«Մեր կյանքում ամեն ինչ շուտ եղավ։ Սիրահարվելը շուտ եղավ, նշանդրեքը շուտ եղավ…  ամեն ինչ շուտ էլ ավարտվեց»։ Ստեփանակերտում սեպտեմբերի 25-ին բենզալցակայանի պայթյունի ժամանակ ամուսնուն՝ Մհեր Հյուսնունցին կորցրած Անժելիկա Սարկիսովան խոսելիս չի կարողանում զսպել արցունքները։

Արցախից բռնի տեղահանված երիտասարդ կինը այժմ մանկահասակ որդու եւ մոր հետ վարձով ապրում է Երեւանում ու ցավով նշում է՝ պարզվում է, որ ինչ էլ պատահի, կյանքը շարունակվում է։

«Ստեփանակերտում  քաղաքագիտություն էի սովորում, երաժշտությամբ էի զբաղվում, զուգահեռ սկսեցի մի կայքում աշխատել, հետո օնլայն խանութ բացեցի, որը մինչեւ հիմա կա։ Մինչեւ ամուսնանալը զբաղվում էի, ամուսնանալուց հետո ամուսնուս հետո սկսեցի այդ գործն անել։ Ես ինքս էի առաքում, հետո ամուսինս էր առաքում։ Մեզ մոտ սեր առաջին հայացքից էր։ Ես մեքենաս էի փորձում կայանել, ինքը տեսավ, սկսեց օգնել, խորհուրդներ տալ։ Իր ժպիտը, իր հայացքը… Ես նրա ժպիտին սիրահարվեցի։ Պարզվեց, որ փեսայիս ընկերն է։ Հետո պարբերաբար սկսեցինք տարբեր տեղերում տեսնվել։ Այդպես ամեն ինչ սկսվեց»,- պատմում է Անժելիկան։ Նրա խոսքով, իր եւ իր սիրելիի նշանադրությունը տեղի է ունեցել 44 -օրյա պատերազմից անմիջապես հետո.

«44-օրյայի ժամանակ ես հարազատներիս հետ Հայաստանում էի։ Դե բոլոր տղամարդիկ ու տղաները մնացել էին Արցախում։ Երբ պատերազմն ավարտվեց, հետ եկավ իմ հետեւից։ Հենց այդ ժամանակ ամուսնության առաջարկ արեց։ Գիշերով անակնկալ եկավ, մատանի դրեց։ Հեքիաթ էր…երկու ամիս հետո էլ Ստեփանակերտում ամուսնացանք։ Ամուսնացանք ու սկսեցինք երկուսով ապրել։ Տունը երկուսով քիչ քիչ սարքեցինք»։

Մհերը տարիներ շարունակ զբաղվում էր ականազերծման աշխատանքներով, տարածքներ էր հետախուզում, բայց Արցախը շրջափակման ընթացքում որոշում է կայացրել անցնել զինվորական ծառայության։

«Շրջափակման ժամանակ առավոտ շուտ արթնանում էր, քանի որ լույս չկար, փեչերը միացնում էր ու գնում ծառայության։ Ամեն ինչ կամ թանկ էր, կամ չկար, բայց գիտեինք, թե հանուն ինչի պետք է դիմանանք։ Սիսեռով սուրճ էինք խմում։ Մտածում էին՝ մարդը ամեն ինչի էլ կարող է դիմանալ, անվերջ այսպես չի լինի… Խոսակցություններ տարածվեցին, որ հեսա ադրբեջանցիները մտնելու են բոլորի տները ու որտեղ զինվորական համազգեստ գտնեն, վատ է լինելու… մարդիկ սկսեցին հագուստները հանել աղբի ամանների մեջ այրել․ Ահավոր խուճապ էր սկսվել… Այդ ժամանակ ամուսինս պոստում էր, լուր չկար, շրջափակման մեջ էին մնացել տղամարդիկ։ Ահավոր վիճակ էր։ Հետո ռուսների օգնությամբ նրանց հանեցին։ Երբ եկան, մեկս մյուսին սկսեցինք հույս տալ։ ՈՒ այդ ժամանակվանից սկսվեց վառելիքի որոնումը»,- պատմում է կինը։

Հիշելով ամուսնու հետ անցկացրած վերջին ժամերը, Անժելիկան նշում է. «Այդ օրվա առավոտն էր, սուրճ խմեցինք, սկսեցինք տան իրերը հավաքել։ Նստած էր, թաց աչքերով նայեց, ասեց՝ այսքան չարչարվել ենք, հիմա թողնում ենք։ Ասացի՝ ոչննչ, ուր էլ գնանք, մեր իրերը կվերցնենք, ուր էլ գնանք, ես մեր ույուտը կստեղծեմ։ Նրան այդքան նեղված չէի տեսել։ Իրար գրկեցինք… ասաց՝ ինչ էլ լինի, իմացի, որ այս երեք տարին ես լիարժեք ապրել եմ… Զանգ եկավ, որ բենզալցակայանում բենզին կա, փեսայիս հետ գնաց… հետո լսեցինք, որ դեպք է եղել»։

Անժելիկան նախ տեղեկացել է, որ ամուսինը գտնվում է Խոջալույի հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժնում, սակայն նրան գտնելը հեշտ չի եղել։ Երբ գտել են, միայն նա է եղել հիվանդանոցում, նրան վերջինն են ուղղաթիռով տեղափոխել Երեւան։

«Մհերի ընկերը մեզ հանեց Արցախից, հասցրեց Երեւան։ Երեւանում Արյունաբանականում Մհերին հասա, նրան տեսա, հետ էի գնում մեր այն ժամանակվա ժամանակավոր տուն, զանգեցին, ասացին՝ Մհերը էլ չկա»,- պատմում է կինը։

Անժելիկայի մայրը՝ Մարինա Սարկիսովան ասում ՝ միշտ վախեցել է, որ իր դուստրը իմ ճակատագիրը չունենան.«Ես Բաքվից տեղահանված եմ, հետո Գյումրիի երկրաշարժ եմ տեսել, տեղափոխվել ենք Արցախ, առաջին պատերազմն է սկսվեց ու ամուսինս զոհվել է։ Արդեն մեծ աղջիկս կար ու Անժելիկայով հղի էի… գուցե 30- 50 տարի հետո հայերն ու ադրբեջանցիները կարողանան իրար կողք ապրեն, բայց հիմա դա չեմ պատկերացնում… այսքան ողբերգությունից հետո ի՞նչ հարեւանություն։ Երեւի դրահամար մի քանի սերունդ պետք է անցնի»։

Անի Գևորգյան

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest