Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Գևորգ Բեգլարյանը Forrights.am-ի հետ զրույցում ներկայացնում է իր 10 հոգանոց դիրքի պայքարը թշնամու հարյուրավոր զինյալների դեմ։
«Սպասում էինք, որ նման բան է լինելու, թշնամին անընդհատ զորք ու զինտեխնիկա էր կուտակում։ Պատերազմից երկու շաբաթ առաջ սկսել էին կուտակվել՝ հիմնականում գիշերվա ժամերին էր շարժը նկատվում։ Տարբեր ուղղություններով կուտակումները կար։ Մենք զգոն, պատրաստ կանգնած էինք։ Իրենք չերեզ չուր շատ էին, ուզում էին գալ, Խաչենի մոստի վրա նստեին։ Մեր տղեքի շնորհիվ, չկարողացան գալ։ Կոնկրետ մեր դիրքը մեծ դեր է խաղացել։ Եթե այդ կամուրջը վերցնեին Մարտակերտից դուրս գալ հնարավոր չէր լինի»,-պատմում է 25-ամյա զինծառողն ու շեշտում՝ նահանջի տեղ չկար, հետևում Մարտակերտի շրջանը Ստեփանակերտին կապող միակ ճանապարհն էր՝ կարմիր գիծ այդ պահին դիրքում պայքարողներից յուրաքանչյուրի համար։
«Հետ քաշվելու տեղ չկար։ Հետ քաշվելը փախուստ չէր, ավելի լավ տեղում ես դիրքավորվում, որ կարողանաս լավ պաշտպանվես, բայց այստեղ էլ հետ գնալու տեղ չկար, միակ ճանապարհն էր մեր հետևում»,-ասում է նա։
Գևորգը սեպտեմբերի 19-ի երեկոյան վիրավորվել է՝ դիպուկահարի կրոկեցից, փամփուշտը խոցել է ոտքը, տեղաշարժվել չի կարողացել։ «Վիրավորվելուց հետո ընկերս ինձ տարել է մեր գյուղի՝ Գանձասարի, հիվանդանոց։ Թշնամու հրետանին միշտ հարվածներ էր հասցնում ճանապարհին, մի քանի ժամ վիրավոր մնացել եմ, նոր կարողացել եմ դուրս գալ, շտապօգնությունը չէր կարողանում մոտենալ»։
Գևորգը Գանձասար գյուղի է, նրան այնտեղ առաջին բուժօգնություն ցուցաբերել է գյուղի ատամնաբույժը։
«Մի կերպ հասնում ենք հիվանդանոց, պուլը ոտքիցս հանում է մեր գյուղի ատամնաբույժը։ Ծանր վիճակ էր, չէին նայում այդ մասնագիտությունն ունեն-չունեն, ամեն մարդ մի բանով փորձում էր օգնել։ Քանի որ մեր գյուղը մոտիկ էր, վիրավորներին առաջինը մեր մոտ էին բերում։ Մինչև Ստեփանակերտ այդ պուլը բերել եմ, բայց հետո, որ ասացին վայեննի ոչ մի բան չեն թողում անցկացնել, գցեցի»։
Գանձասարում քաղաքացիական անձ է զոհվել՝ թշնամու հրետակոծությունից։
«Մեր գյուղում մի մարդ զոհվել է թշնամու սնարյադից։ Իր բակում կանգնած է լինում, բեկորից մահացել է։ Էն վիճակն է եղել, որ իրեն չեն էլ հանել, հուղարկավորել են բակում։ 60 տարեկան տղամարդ էր։ Այդ ժամանակ վիրավորվում է նաև Տեր Հովհաննեսը՝ Դադիվանիքի, ինչպես նաև մի երեխա»,-ասում է Գևորգը և նշում՝ այդ օրերին արցախցիները փրկություն էին փնտրում։
«Սեպտեմբերի 20-ին գնում ենք Ստեփանակերտ, հետո Իվանյանի օդանավակայան, մարդիկ փրկություն էին ման գալիս։ Երկու օր հետո գնացինք «Արմենիա» հյուրանոց, ընտանիքում 11 հոգի էինք։ Հետո մեծ դժվարությամբ դուրս եկանք Արցախից»,-ասում է Գևորգը և պատասխանելով այն մեղադրանքներին, թե արցախցիներն ընդամենը մեր օր պայքարեցին, նշում է։
«Ոչ թե ընդամենը մի օր կարեցանք կռվել, այլ ընդամենը մի օր թողեցին կռվենք։ Մարդիկ կռվում էին, բոյ էին տալիս, բայց կռիվը դադարեցվել էլ, որ պետք է լքեինք հայրենիքը։ Շատ վատ բան է։ 8-9 ամիս սովի մեջ էինք, ոչ մի բան չէր գալիս Արցախ։ Սա հասցրեց նրան, որ մարդիկ, թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն թուլացան»։
Հիմա նա փորձում է Հայաստանում կառուցել իր ապագան։
«Շինարարություն եմ անում, ճիշտ է՝ ծանր է, բայց պետք է անեմ։ Հիմա ծառայության մեջ ինձ չեմ պատկերացնում, հիասթափվել եմ։ Ճիշտ է, որ վաղը, Աստված ոչ անի, մի բան լինի՝ հելնելու եմ կանգնեմ, գնամ, Հայաստանն էլ իմ հայրենիքը, նույննը ոնց Արցախին էի նվիրված, Հայաստանին էլ եմ նվիրված, բայց որպես ապուրստի միջոց, չեմ տեսնում։ Ում ուզում եմ հիշեմ՝ ծանոթ, բարեկամ, հարազատ՝ չկան, զոհվել են»,-ասաց նա։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։