Երևանի մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի  տաղավարներից մեկում ամեն օր տաք ժենգյալով հացի բուրմունքն է պատում և անցորդների տեսադաշտից չի վրիպում  պատին փակցված «Շուշվա համը» անվանումը։ Այդպես է անվանել ժենգյալով հացի իր տաղավարը Լիդա Մկրտչյանը։ Պարզվեց նա Արցախում ուսուցչուհի էր ու շուրջ 30 տարի հայոց լեզու եւ գրականություն էր դասավանդում Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցում:

«Ամուսինս՝ Մերուժան Սարգսյանը, մաթեմատիկայի ուսուցիչ էր, ես՝ հայոց լեզվի և գրականության։ Շուրջ 20 տարի էլ Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի փոխտնօրենն էի։Հաշտ ու համերաշխ ապրում էինք, սակայն 2016թ.  քառօրյա պատերազմից հետո մենք արդեն ապրում էինք խաղաղության և պատերազմի մեջ։  2020թ. սեպտեմբերի 27-ը սովորական կիրակի օր էր։ Շտապում էի տնային գործերն ավարտել, որ գնանք եկեղեցի։ Մեր տունը երկու՝ Ս.Հովհաննես Մկրտիչ ու Ս.Ղազանչեցոց  եկեղեցիների արանքում էր։ Սակայն այդ օրը հենց լսվեցին պայթյունները, անմիջապես հասկացա, որ պատերազմ է։ Շտապ դուրս եկանք։ Ոչ թաքստոց կար, ոչ հարմար նկուղ։ Հարևաններով այս ու այն կողմ նայելով որոշեցինք գնալ Մշակույթի տան բակը, որը մոտ էր։ Այդտեղ արդեն մեծ թվով երիտասարդներ էին հավաքվել, որ կամավորագրվեն պաշտպանությանը։ Երեք որդիներս էլ կամավոր տարբեր ուղղություններով մեկնեցին պաշտպանական դիրքեր»,-պատերազմի իր ապրումները ներկայացրեց զրուցակիցս՝ շարունակելով թխել ժենգյալով հացը։

Շուշիի ուղղությամբ ռմբակոծություններն աստիճանաբար սաստկացել էին, վիճակն ավելի վատթարացավ Մշակույթի տան և Ս.Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու ռմբահարումից ու ավերումից հետո։ Ամեն ինչ շատ լուրջ էր։ Ներքին անհանգստությունն ու տագնապը հանգիստ չէին տալիս տիկին Լիդային, որովհետև տղաներն առանց հերթափոխի էին պաշտպանական դիրքերում։ Զինկոմիսարիատից նրան տեղեկացրել են, որ փոխարինելու հրաման չկա։ Զրուցակիցս հարևաններին խոստացել էր, որ հենց երեք որդիները վերադառնան ռազմաճակատից՝ ժենգյալով հաց է թխելու: Օրերից մի օր երեքն էլ առանց պայմանավորվելու հրաշքով կարճաժամկետ տուն են գալիս և ուրախացած մայրը լծվում է կատարելու իր  խոստումը։

Անտեսելով ռումբերի ու արկերի տեղատարափը,  տիկին Լիդան մի կնոջ հետ  այգուց կանաչեղեն են հավաքում և բերում ապաստարան: «Կանանցով միասին մաքրեցինք, լվացինք, կտրտեցինք կանաչիները և թխեցինք 50 ժենգյալով հաց, ինչը բոլորին էլ հասավ։ Նկուղային օրերի մեր ամենածանր պահերը զոհվածների անունները հրապարակային լսելն էր։ Շունչներս պահած կարդում էինք նրանց ազգանունները։ Մի անգամ տղայիս անուն ազգանունով զոհվածի անուն հրապարակեցին։ Ամուսինս վատացավ։ Կողքից հավաստիացրին, որ՝ պարոն Մերուժ ուրիշ հայրանունով է։ Նա էլ ասաց, որ ինչ տարբերություն հայրանունն ուրիշ է, թե իմը՝ մեկի տունը քանդվեց, չէ»,-այդ օրերի մղձավանջի մասին հուզված պատմեց ուսուցչուհին։

Ամուսնանալուց հետո, 1983թ.-ից  Լիդա Մկրտչյանը շուրջ 7 տարի ապրել է Երևանում, սակայն Արցախյան շարժման  ժամանակ որոշում են ընտանիքով տեղափոխվել Արցախ և իր ներդրումն ունենալ Գոյապայքարին։ Լիդա Մկրտչյանը ծննդով Ճարտարից է, ամուսինը՝ Սոս գյուղից։ 1990թ. ընտանիքով տեղափոխվել են Սոս գյուղ և ամուսինը մասնակցել է Արցախյան ազատագրական պայքարին, իսկ Շուշին ազատագրելուց հետո հաստատվել են բերդաքաղաքում։ Շուշի քաղաքում է  ծնվել է նրանց 3-րդ որդին։

2020թ. հոկտեմբերի վերջին օրերը Շուշիում խիստ վտանգավոր էր։ Տիկին Լիդան և ամուսինը  չէին ուզում լքել քաղաքը։ «Տղաներս ստիպեցին, որ մենք էլ տարհանվենք Հայաստան։ Նրանք մեզ ուղեկցել են Տեղ գյուղ, որտեղից տեղափոխվել ենք Երևան։ Նոյեմբերի 9-ի՝ լույս 10-ի գիշերը, տղաս զանգեց, թե պատերազմը վերջացել է, բայց մենք այլևս ոչինչ չունենք։ Շատ ծանր էր ինձ համար, բայց որպես մայր պետք է նրանց գոտեպնդեի։ Ասացի՝ տղա ջան մի մտահոգվի նյութականի մասին. Կարևորը դուք ողջ եք։ Հաջորդ օրը նրանք Երևանում էին։ Տղաներս մեր տնից բացարձակապես ոչինչ չկարողացան վերցնել։ Ես հետս վերցրել էի միայն  փաստաթղթերս ու տան բանալին։ Մինչև հիմա չգիտեմ, թե այդ բանալիներն ինչի համար եմ պահում»,-վրդովված նշեց զրուցակիցս։

Երևան տեղափոխվելուց և ամեն ինչ կորցնելուց հետո նրանք պետք է նոր կյանք սկսեին։ Մտավորականի ընտանիքը հայտնվել էր բարդ վիճակում։ Արդեն թոշակի տարիքին մոտ ամուսինների համար դպրոցում աշխատելն իրատեսական չէր և տիկին Լիդայի մոտ հղացավ արցախյան ավանդական ժենգյալով հացի վաճառքով զբաղվելու միտքը։ Այժմ  մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում վարձակալած վաճառքի փոքրիկ տաղավարում ամեն օր պատրաստում է արցախյան ժենգյալով հացը։ Զրույցի ընթացքում սառնարանից հանում է թարմ կտրտած կանաչիներով տարան, նոր հունցած խմորը, փոքր սեղանի վրա գրտնակում եւ ջերմորեն պատրաստում է հացը:

«Ով կմտածեր, որ ժենգյալով հաց թխելն ինձ համար կդառնար ապրուստի միջոց։ Քանի որ մենք կորցրեցինք Արցախը, ես չէի ուզում, որ մշակույթն էլ անհետանա ու որոշեցի պահպանել մեր ավանդական հացի պատրաստման բանաձևը՝ այս փոքրիկ բիզնեսն անվանելով «Շուշվա համը»։ Այդպես ես վառ եմ պահում մեր հիշողությունները, մեր մշակույթի կարևոր ու առանձնահատուկ բաղադրիչը։ Յուրաքանչյուր կին պարտավոր է ժենգյալով հաց թխել և պատրաստ եմ նույնիսկ սովորեցնել։ Թող իմ գործը պակասի, բայց այդ մշակույթը զարգանա»,-հավելեց տիկին Լիդան։

Նրանց հետ փոքր մակերեսով բնակարանում ապրում է նաև 90-ի շեմին հասած սկեսուրը։ Բնակապահովման և զբաղվածության խնդիրների պատճառով երկու տղաները չեն ամուսնանում։ «Այստեղ աշխատավարձերը շատ ցածր են և տնանկ արցախցին չի կարողանում հոգալ իր կենսական խնդիրները։ Իսկ կառավարության կողմից առաջարկվող բնակապահովման ծրագրով հնարավոր չէ ներկայիս շուկայական գներով բնակարան ձեռք բերել։ Ծրագիրը իրատեսական չէ, պարզապես ծաղր է,-իր խոսքը եզրափակեց Լիդա Մկրտչյանը։

Զառա Մայիլյան

Մանրամասները՝ տեսանյութում

Pin It on Pinterest