Ժամկետային, ապա պայմանագրային ծառայության անցած 19-ամյա Ռոման Թելյանը քույրիկի ծննդյան օրը երազում էր ոսկյա շղթա նվիրել։ Այդ շղթան քույրիկը ստացել է եղբոր մահից հետո՝ «Ես միշտ կլինեմ կողքիդ» գրությամբ։

Թելյանը մեծացել էր ՌԴ-ում, նա, մայրը եւ քույրիկը նույնիսկ ՌԴ քաղաքացիություն ունեին, սակայն երիտասարդը հստակ հայտարարել էր, որ վերադառնալու է ու ապրելու է հարազատ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Այդպես էլ եղել էր։ Ռոմանը ավարտել էր գյուղի դպրոցը, ապա անցել էր ծառայության։

«Ծառայության ընթացքում պայմանագիր ստորագրեց, որ կարողանա ամսվա կեսը տանը լինել, մյուս կեսը ծառայության մեջ։ Սիրտս կտոր կտոր էր լինում, բայց հասկանում էի, որ իր ուզածն է։ Շուտ շուտ էի նրա մոտ գնում, ուտելիք էի տանում, մանավանդ երբ Արցախի շրջափակումը սկսվեց, անընդհատ կապի մեջ էր իր քեռու հետ, նրան ամեն ինչ պատմում էր»,- հիշում է Ռոմանի մայրը՝ Մարիա Մարկոսյանը։

Նրա խոսքով, սեպտեմբերի 19-ի ռազմական գործոությունների ժամանակ որդին հայտնվել է շրջափակման մեջ, ապա կարողացել է ազատվել, ինչից հետո, սակայն, հրաժարվել է տուն վերադառնալ. «Ստեփանակերտում ահավոր վիճակ էր, մենք արդեն այնտեղ էինք։ Ես վերջինն եմ լքել գյուղը, ասում էի՝ մինչեւ երեխաս չգա, ես չեմ գնալու, ուտելիք էի սարքել, որ երբ նա գա, ուտի, սոված չմնա… չէի մտածում գյուղը թողելու մասին, բայց եղբայրս արդեն գիտեր, թե ինչ վտանգավոր է մնալը, ինձ խաբեց, որ տղաս արդեն գալիս է ու ես նրանց հետ դուրս եկա գյուղից»։

Մարիայի խոսքով, նույն ժամանակ ծառայության մեջ էր նաեւ իր եղբոր որդին՝ Արսեն Մարկոսյանը, ով եւս բանակ էր զորակոչվել 2022 թվականի՝ Ռոմանի հետ միասին։

Դիրքերից վերադառնալուց հետո Ռոմանն ու Արսենը հայտնաբերել են, որ իրենց հարազատ Առաջաձորն արդեն թշնամու վերահսկողության տակ է եւ հարազատները հեռացել են, ապա նրանց գտել են Ստեփանակերտում։

Տղաները հաջորդ օրվանից անցել են վառելիք հայթայթելու գործին։ Ինչ-որ պահի լսել են, որ  Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի պահեստում վառելիք կա։

Ռոմանը, Արսենը եւ իր հարազատ եղբայրը՝ Արտյոմը միասին ճանապարհ են ընկել դեպի այդ վայրը։

«Ինչ-որ մեկը ասեց, որ պայթյուն է եղել… Մթին, անձրեւի տակ վազել ենք հիվանդանոց…ահավոր վիճակ էր… բան չէինք հասկանում, միայն վառված մարդկանց էինք տեսնում։ Վերակենդանացման բաժանմունքում էինք փնտրում, կանգնած էի, մեկ էլ լսեմ՝ մամա- մամա։ Չեմ հասկանում, թե որտեղից է ձայնը… մամա- մամա։ Մեկ էլ նայեմ՝ Ռոմանի խաչն է։ Ռոմանս էր, չէի ճանաչել… Ամբողջ գիշեր կողքը մնացի, ջուր էր ուզում, տալիս էի։ Ով կար, հարցնում էի, ինչ է կարելի անել, ինչը ոչ, բոլորն ասում էին՝ կամավոր ենք, ոչինչ չգիտենք։ Բժիշկ չկար, հասկանալի չէր, թե ով ինչ է անում, մի ահավոր վիճակ էր»,- պատմում է Մարիա Մարկոսյանը։

Մայրը սեփական ձեռքերով է խնամել որդուն, կտրել է այրված եւ որդու մարմնին կպած նրա հագուստը, նրան փաթաթել է սպիտակեղենով։ Մեկ այլ հիվանդասենյակում Արսենին են գտել։ Ցավոք, նա 90% այրվածք էր ստացել եւ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ի առավոտյան մահացել է։

Ռոմանն ու Արտյոմը նույն օրն ուղղաթիռով տեղափոխվել են Երեւան։ Մայրը մի քանի անգամ այցելել է Ռոմանին։ Չիմանալով եղբոր մահվան մասին, նա անընդհատ Արսենից է հարցրել, մայրն ասել է, թե լավ է։

Ինքը՝ Ռոմանը, մահացել է հոկտեմբերի 3-ին առավոտյան։  Մայրը մինչ օրս չի կարողանում իրեն ներել, որ լսել է բժիշկներին եւ վերջին անգամ որդուն տեսակցել է շատ կարճ ժամանակով։

«Րոպե էլ չթողեցին էրեխուս մոտ մնամ։ Ռոմանն ինձ ասաց՝ մամա, ինձ տեղափոխիր ուրիշ հիվանդանոց։ Ասացի՝ Ռոմա, ասում են ամենալավը սա է, այստեղ դեղեր, ամեն ինչ կա։ Այրվածքաբանականն է։ Ասաց՝ մամա, ինձ տեղափոխիր, այստեղ ինձ լավ չեն նայում։ Ինքը տպավորություն ուներ, որ իրեն լավ չեն նայում… հետո ասաց՝ մամա, որ գաս ինձ սնիկերս բեր… բժիշկները գիտեին, որ ծանր վիճակում է, կարող էին թողնել նրա մոտ, կարող է մի բան ինձ ավել ասեր… Չհասցրեցի մի Սնիկերս տանեմ, տամ իրան… որդուս ուզածը ամեն անգամ գերեզման եմ տանում, թողնում…»։

Որդուն կորցրած Մարիան իր դստեր հետ այժմ ապրում է Աշտարակում՝ եղբոր ընտանիքի հետ, ասում է՝ իր միակ սփոփանքը Եռաբլուրում որդուն շիրիմին այցելելն է։ Նա շատ է անհանգստանում դստեր համար, ով դեռ դպրոցական է.«Աղջիկս միշտ տխուր է, բոլորը դա նկատում են… երբ պայթյունից հետո հիվանդանոցում էի, Ռոմանին էի խնամում, իմ ու եղբորս աղջիկներին չէի ասում, թե ինչ վիճակ է, ինչ է կատարվում, որ չվախենան։ Հետո իմացա, որ աղջիկները ամբողջ գիշեր որպես կամավոր հիվանդանոցում  վիրավորներին են խնամել…»։

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest