Արցախից բռնի տեղահանված 70- ամյա Գյուլվարդ Մարկոսյանը անցած տարվա աշնանը Ստեփանակերտի մոտակայքում բենզալցակայանի պայթյունի հետեւանքով կորցրել է երկու թոռներին, եւս մեկ թոռը ծանր այրվածքներ ստանալուց հետո հրաշքով է ողջ մնացել։

Տարեց կինը հինգ երեխաներ ունի, 11 թոռ։ Զոհված թոռների մասին արցունքներով է խոսում.«Գժվում ես, խելագարվում ես… Ես ամբողջ կյանքում մի մարդու անգամ վատություն չեմ արել, որ իմ երեխաները լավ լինեն, ոչ մեկին… եթե մեկին մի օգնություն է պետք եղել, մի բան, ամեն մեկին հասել եմ… կյանքումս ոչ մեկին մի վնաս չեմ տվել…բայց այսպես եղավ»։

Գյուլվարդ տատի թոռներ Ռոմանն ու Արսենը նույն ժամանակ են բանակ զորակոչված եղել, ծառայելիս են եղել, երբ սկսվել է արցախյան վերջին պատերազմը։ Տղաները թեեւ տարբեր դիրքերում են եղել, երկուսն էլ հայտնվել են շրջափակման մեջ, ինչից հետո ազատվելուն պես գնացել են հարազատներին գտնելու, քանի նրանք արդեն իրենց գյուղից՝ Մարտակերտի շրջանի Առաջնաձոր գյուղից տեղահանված են եղել։

Թոռներից ամենաավագը՝ Արտմյոմը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել.«2020ի պատերազմի ժամանակ, երբ Արտյոմն էր պոստերում, շատ դժվար էր, ամենքս նրա մասին էինք անհանգստանում, գյուղից չէինք հեռանում… շատ դժվար էր»։

Գյուլվարդ տատի խոսքով, Արցախյան առաջին պատերազմների ժամանակ էլ իր որդիներն էին մասնակցում.«Առաջին պատերազմներին տղաներս էին գնում, վերջիններին թոռներս… բոլորը հետ եկան, բայց հետո այս պայթյունը եղավ… ո՞վ կիմանար»։

Ինչպես պատմել էինք ավելի վաղ, դիրքերից վերադառնալուց հետո Ռոմանն ու Ասենը հայտնաբերել են, որ իրենց հարազատ Առաջնաձորն արդեն թշնամու վերահսկողության տակ է եւ հարազատները հեռացել են, ապա նրանց գտել են Ստեփանակերտում։ Տղաները հաջորդ օրվանից անցել են վառելիք հայթայթելու գործին։ Ինչ-որ պահի լսել են, որ  Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի պահեստում վառելիք կա։ Ռոմանը, Արսենը եւ իր հարազատ եղբայրը՝ Արտյոմը միասին ճանապարհ են ընկել դեպի այդ վայրը, որտեղ էլ որոտացել է ուժեղ պայթյունը։

Տղաները անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց։ Արսենը մահացել է դեռեւս Ստեփանակերտում, քանի որ ամենածանր այրվածքները ստացել է հենց նա։ Ռոմանին հաջողվել էր ուղղաթիռով տեղափոխել Երեւան՝ Այրվածքաբանական հիվանդանոց, սակայն օրեր անց նա եւս մահացել է։

Եղբայրները հուղարկավորվել են Եռաբլուրում, կողք կողքի։

Գյուլվարդ Մարկոսյանի ասում է՝ թեեւ ավագ թոռը՝ Արտյոմը արդեն անհամեմատ լավ է, սակայն պետք է շարունակի իր բուժումն ու նոր վիրահատություններ անցնի, սակայն նա դա անել չի ցանկանում։ Եղբայրներին կորցնելուց հետո նա դեռեւս հոգեբանորեն լիարժեք չի վերականգնվել եւ չի ցանկանում ինքն իր մասին հոգ տանել։

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest