Ստեփանակերտցի պայմանագրային զինծառայող Մադաթ Ասրյանը 2023թ. սեպեմբերի 19-ին իր զորամասում էր։ «Դեռ մայիսի վերջից էինք սպասում, որ պատերազմ պիտի լինի։ Շրջափակման ծանր պայմաններում ակնկալվում էր, որ իրավիճակը լրջանալու է և ի վերջո զինված պայքար պիտի սկսվի։ Սեպտեմբերի սկզբից արդեն պարզ էր, որ թշնամին պատրաստվում է դիմել ռազմական ագրեսիայի։ Բայց Արցախի ողջ բնակչության բռնի տեղահանում և լրիվ հայաթափում չէինք պատկերացնում»,- մեզ հետ զրույցում ասաց ներկայումս Գյումրիում ապրող Մ. Ասրյանը։

Մեկօրյա պատերազմի ընթացքում իրենց զորամասն ունեցավ 1 զոհ ու վիրավորներ։ Հրադադարի պայմանավորվածության արդյունքում նա ևս իր ընտանիքի հետ մեկտեղ պետք է տեղահանվեր։  «Սեպտեմբերի 19-ին տանն էի, ամուսինս՝ զորամասում։ Զուգադիպություն էր, թե չէ, չգիտեմ՝ ինչպես  2020թ., այնպես էլ 2023թ.-ին երկու աղջիկներս առավոտյան արթնացել են բարձր ջերմությունով և նրանց դպրոց չեմ ուղարկել։ Առաջին պայթյուններից հասկացա, որ կրկին պատերազմ է։ Աղջիկներիս անմիջապես իջեցրի նկուղ, որտեղ էլ մնացինք ամբողջ գիշեր։»,-պատերազմի առաջին ժամերը նկարագրեց Մ. Ասրյանի կինը՝ նառան։

Ստեփանակերտից նրանց ընտանիքը տեղահանվեց սեպտեմբերի 25-ին։ Շարունակելով այդ դաժան օրերի իրենց պատմությունը, Նառան տեղեկացրեց, որ տնից հեռանալուց ոչինչ չեն վերցրել։ «Միայն երեխաներս խնդրեցին վերցնել իրենց պայուսակները, որ ինչքան գիրք ունեն կարողանան տեղավորել։ Ասում էին՝ մամ վերցնենք մեր սաղ գրքերը, որ թուրքերը գան մտնեն մեր տուն՝  գրքերը չճղեն։ Ինչքան հնարավոր էր գրքերով լցրեցի իրենց պայուսակները և հետո նոր դուրս եկանք։Հույս էլ չունեինք, որ Հակարիի կամուրջը կարող է նորմալ անցնեինք։ Աղջիկներս 2 օր ընդհանրապես չէին քնում ու հենց իմացան, որ պետք է անցնեն Հակարիի կամուրջը՝ միանգամից վախից քնեցին։ Արթնանալուց անմիջապես հարցրին՝ մա՜մ կամուրջն անցանք, ինչ լավ է, որ քնած էինք ու թուրքերին չտեսանք»,-հուզմունքով պատմեց 38-ամյա կինը։

Բռնի տեղահանության խառնաշփոթ օրերին զինծառայողներից շատերն անվտանգությունից ելնելով գաղտնի փաստաթղթերի հետ վառեցին ու ոչնչացրին նաև իրենց անձնական տվյալները։ Կապավոր Մ. Ասրյանը նույնպես ոչնչացրեց իր 25 տարվա զինվորական  ծառայության փաստաթղթերը և արդեն Հայաստանում զինվորական թոշակի անցնելու համար նա բախվեց խնդիրների։ Յոթ ամսվա քաշքշուկներից հետո  ի վերջո կարգավորվել է այդ խնդիրը։ Սակայն տեղահանությունից մինչ այսօր մեր զրուցակցի ընտանիքը չի օգտվում ՀՀ կառավարության կողմից արցախցիներին բնակապահովման խնդիրների լուծման համար տրամադրվող 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրից։ Նրանք ստանում են միայն 10 հազարական դրամը։ Ծրագրի շահառու չհանդիսանալը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային ծառայությունից պատճառաբանել են Մ. Ասրյանի կնոջ՝ Նառայի ՀՀ-ում ծնված լինելու հանգամանքով։

Կինը ծնվել է Գորիսում և ամուսնությունից հետո ստացել էր Արցախի գրանցում։ Նրան ու երեխաներին մինչև հիմա փախստականի կարգավիճակ չեն տրամադրել։ «Հայրական տնից ես 27քառ. մետր բաժնեմաս ունեմ, ինչի պատճառով ինձ, ամուսնուս ու մեր 2 անչափահաս աղջիկներին մերժել են տան վարձավճարների համար նախատեսված 40 հազարական դրամի աջակցությունից։ Ասում են դուք ամուսիներ եք, որտեղ կինը, այնտեղ էլ ամուսինը։ Թող ես չստանամ, բայց ամուսինս ու երեխաներս ինչո՞ւ պիտի տուժեն։ Հայրական մեր տանն ապրում են երկու եղբայրներս՝ իրենց ընտանիքներով(ամեն մեկն ունի 3 երեխա) ու հնարավոր չէ նրանց հետ մեկտեղ ապրել։ Դիմել ենք Գյումրիի սոցիալական տարածքային բաժին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական տարածքային կենտրոն, սակայն ստացել ենք մերժման պատասխան»,-վրդովված տեղեկացրեց Նառան։

Նա պատրաստ է անգամ հրաժարվել հայրական տան իր մասնաբաժնից, սակայն այդ դեպքում նույնիսկ նա պիտի սպասի 5 տարի, որ այդ որոշումը օրինական համարվի։ Մ. Ասրյանի ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում։ Չեն կարողանում վճարել տան վարձը և ամուսնու պահակի աշխատավարձով հնարավոր չէ հոգալ ընտանիքի կենսական խնդիրները։ Նրանք նույնիսկ չեն կարողանալու դառնալ ՀՀ կառավարության կողմից ներկայացված Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու։ Մինչև հիմա երկու երեխաներից մեկի 100-հազարական դրամի աջակցությունը չեն ստացել։

«Մեր հիմնական խնդիրը բնակարանի ու կոմունալների վարձավճարներն են։ Արցախից տեղահանվելուց հետո երբ Գյումրի եկանք, բնակվարձերը 150-200 հազար դրամ էին ասում։ Մինչև հիմա 150 հազար բնակվարձ էինք տալիս  ու նոր տեղափոխվեցինք այլ բնակարան՝ 100 հազ. դրամի վարձավճարով։ Ստեփանակերտում մեր բնակարանում նորմալ ապրում էինք, հողամաս էլ ունեինք և նախատեսում էին տուն կառուցել, ամուսինս աշխատում էր և փառք Աստծո, մեր 7 և 9 տարեկան աղջիկներին ապահով պահում էինք։ Բայց շրջափակման 9 ամիսներին երեխաներս զրկված էին ամեն ինչից։ Հիմա էլ շատ դժվարությամբ ենք հոգում մեր կենսական խնդիրները։ Չգիտենք ինչ անենք, ում դիմենք. ոչ մի կառույց չի աջակցում»,-նշեց կինը։

Նշենք որ, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ բնակվարձի փոխհատուցում պետք է ստանան նաև այն քաղաքացիները, որոնց բնակելի տան մասնաբաժինը չի գերազանցում 20 քառ.մետրը, բայց նման վիճակում հայտնված արցախցիները չեն ստանում այդ աջակցությունը։ «Այն անձինք, ովքեր ՀՀ-ում չունեն սեփականություն կամ ունեն բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք և այդ բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից, կստանան ամսական 50 հազար դրամ աջակցություն այլ դեպքերում՝ աջակցությունը կտրամադրվի 10 հազար դրամի չափով»,-նշված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակում։  

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest