Հայաստանի կառավարությունը հայտարարեց արցախցիների բնակապահովման ծրագրի երրորդ փուլի մեկնարկի մասին։ Առաջին փուլի գրանցումը մեկնարկել է հունիսի 15-ին, սակայն, ինչպես կառավարությունն է խոստովանում, առաջին փուլին դիմել է ընդամենը 250 ընտանիք, և միայն 30 ընտանիքի է տրվել բնակարան ձեռք բերելու վկայական։

Կառավարությունը կարծում է, որ տեմպերը շուտով կավելանան, քանի որ արցախցիները սկսել են կամաց-կամաց դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և մի քանի ամսից հարյուրավոր ընտանիքներ կհայտնվեն, ովքեր կկարողանան դիմել բնակապահովման ծրագրով վկայական ստանալու համար։

Հիշեցնենք, որ այս ծրագրով յուրաքանչյուր արցախցու հատկացվում է 3-5 մլն դրամ՝ կախված բնակարանի գնման վայրից, սակայն պարտադիր պայմանով՝ տվյալ ընտանիքի բոլոր անդամները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն։

ՀՀ քաղաքացիություն ստանալը բավականին երկար գործընթաց է, այն տեւում է մի քանի ամիս, բացի այդ, անհրաժեշտ են փաստաթղթեր, ասենք, ծննդյան վկայականներ, որոնք ոչ բոլոր արցախցիներն ունեն։ Շատերը կրակի տակ են լքել իրենց տները, ոմանք ի սկզբանե ինչ որ փաստաթղթեր չունեին, իսկ մյուսների մոտ անհամապատասխանություններ կան՝ անձնագրում մեկ հայրանուն է, իսկ ծննդյան վկայականու՝ մեկ այլ: Մարդիկ ստիպված են ամիսներ շարունակ վազել ԶԱԳՍ-երի, արխիվների և նույնիսկ դատարանների միջով, որպեսզի վերականգնեն իրենց իրավական կենսագրությունը։

Հայաստանի կառավարությունն այդպես էլ չի բացատրել, թե ինչու է արցախցիներին անհրաժեշտ քաղաքացիություն՝ Հայաստանում բնակարանային վկայականի դիմելու համար։ Հասկանալի է, որ պայմանը դրվել է ներհոսքը կանխելու եւ գործընթացը հնարավորինս ձգձգելու համար։ Կառավարությունը պետք է հնարավորինս երկար հետ պահի արցախցիներին քաղաքական իրավունքների առաջադրումից և քաղաքական ակտիվությունից։

Արցախցիների բռնագաղթից անցել է արդեն 10 ամիս, և մինչ օրս Հայաստանում չկան արցախցիների հավաքական իրավունքներն ու շահերը ներկայացնող պետական, քաղաքային, հասարակական և իրավական կազմակերպություններ։ Հայաստանի կառավարությունը ճնշում է Արցախի ժողովրդի ինքնակազմակերպման ցանկացած փորձ՝ կտրականապես մերժելով որոշումների կայացմանը մասնակցելու նրա ցանկացած փորձ։

Նման «կատեգորիկ» վերաբերմունքի դրսևորումը կարելի է գտնել ամենուր՝ սկսած արցախցիների հետ շփվելուց հրաժարվելուց (այս 10 ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ չի հանդիպել արցախցիներին, ոչ ղեկավարության, ոչ հասարակության ներկայացուցիչների հետ), և ավարտվելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին կամայական մեղադրանքներով։

Բայց խնդիրը բայոյական կողմը չէ, այլ այն, որ Հայաստանի իշխանության ձեռնարկած փաստաթղթային և իրավական խառնաշփոթը կարող է հիմք դառնալ քաղաքական իրավունքներից և կարգավիճակից արցախցիներին զրկելու, ինչպես նաեւ վերադարձի, սեփականության՝ մասնավոր և կոլեկտիվ պահանջներից:

Ի վերջո, արցախցիները թողելեն ոչ միայն իրենց տունն ու բիզնեսը հայրենիքում, այլև բնական ռեսուրսները, անտառները, ջրային ռեսուրսները, հաղորդակցությունները՝ ճանապարհներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր։ Այս ամենը եղել է Արցախի ժողովրդի հավաքական սեփականությունը, և պահանջները նույնպես կարող են լինել միայն հավաքական։

Հայաստանը պետք է լինի արցախցիների կոլեկտիվ պահանջների պրովայդերը, սակայն ՀՀ կառավարությունը նվազեցնում է իր պարտականությանը մինչեւ առանձին ընտանիքներին սոցիալական աջակցության մակարդակ՝ զրոյացնելով արցախցիների հավաքական իրավունքները։ Հենց այս համատեքստում են արցախցիները դիտարկում անհեթեթ թվացող պահանջները՝ «ժամանակավոր պաշտպանության» վկայականներ, ապա՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ։

«Ժամանակավոր պաշտպանություն» ստանալիս արցախցիներին ստիպում են փաստաթուղթ ստորագրել, որում նշվում է, որ իրենք որևէ երկրի քաղաքացի չեն։

«Քաղաքացիություն չունեցող անձանց» 100 հազար դիմումները՝ կոլեկտիվ հրաժարում է Արցախի, ազգային բարիքների և ունեցվածքի նկատմամբ իրավունքներից։ Իսկ ՀՀ քաղաքացիություն ստանալն ու բնակարանաշինության ծրագրին մասնակցելը նշանակում է հրաժարում Արցախում թողնված մասնավոր սեփականությունից։

Արցախցիները հիանալի հասկանում են նման քաղաքականության նպատակները, սակայն իրավիճակի անելանելիությունն ու ինքնակառավարման բացակայությունը ստիպում են շատերին ենթարկվել ՀՀ իշխանության պահանջներին՝ հաճախ կոպիտ շանտաժի ներքո։ Օրինակ՝ արցախցիներին ստիպել են ընդունել փախստականի կարգավիճակ՝ սպառնալով, որ չեն վճարեկու թոշակներն ու նպաստները ։ Հիմա ստիպում են քաղաքացիություն ստանալ՝ շանտաժի ենթարկելով բնակարանային ծրագրով։

Իհարկե, այս բոլոր հնարքները չեն կարող զրոյացնել արցախցիների սեփականության իրավունքը և թույլ տալ, որ օկուպացիոն ուժերը տնօրինեն իրենց ունեցվածքը։ Բայց արցախցիների կարգավիճակի և իրավունքների հետ կապված Հայաստանի կառավարության քաղաքականությունը կարող է լավ հենարան լինել հարևան պետության կողմից նրանց ունեցվածքը յուրացնելու և արցախցիների ապագա պահանջներից հրաժարվելու համար։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest