«Ոչ մի բան էլ չփոխվեց՝ նույն իրավիճակն է։ Սպասողական վիճակում ենք, խաբեցի՞ն, ի՞նչ արեցին»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Արթուր Արզումանյանի հայրը՝ Բորիա Արզումանյանը։
Բորիա Արզումանյանը հուլիսի 11-ին էր զոհված որդու կնոջ և մի խումբ զոհերի հարազատների հետ եկել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու ակնկալիքով։ Նրանք խնդրում են ՀՀ վարչապետին քայլեր ձեռնարկել, որպեսզի կարողանան Արցախում հուղարկավորված իրենց հարազատների աճյունները տեղափոխեն Հայաստան։
Տասը օրից ավել է, ըստ զոհվածի հոր, Հայաստանի կառավարությունից որևէ մեկը չի հանդիպել իրենց հետ կամ զանգի պատասխանել։ Իշխանությունների վերաբերմունքից զոհվածի հայր Բորիա Արզումանյանը վշտացած է։
«Նիկոլ Փաշինյանը չհանդիպեց մեր հետ, Հայաստանի կառավարությունում ոչ մեկ չհանդիպեց։ Զոհվածների հարազատների համարները գրեցինք, տվեցինք, չեն զանգում, մենք զանգում ենք, ոչ մեկ չի պատասխանում։ Մարդկանց արհամարում են, չի կարելի»,-ասաց նա։
Նրա որդին՝ 37-ամյա Արթուրը, կամավոր է մեկնել պատերազմ, երբ թշնամին սեպտեմբերի 19-ի կեսօրից հետո հարձակվել էր Արցախի վրա։ «Իմ տղան աշխարհազոր է, ատդուշի՝ սրտանց գնացել էր կռվելու, ինքը փողով չի կռվել, հանուն հայրենիքի ու ընկերության է գնացել»,-պատմում է հայրը, որը միայն երեկոյան տուն վերադառնալուց հետո է իմացել, որ որդին կամավոր մեկնել է թշնամու դեմ պայքարելու։
«19-ի երեկոյան եկա տուն, կինս անհանգիստ էր, թե բա Արթուրը գնացել է պատերազմ։ 20-ի առավոտյան էլ խաբեցին ասացին, թե Արթուրը վիրավոր է, գնացի Ստեփանակերտ տեսա զոհված՝ մորգում է»,-ծանր օրերը հիշեց Բորիա Արզումանյանը։
Արզումանյանները Մարտունու շրջանի Առաջաձոր գյուղից են։ Արթուրը ֆերմեր էր, կովեր, խզոեր ու ոչխարներ է բուծել։ «Ամբողջ Արցախը ճանաչում էր իրեն։ Ավտոմատը վերցրել է ոտքով յոթ կիլոմետր գնացել է Խաչենի մոստը պաշտպանելու»,-պատմում է հայրը և նշում, որ որդին զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։
«Տասը հոգով են եղել, ԱԹՍ-ի հարվածից ութը զոհվել են, երկուսը՝ վիրավորվել»,-ասաց նա։
Նշենք, որ Խաչեն գետի վրա գտնվող կամուրջը կենսական նշանակություն է ունեցել Մարտակերտի շրջանի բնակիչների համար։ Թշնամական կողմը միշտ ցանկացել է այն գրավել, որպեսզի Մարտակերտի շրջանի և մայրաքաղաք Ստեփանակերտի միջև կապը կտրի։ Սա միակ կապող ճանապարհն է եղել։
Հայրը որդուն Ստեփանակերտի դիահերձարանում գտնելուց հետո ցանկացել է տեղափոխել և հուղարկավորել իրենց գյուղում՝ Առաջաձորում, սակայն, թույլ չեն տվել։ Տղային հուղարկավորել է Ստեփանակերտի Եղբայրական պանթեոնում։ «Չթողեցին գյուղում հուղարկավորենք, սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտում հուղարկավորեցինք, դրանից հետո ուզում էինք գյուղ գնալ՝ էլի չթողեցին»։
Իսկ երբ հայտնի է դարձել, որ պետք է բռնի տեղահանվեն Արցախից, ԼՂ իշխանությունները հավաստիացրել են, որ մինչև իր Երևան հասնելը որդու դին կտեղափոխեն։
«Մինչև հիմա սպասում եմ, բայց ոչ մի նորություն էլ չկա։ Հիմա սպասում ենք, գոնե փոքրին բերեմ, էն մի տղաս գերեզման ունի գյուղում»,-դառնացած ասում է հայրը։
Արթուր Արզումանյանը երեք երեխաների հայր է։ Երկու դուստր և մեկ որդի ունի՝ 14, 12 և 9 տարեկան։
Բորիա Արզումանյանի մյուս որդին՝ Վահագն Արզումանյանը, զոհվել է 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ։ «Այդ տղաս էլ էլի 37 տարեկանում զոհվեց»,-նշում է պատերազմներին տղաներին կորցրած հայրը։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։