեցին, բինտը քաշեցին, քիչ էր մնում ձեռքս կտրվեր»։

Հինգ օր գերության մեջ պահելուց հետո ադրբեջանցիները սառնաղբյուրցիներին այլ անձանց հետ փոխանցել են Արցախի փրկարարներին՝ մինչ այդ սպառնալով, որ Հայաստանում լրագրողներին միայն դրական տեղեկություններ հայտնել ադրբեջանցիների մասին։ Առաջարկել են մնալ նաև Սառնաղբյուրում՝ ազգությունն ու հավատքը փոխելու պահանջով։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում

Pin It on Pinterest