«2023թ. սեպտեմբերի 19-ի ցերեկը, դպրոցից վերադարձա տուն և հանկարծ մեր շուրջը ուժեղ դղրդաց ու պայթած արկի բեկորը կպավ մեր դռանը։ Այդ պահին ուշքս միտքս տղաներս էին։ Պարզվեց, Արցախի ՊԲ-ի կողմից հայտարարված համար 1 տագնապով փոքր տղայիս արդեն կանչել են դիրքեր, զանգեցի միջնեկ տղայիս՝ Նվերին,  չպատասխանեց։ Ինչքան փորձեցինք կապ հաստատել  որդուս հետ՝ չստացվեց։ Նա ինքնակամ լքել էր  աշխատավայրը և Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի հետ անմիջապես մեկնել ամենաթեժ դիրքեր, որ կազմակերպեն պաշտպանությունը։ Եթե մեր տղաներն անձնուրաց չմարտնչեին՝ մեզ բոլորիս կցեղասպանեին։ Սեպտեմբերի 20-ի առավոտյան զանգեցին ավագ որդուս և հայտնեցին գույժը․ Նվերը նահատակվել է։ Նա ընդամենը 23 օրվա ամուսնացած էր․․․»,-հուզմունքը զսպելով պատմեց որդեկորույս հայրը՝ Նորենց Փարամազյանը:

Մասնագիտությամբ ճարտարագետ Նվեր Փարամազյանը մասնակցել էր նաև 2016թ. ապրիլյան քառօրյա և 2020թ. 44-օրյա պատերազմներին։ ԱՀ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի կողմից պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, ստացել ավագ սերժանտի կոչում։ Նահատակվել է 2023թ. սեպտեմբերի 19-ին՝ Մարտունու «Կոհակ» բարձունքը պաշտպանելիս։ Ստեփանակերտից նրա մարմինը տեղափոխել են Երևան և հուղարկավորել Եռաբլուրում։

«Որդիս շատ խելոք տղա էր։ ԱրՊՀ համալսարանի ճարտարապետության և շինարարության բաժինն ավարտել է գերազանց, աշխատում էր Մարտունու շրջվարչակազմում։ Երիտասարդ կնոջ հետ պատրաստվում էին շարունակել իրենց կրթությունը՝ ընդունվել ասպիրանտուրա, սակայն շրջափակման պատճառով Նվերը չկարողացավ գալ երևան։ Միայն կինը մինչ շրջափակումը հասցրեց մեկնել Երևան, որ հետո էլ ամուսինը գար, սակայն նրանց իղձերն իրենց ապագայի առումով անկատար մնացին», — ասաց հայրը։

Փարամազյան ընտանիքը Արցախի Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղից է։ Նորենց Փարամազյանը շուրջ 35 տարի պատմություն և հասարակագիտություն էր դասավանդում համայնքի դպրոցում։ Կնոջ՝ Ալինայի հետ  ունեցել են 3 որդի։ Նա 1990-ականներին զինվորագրվել է Արցախյան պատերազմին՝ մասնակցել Մուշկապատի և մյուս շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ 1993թ. Ակնայի հարակից գյուղերի ազատագրման ժամանակ ծանր վիրավորվել է։

2020թ. 44-օրյա պատերազմը խաթարեց նրանց ընտանեկան անդորրը։ երեք որդիներն էլ կռվել են առաջնագծում, իսկ հայրը 56 տարեկանում կամավոր ընդգրկվել էր գյուղի ինքնապաշտպանական ջոկատի կազմ։ Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո շարունակել են ապրել ու պայքարել գյուղում՝ հուսալով, որ ՌԴ խաղաղապահները կկանխեն Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիան։ Բայց 2023թ. սեպտեմբերյան մեկօրյա պատերազմը շրջադարձեց արցախցիների սպասելիքները։

Կորստյան վիշտը սրտներում, հոգեբանական ծանր ապրումներով Փարամազյանների ընտանիքը ստիպված պետք է լքեր նաև հայրենիքը։

«Բոլոր տղամարդկանց զինաթափել էին, գյուղում մեկ ավտոմատ էլ չկար. մի թուրք մտներ՝ բոլորին կկոտորեր։ Միայն մեր գյուղը չէր այդ վիճակում հայտնվել, բոլոր համայնքները շրջափակման մեջ էին և ստիպված պետք է տեղահանվեինք։ Սեպտեմբերի 26-ին լքեցինք Մուշկապատը։ Մեր ավտոմեքենաներից մեկով սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտից բռնեցինք դժոխային երկար Ճանապարհը դեպի Հայաստան», — պատմեց Ն․ Փարամազյանը։

Երևանում 2 շաբաթ բարեկամի տանը մնալուց հետո համագյուղացիներից մեկը նրանց տեղեկացնում է, որ բարերար Սամվել Կարապետյանի հովանավորությամբ Տաշիր համայնք տեղափոխված 1500 արցախցի ընտանիքի անվճար հիմունքներով ժամանակավոր տրամադրում են բնակելի տներ։

«Տեղափոխվեցինք Լեռնահովիտ համայնք, որտեղ էլ մեզ հատկացրեցին բնակելի տուն։ Սակայն բոլորս անորոշ վիճակում ենք, չգիտենք, թե որքան ժամանակ կարող ենք բնակվել այստեղ։ Գյուղացիները մեզ ջերմ են ընդունել, ով ինչով կարողանում՝ ձեռք է մեկնում։ Աշխատանքի տեղավորման հարցով դիմել եմ դպրոցի տնօրենին՝ խոստացել է նոր ուսումնականում դասաժամեր հատկացնել։ Ավագ որդիս էլ իր ընտանիքի հետ տեղավորվեց Տաշիրում։ Մի կերպ ծերը ծերին հասցնում ենք», — ասաց մեր զրուցակիցը։

Հատկացված տնամերձ հողամասում նրանք ցանել են ամեն ինչ։ Սոցիալական ու կենցաղային խնդիրների մասին վշտալլուկ ծնողները չեն էլ ուզում բարձրաձայնել։ Ասում են՝ աչքներիս ոչինչ չի երևում։ Կինը՝ 53-ամյա Ալինան, որդու կորստի ցավից չի մխիթարվում։

«Մենք երջանիկ ու պարզ կյանքով էինք ապրում։ Որդիներս երբեք չեն մտածել լքել Արցախը։ Նրանք ամեն ինչ արել են իրենց օջախը վառ պահելու ու հայրենիքը շենացնելու համար։ Միանգամից կորցրեցինք ամեն ինչ։ Միակ մեր սփոփանքն այն է, որ հնարավոր եղավ Արցախից որդուս աճյունը տեղափոխել Եռաբյուր. գոնե լացելու տեղ ունենք»,-արցունքն աչքերին հավելեց որդեկորույս մայրը։

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest