Արցախի Մարտունու շրջանի Ճարտար համայնքի բժիշկ-ստոմատոլոգ Նվեր Բաղդասարյանն ունի շուրջ 17 տարվա մասնագիտական գործունեութան փորձ։ Ճարտարի տեղամասային հիվանդանոցում վեց տարի աշխատելուց հետո նա սեփական ներդրումներով նույն բուժհաստատությունում բացել է ատամնաբուժական մասնավոր կաբինետ, որտեղ էլ աշխատում էր մինչև անցած տարվա մեկօրյա պատերազմը։

Լիակատար շրջափակման հետևանքով  բժիշկ Ն. Բաղդասարյանի ստոմատոլոգիական նյութերն արդեն վերջացել էին և 2023թ. սեպեմբերի 19-ին՝ պատերազմից կես ժամ առաջ, նա ոտքով ուղևորվել է բուժհաստատություն, որտեղ վերջին նյութերով պետք է բուժեր իրեն սպասող պացիենտին։

«Այդ օրն աշխատանքի էի գնում մեկ մարդու համար և բուժման համար պիտի օգտագործեր մի կերպ հայթայթած վերջին նյութերը։ Սակայն պացիենտը ատամնաբուժարան գալու ճանապարհի կեսից միանգամից մեկնում է առաջնագիծ, որտեղ էլ ծանր վիրավորվում է և տեղափոխվում վերակենդանացման բաժանմունք։ Առաջին պայթյունը Ճարտարի վերևի հատվածում տեղակայված կապի հանգույցում էր, միանգամից խափանվում է բջջային կապը, համայնքը հոսանքազրկվում է ու սկսվում են հրետակոծություններ պաշտպանական դիրքերի ուղղությամբ։ Հիվանդանոցը բարձունքում էր, և ես այնտեղից դիտում էի, թե ինչպես էր չորս կողմից կրակ թափվում։  Բուժանձնակազմի մեծամասնությունը կանայք էին և վախից տարակուսած շվարել էին։ Անհրաժեշտ էր սթափվել և օպերատիվորեն պատրաստվել առաջին վիրավորների ընդունելուն»,-պատերազմի առաջին պահերը ներկայացրեց բժիշկը։

Հիվանդանոցի մուտքում տեղադրում են թախտեր, պատրաստում առաջին բուժօգնության պարագանները, հանում պահուստային դեղորայքը և մեկ ժամից հետո ընդունում առաջին քաղաքացիական վիրավորին Մաճկալաշեն գյուղից։ Բեկորային բազմաթիվ վնասվածքներով հիվանդին ուղարկում են Ստեփանակերտ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվում։ Աստիճանաբար վիրավորների թիվը սկսում է աճել։ Շտապօգնության մեքենաները համարյա վառելիք չունեին։ Թեթև վիրավորումներով զինծառայողները դիրքերից ոտքով էին հասնում տեղամասային հիվանդանոց։ Իսկ դիրքերը 5 կմ հեռավորության վրա էին։ Բարդ վնասվածքներ ստացած վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո մի կերպ ուղարկել են Մարտունու շրջանային հիվանդանոց։ Բժշկի խոսքով՝ դեռ որոշ ժամանակ կապ ունեին Ստեփանակերտի բուժհաստատությունների հետ, այնուհետև կապը լիովին կտրվում է և չեն կարողանում կապվել նույնիսկ իրենց բուժանձնակազմի շտապօգնության մեքենայի հետ, որով վիրավորներ էին տեղափոխում։ Ճարտարից կրակահերթերի ու հրետակոծությունների տակ շտապօգնության մեքենայով վառելիքի վերջին պաշարներով հինգ անգամ վիրավորներ են հասցրել Մարտունու բուժհաստատություն։

«Մեկօրյա պատերազմի ընթացքում մեր հիվանդանոցում ընդունել ենք 19 վիրավոր, որոնցից 2-ը հետո մահացել են։  Չորս վիրավոր առաջին բուժօգնություն ստանալուց հետո կրկին վերադարձել են դիրքեր։ Վիրավորներից մեկի պարանոցի շրջանի հրազենային վնասվածքը քնային զարկերակից ընդամենը 2մմ էր հեռու, ինչի հետևանքով փրկվեց մահից։ Դիպուկահարի կրակոցից բարեբախտաբար թեթև ընթացքով վիրավորում ստացած մի զինվոր ամբողջովին հյուծվել էր սովից։ Ասում էր՝ վիրակապեք, գնում եմ, բայց չէր կարողանում քայլել։ Հասկացանք, որ սոված է։ Էնքան պահեցի մինչև հաց կերավ, մոտ մի ժամ կաթիլային ներարկեցինք, մի քիչ քնեց, իսկ գիշերվա երեքին վեր կացավ ու գնաց նույն դիրքը»,- պատմեց բժիշկը։

Հոսանքի և կապի բացակայության պատճառով բուժանձակազմը տեղյակ չէր հրադադարի մասին։ «Կոհակի» դիրքը մոտ էր հիվանդանոցին։ Հենց հրետանին լռեց, հասկացան, որ ինչ- որ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Որոշ ժամանակ անց մերձմարտեր են եղել նշյալ դիրքում, թշնամին այդ ձորում ունեցավ հարյուրավոր զոհեր և միայն երկու օր հավաքում էին իրենց դիերը։

«Ճարտարի բոլոր տղամարդիկ դիրքերում էին։ Նույնիսկ հրաման կար որ ռեզերվում մնացողներ լինեն, բայց ոչ ոք չմնաց։ Սննդամթերքի պակասի և վառելիքի  խնդիրների պատճառով խիստ դժվարություններ եղան։ Մեկօրյա պատերազմում մեր դիրքերում ընկան 11 հայորդի և հարյուրավոր ադրբեջանցիներ։Հետաքրքրական էր նաև այն, որ հակառակորդի հրետանին 24 ժամվա ընթացքում շուրջ հազար արկով չկարողացավ ոչնչացնել մեր դիրքերից մեկում տեղակայված 80 մմ-անոց ականանետը։ Ու այդ դիրքում ոչ վիրավոր ու ոչ էլ զոհ ենք ունեցել։ Արցախի ՊԲ-ն իր առջև դրված խնդիրը կատարել է անմնացորդ, զինծառայողները կռվել են անձնազոհ՝ մինչև արյան վերջին կաթիլը»,-նշեց բժիշկը։

Ծննդով Ճարտարից, 47- ամյա բժիշկ Բաղդասարյանը հիվանդանոցում մնաց մինչև սեպտեմբերի 24-ը։ Ճարտարցիների տարհանման համար վառելիք տրամադրեցին սեպտեմբերի 26-ի ուշ երեկոյան։ Մարտունու ամբողջ շրջանն արդեն լիովին տեղահանվել էր, բացի Ճարտարից։ «Այդ ժամանակ արդեն ՌԴ խաղաղապահների զրահամեքենայի ուղեկցությամբ գյուղամեջ են մտել ադրբեջանցի զինվորներ, իբրև թե շեղվել են ճանապարհից ու հետո հեռացել։ Մենք մեր զենքերը չէինք հանձնել և անհրաժեշտության դեպքում պատրաստ էինք դիմակայել։ Ճարտարից ստիպված տեղահանվեցինք սեպտեմբերի 27-ին։ Քաղաքապետարանը կազմակերպեց ընտանիքների տարհանումը։ Մտնում էին տնետուն, որ մարդ չմնա։ Տարեցներ կային, որոնք հրաժարվում էին դուրս գալ իրենց տներից, բայց ադրբեջանցիներն արդեն համայնքում էին և ստիպված պետք է լքեին»,- պատմում է Ն. Բաղդասարյանը։

Այդ ժամանակ բժշկի ընտանիքը Ստեփանակերտում էր և կապի բացակայության պատճառով նա տեղեկություն չուներ հարազատներից։ Մեկօրյա պատերազմից միայն հինգ օր հետո է նա  կարողանում կապ հաստատել ընտանիքի հետ։ Բժշկի  խոսքով՝ տեղահանման ժամանակ ադրբեջանցիները կանգնեցրել են Ճարտարից տեղահանվող մի ընտանիքի ավտոմեքենան և նրանցից խլել եղած գումարները, կնոջ վզից հանել են ոսկե շղթան, ձեռքի մատանին և արժեքավոր մյուս իրերը։ Դրանից հետո քաղաքապետարանի աշխատակիցները միջոցներ են կիրառել, որ համայնքի մյուս բնակիչներն առանց խոչընդոտների տեղահանվեն։

Ն. Բաղդասարյանը ընտանիքի հետ միավորվել է սեպտեմբերի 27-ին և նույն օրը երեկոյան բռնել են տեղահանման ճանապարհը։ Բժիշկը Ճարտարում թողել է տարիների իր ներդրումներով կահավորված ատամնաբուժական կաբինետն ու մասնագիտական թանկարժեք բոլոր գործիքները և այժմ Երևանում չի կարողանում շարունակել զբաղվելու իր մասնագիտական գործունեությամբ։

Զառա Մայիլյան   

 

 

Pin It on Pinterest