«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ»,-Հրանտ Մաթևոսյանի խոսքերն է հիշում Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղից բռնի տեղահանված Իշխան Սարգսյանը։ Նա չի ուզում մոռանալ, որ Արցախն իր հայրենինք է, իսկ Կոճողոտը՝ ծննդավայրը, բայց իրեն առաջարկում են դադարել Արցախի քաղաքացի լինելուց։ ՀՀ քաղաքացիություն ընդունելը միակ տարբերակն է, որ արցախցիները կարողանան օգտվել կառավարության բնակարանների ապահովման ծրագրից։
«Գյուղատնտեսությամբ էի զբաղվում, անասնապահությամբ, մեղվապահությամբ․ անտառը կար, հողը կար, ջուրը կար, ի՞նչ էր մնում անել, աշխատե՛լ, ով աշխատեր, նա կուտեր»,-Forrights.am-ի հետ զրույցում Կոճողոտի առօրյան հիշելով պատմում է Իշխանը։
Հայաստանում էլ ցանկացել նույնը անելը, բայց հնարավորություն չկա։ Երեք տուն, հեկտարներով դաշտեր, մի քանի տասնյակ խոշոր ու մանր եղջերավորներ, ձկներ, մեղվի փեթականեր ու այլ կայացած տնտեսություն է թողել հայրենի գյուղում։
Իշխանը 9 երեխա ունի, որից երեքը տղա․ մտածում է՝ ինչ ապագա է ստեղծելու իր երեխաների համար, երբ բոլորի համար ստեղծած ապրուստը մնացել է թշնամուն, Հայաստան բերել են մի քանի հագուստ և դաժան օրերի հիշողությունները։
«Սեպտեմբերի 19-ին սնարյադները հաշվում էինք, թե քանի հատ է գալիս, այդքան մոտ էինք։ Թշնամուն հանել մեր գլխներին կանգնեցրել էին, տեսնում էինք։ Չորս կողմից կալցո էր, մենք մեջն էինք, ժողովրդին խեղդած մի տարի պահեցին։ Գյուղերում քաղաքի հետ համեմատած լավ էր, քաղաքում մարդիկ գազազած փողոցներն էին ընկած։ Հասել էր մի պահ, որ պոստերում խաշած կուկուռուզ էին ուտում։ Պեսոկ չկար, որ զինվորը թեյ խմեր, հացը ձիով ու էշով էին հանում։ Բենզին չկար, որ հերթափոխ անեին, բայց հետո տեսանք՝ կա, պայթացրեցինք»,-ասում է նա։
Կոճողոտից պարզ հետևել են մարտական գործողություններին։
«Մեր գյուղից չորս կիլոմետր հեռավորության վրա լսվում էր հրանոթի ձայները, նոր մեր գյուղի վարչական ղեկավարն ասել է՝ դուրս եկեք։ Մեր գյուղից մարդ դուրս չի եկել, մեծից փոքր մնացել ենք գյուղում»,-ասում է ու շարունակում, երբ արդեն թշնամին մոտցել է գնացել են՝ հույս ունենալով, որ ժամանակավոր է։
Խաչենի մոստը փակել էին, բլիժնի բոյ է եղել անտառում։ Մեր տանկը ճանապարհի վրա էր աշխատում, մենք ավտոն քշելով եկանք, տանկը մի կողմ եկավ, որ կարողանանք անցնել։ Սնարյադները գլխներիս վրայով անցնում էին։ Առաջաձորից յոթ հոգի սպանվել են Խաչենի մոստի վրա։ Մեր շորերն էլ ենք թողել լվացքի պարանի վրա, դուրս ենք եկել։ Երեխաներին բերեցի Ստեփանակերտ, ուզում էի հետ գնալ, չթողեցին։ Մեր հետևից թշնամին մտել է գյուղ, վերջինը հայրս է դուրս եկել»։
Իշխանը Ստեփանակերտում իսկական Քաոսի է ականատես եղել։ «Հասանք Ստեփանակերտ, ասացին թշնամին Կրկժանով մտնում է քաղաք։ Գնացինք օդանավակայան շունը տիրոջը չէր ճանաչում։ Ակնայից խփում էին սնայրադը գալիս մեզանից մի 500 մետր էր ընկում, իրար հետևից գալիս էին։ Մի երկու ժամ այդպես շարունակվեց, ԱԹՍ-ներն էլ գլխներսի։ Մարդիկ օդանավակայանի տարածքում սոված, ծարավ էին, ոչ ուտելիք կար, ոչ ջուր։ Ռուսներն էլ մի քանի երեխային էին հաց ու ջուր տալիս, ոչ մի դերակատարություն չունեին։ Ռուսները կողքից նայում էին, պարզ էր որ չերեզ իրենց ծախած էր։ Երեք օր Ստեփանակերտում սոված մնացել ենք։ Կեսը վերևից փախնում էին ներքև, կեսը՝ ներքևից վերև։ Երեք օր հետո ասացին՝ Արցախը դատարկվում է, կամ ձեզ պետք է կոտորեն, կամ գնաք»։
Այս դաժան օրերից անցել է տասը ամիս։ Իշխան Սարգսյանը չի համակերպվում տեղի ունեցածի հետ։
«Մենք դեռ չենք հասկանում ինչ է տեղի ունեցել մեզ հետ։ Պատկերացրու ասում են՝ մի ժամվա ընթացքում տունդ թող, գնա։ Մենք փախստական չենք, մեզ տեղահանել են, մեզ ստիպել են։ Գիտե՞ս ինչ վիրավորական է ասել, որ փախստական ենք»։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: