28-ամյա Աշոտ Բեգլարյանը զրկվել է ձախ ոտքից, աջ ձեռքի բոլոր մատներից, իսկ ձախ ձեռքի մատներից միայն բութ մատն է կարողանում շարժել։ Շուշեցի Աշոտն այս վնասվածնքերը ստացել է 2023 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած բենզինի պայթյունի հետևանքով։

Նա Շուշիից է։ Աշոտը 2017 թվականից ծառայության է անցել Արցախի պաշտպանության բանակում։ 2020 թվականի պատերազմի ժամանակ մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին՝ հակաօդային պաշտպանության գումարտակում։ 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել է Ստեփանակերտ։  2023 թվականի սեպտեմբերին մարտական գործողություններին մասնակցել է Քարաշեն գյուղի մոտակայքում։

«Այդ օրը ծառայության էի, ձեները սկսվեց, հետո իմացանք, որ պատերազմը սկսվել է»,-հիշում է Աշոտը և շարունակում՝ սեպտեմբերի 20-ին դիրքերից իջել է ու իմացել, որ պետք է Արցախից բռնի տեղահանվի։

«Սեպտեմբերի 23-ին տեղեկություններ կային, որ թշնամին արդեն մտել է Ստեփանակերտ, մարդիկ իրենց ընտանիքները տանում էին Իվանյանի օդանավակայան, որտեղ տեղակայված էին ռուս խաղաղապահները։ Ամսի 25-ին իմացա, որ բենզին են տրամադրում՝ Հայկազովի զորամասում, իջա վերցնեմ, որ ընտանիքիս հանեմ»։

Աշոտը շատերի նման բենզինի հերթում է եղել, երբ պայթել է բենզինի տարաներից մեկը։ Պայթյունի ալիքը իրեն նետել է տարածքում գտնվող խորը փոսի մեջ։

«Չգիտեմ՝ պայթյունը ոնց եղավ։ Բենզինի մեծ տարաներ կար, դրա մոտ կանգնած էի, դրանցից մեկը պայթեց, ահագին մարդիկ ընկան փոսի մեջ, ես էլ ընկա։  Պայթյունը գցեց փոսի մեջ, չորս մետր կլիներ»,- Forrights.am-ի հետ զրույցում պատմում է Աշոտը։

Պայթյունից հետո բռնկված կրակը հասել է նրա ոտքերին, սկսել են այրվել։ «Բենզինը կպավ, ոտքերս սկսեց վառվել։ Փոսի մեջ, որ ընկա, արդեն շալվար չի եղել հագս, այրվել էր»,- Աշոտը հիշում է, թե ինչ դաժան պահեր է անցկացրել այդ փոսում, որտեղ մարդիկ ապրելու համար օգնություն էին աղերսում, ցավից գոռում ու տանջվում։

«Մարդիկ փոսի մեջ գոռում էին, ցավին չէին դիմանում։ Փոսի մեջ յոթ հոգի մարդ կար, մարդիկ փորձում էին փրկվել։ Մեկը գլուխը մտցնում էր թևիս տակը, մյուսը՝ ոտքերսի տակը, որ կրակը շատ վնաս չտա իրենց, ուզում էին փրկվել»,-ասում է Աշոտը և նշում, որ իրեն հաջողվել է մեծ դժվարությամբ փոսից դուրս գալ։

Չնայած այրվածքներին նա փոսից դուրս գալուց հետո փորձել է փրկել մարդկանց։ Ցավով է հիշում՝ մի կին կար, չկարողացավ փոսից հանել, մատները հալվեցին։

«Ես ինքս ինձ փոսից հանեցի։ Մի կին կար մոտ 55 տարեկան, ինքը չգիտեր ինչ աներ։ Մի արմատուր գտա, ասացի ձեռքով բռնի, քաշեմ, հանեմ, արմատուրից, որ բռնեցի, մատներս հալվեց, չկարողացա այդ կնոջը հանել»,-հիշում է նա։

Փոսից դուրս գալուց հետո բազամթիվ այրվածքներով փորձել է գնալ այլ ուղղությամբ՝ կրակից ու պայթյուններից հեռու։ Հետո է իմացել, որ իր հեռանալուց հետո ևս մեկ պայթյուն է եղել։

«Հագիս տաբատն այրվել էր, կոշիկներն էլ հետը, կուրտկան կպել էր ինձ, չէր պոկվում։ Չէի կարողանում հագիցս հանել, մատներս ոչ մի տիպի չէր աշխատում։ Մի տղա կար, ասացի հանի, չկարողացավ, ասաց կպած է։ Ես մի ձև հանեցի, այդ ժամանակ ուժեղ անձրև էր գալիս։ 600 մետր ինքնուրույն գնացել եմ, հետո մեր զորամասից մեկն ինձ ճանաչեց, 20 մետր առաջ տարավ քեռուս տեսա, քեռուս ասացի՝ օգնի, գնանք հիվանդանոց։ Տարածքում մի հատ բանակի ավտո կար, հանեցին կուզովի մեջ, գնացինք Իվանյանի հոսպիտալ։ Մի օր մնացի հոսպիտալում, սեպտեմբերի 26-ին տեղափոխեցին Հայաստան ուղղաթիռով»։

Երևանում հեռացրել են Աշոտի ձախ ոտքը և աջ ձեռքի բոլոր մատները։ Նա հոկտեմբերից բուժման փուլերով է անցնում, դեռ չեն ավարտվել, նախ այրվածքաբանականում, իսկ այժմ էլ Զինվորի տանն է բուժում ստանում։ Խնդիրների զգալի մասը պահպանվում են, բայց վստահ է՝ հաղթահարելու է։

«Մատներս չեմ կարողանում շարժեմ, պետք է վիրահատեն, բայց ասեցին չի աշխատելու, պետք է ինչ-որ հարմար դիրքով ֆիքսեն, այդպես մնա։ Հիմա միայն բութ մատս է աշխատում, որ աշխատեն մատներս, ինձ ահագին օգուտ կլինի»,-ասում է նա։

Աշոտի հայրն էլ է նույն մավրում եղել, պայթյունից նրա ոտքերն էլ են այրվել։ «Դեպքի վայրում միասին չենք եղել։ Ես չեմ հիմացել, որ հայրս այնտեղ է, հետո եմ իմացել։ Նա էլ է հաղթահարում խնդիրները»,-լավատեսությամբ նշում է Աշոտը։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում

Pin It on Pinterest