Արտառոց դեպք է տեղի ունեցել Նոր Նորքի զինկոմիսարիատում։ 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր են տվել անձին, որն այդ պահին չի համարվել ՀՀ քաղաքացի։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասում է ծանուցագիր ստացած անձը՝ Էդուարդ Հարյումյանը։ Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ, ըստ Էդուարդի, վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիրը իրեն տրվել է որպես պատիժ։ «Մարդը, որն ինձ զորակոչել է, դա արել է անձնական պրինցիպներով»,-պնդում է նա։

Էդուարդ Հարյումյանը մինչ 2024 թվականի օգոստոսի 2-ը համարվել է Արցախի հանրապետության քաղաքացի, սակայն, դիմել է ՀՀ քաղաքացիություն և անձնագիր ստանալու համար։ Մինչ ՀՀ քաղաքացիությունը ստանալը Էդուարդը երկրից մեկնելու պլաններ է ունեցել, ԼՂՀ-ում տրված անձնագրով Կիպրոս մուտքի արտոնգիր է տրվել՝ մուտքի վիզա։

«Ես պետք է Կիպրոս մեկնեի, տոնսերը գնած էր, մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ իմ այդ անձնագրով, որի մեջ վիզան է, անվավեր է։ Գնացել եմ Անձնագրային վարչություն, նոր աանձնագիր հանելու, որ կարողանամ սահմանը հատել։ Անհրաժեշտ էր, որ նաև զինկոմում գրանցեի, որպեսզի թուղթ տանեի անձնագրային։ Ես մեկ օր ժամանակ ունեի։ Ես շորտով էի, որ գնացի զինկոմ, նորմալ շորերով էի, ամենօրյա հագուստ է։ Բարձրանում եմ պետի մոտ, ասում է՝ էս ով է քեզ այսպես թողել մտնես զինկոմ, դուրս արի։ Մասիվի զինկոմում էր։ Դուրս եմ գալիս պետի մոտից, ներքևում ասում են՝ մինչև չգնաս, շալվար չհանգես, թուղթը պեչատող չկա։ Բացատրում եմ, որ չեմ հասցնի, ժամանակի խնդիր կա»,-պատմում է Էդուարդը՝ բացատրելով, որ մի քանի ժամ ուներ, իսկ հաջորդ օրը ոչ աշխատանքային էր, ուստի չէր կարող գնալ տաբատ հագնելու։

Զինկոմում բանակցություններ են սկսվում, Էդուարդը պնդում է՝ իրեն ոչ մի հիմնավորում չի ներկայացվել, թե ինչու չի կարող կիսատաբատով մտնել զինկոմի պետի աշխատասենյակ։ Ըստ նրա, քանի որ ինքը շարունակել է իր իրավունքերի համար պայքարել, որպես պատիժ 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր են տվել։ Էդուարդը, չնայած այդ պահին չլինելով ՀՀ քաղաքացի չի առարկել, որ իրեն տանում են հավաքների, սակայն, անընդունելի է համարում, որ դա ներկայացվում է որպես պատիժ։

«Ներքևում մի զինվորականի հետ էի խոսում, քանի որ պետը չէր թողնում մտնեի իր սենյակ։ Բարձրանում է պետի մոտ, իջնում է, ասում է՝ պետն ասել է, որ չես գնում շալվար հանգես, ուրեմն քեզ տանում ենք 25-օրյա հավաքների։ Ասացի՝ 25-օրյա հավաքներին տանում ես, լավ ես անում, բայց այնպես ես ներկայացնում, որ պատժում եք, ասում է՝ հա, քանի որ չես գնացել շալվար հանգես, գաս։ Ասում եմ՝ եղբայր, դուք մարդկանց բացատրեք, որ 25-օրյա հավաքներին մասնակցելը դա պատիվ է, ոչ թե պատիժ։ Իմ համար պատիվ է 25-օրյա հավաքներին մասնակցել, բայց այնպես էին ներկայացնում, որ բերդ կամ կալանախուց են տանում։ Սա անում է զինկոմը, որը պետք է մարդկանց այնպես ներկայացնի, որ մարդիկ հասկանան՝ պատիվ ունեն գնալու։ Հայոց բանակում ծառայելը պետք է պատիվ լինի, բայց իրենք այնպես են ներկայացնում, որ պատիժ է»,-ասում է Էդուարդը, որը չնայած ստեղծված իրավիճակին ստորագրում և վերցնում է ծանուցագիրը։

«Ես ասացի, որ երբեք չեմ խուսափել հավաքներին գնալուց։ Ծանուցագիր են տալիս, նայում եմ, տեսնում եմ օգոստոսի մեկով է։ Հարցնում եմ՝ սա դուք ՀՀ քաղաքացուն եք տալի՞ս, ասում է՝ հա, ասում եմ՝ ես վաղը՝ օգոստոսի երկուսին եմ ստանալու ՀՀ քաղաքացիություն, ասում են՝ ոչինչ։ Ես ստորագրում եմ ու վերցնում եմ այդ ծանուցագիրը, որ չասեն հրաժարվում է հայրենիքին ծառայել։ Ինձ ամենավրդովեցնողն այն էր, որ ասում է, քանի որ չես գնում շորտիկը հանես, շալվար հագնես, գաս, ուղարկում ենք 25-օրյա հավաքներին։ Ինձ պետի խոսքերն է փոխանցում մի մայոր, որը ներքևում էր շփվում ինձ հետ»,-իրավիճակը ներկայացրեց Էդուարդ Հարյումյանը։

Էդուարդ Հարյումյանը մեկնել է Կիպրոս ամառային հանգստի, վերադառնալուն պես ներկայանալու է զինկոմ՝ հավաքներին մասնակցելու համար, շեշտում է՝ ծառայել է Արցախի ՊԲ-ում, հիմա էլ կծառայի ՀՀ բանակում։

Forrights.am-ը թեմայի առնչությամբ հարցեր է ուղղել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակին։ Մասնավորապես, հետաքրքրվել ենք՝ ի՞նչ հիմքով են հավաքներին մասնակցության ծանուցագիր տրվել այդ պահին ՀՀ քաղաքացի չհամարցող անձին, և, արդյո՞ք կա օրենսդրական կարգավորում, որը սահմանում է զինկոմներ մուտքի դրեսս կոդը։ Մամուլի խոսնակը դեռ չի պատասխանել մեր հարցերին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բանակը որպես պատժի վայր ավելի խորը արմատներ գցեց։ Եթե նախկինում պաշտոնյաների, օլիգարխների, նրանց մերձավորների տղաները ծառայում էին բարեկեցիկ զորամասերում՝ հեռու սահմանից ու կրակոցներից, իսկ սոցալապես անապահով ընտանիքների տղաները՝ առաջնագծում, ապա այժմ Հայաստանի բանակում ծառայելը ներկայացվում է խիստ պատիժ։ Փաշինյանի թիմից Անդրանիկ Քոչարյանն էր ուղիղ եթերում սպառնացել վարչապետի հրաժարականը պահանջող երիտասարդներին՝ 25-օրյա վարժական հավաքներին տանելով։ Նա ԱԺ-ում քննարկում էր կազմակերպել և առաջարկել փողոցից բռնել և հավաքներին տանել։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest