Ճարտարեցի Ժաննան սեպտեմբերի 19-ի առավոտյան երեխաներին դպրոց ուղարկելուց հետո պատրաստվում էր եղբոր հարսանիքին։ 9 ամսյա բլոկադայից օրերին որոշել էին փոքր-ինչ տարբերվող օր ունենալ։ Նա պատրաստվում էր գնալ գեղեցկության սրահ, երբ Արցախի երկնքում պայթեցին ադրբեջանական առաջին արկերը։
«Մեր տնից 15 րոպեի ճանապարհ էր մամայիս տուն։ Հագնվում էի, որ դուրս գանք, այդ պահին ամուսնուս զանգեցին, ասացին՝ պատրաստվիր, կարող է համար մեկ լինի։ Նա զինվորական շորերն ուզեց, քիչ անց զանգեցին ու ասացին՝ հասի՛ր, համար մեկ է։ Գնացինք մամայիս տուն, ինձ թողեց այնտեղ, ասաց՝ ես հեսա կգամ, որ ձեզ բան չլինի ու գնաց»,-Forrights.am-ի հետ զրույցում հիշում է Ժաննան։
Ժաննայի ամուսինը՝ Կարեն Մելքումյանը, պայմանագրային զինծառող էր Արցախի ՊԲ-ում։ Հիշում է՝ ամուսնու գնալուց կարճ ժամանակ անց կրակոցներ են հնչել։ «Մեր գյուղից մինչև իրենց տեղակայման վայրը կես ժամվա ճանապարհ է՝ ոտքով, գնացի այնտեղ։ Ամուսնուս ու եղբորս տեսա։ Ամուսինս ուզում էր իր մոտ պահել, ասացի՝ չէ, գնամ երեխաների մոտ։ Այդ պահին այնքան վատ էի, ամեն ինչ խառնվել էր իրար, ամեն ինչ մոռացել էի։ Այն ձայնը, որ դըմփաց՝ առաջին կրակոցը, չեք պատկերացնի, թե ինչ ձայն էր»։
Ժաննան մեղադրում է իրեն, որ չի մնացել ամուսնու մոտ։ Կարծում է, որ եթե մնար, ապա ամուսինը չէր զոհվի։ «Ոչ մեկին չլսեցի, սնարյադի տակով եկա երեխաների մոտ, դպրոցում էին»։
Սա Ժաննայի և Կարենի վերջին հանդիպումն է եղել։ «Էլ իր հետ չեմ խոսել, վերջում փոքր տղայիս է զանգել՝ 13:10-ին։ Տղայիս ասել է՝ թաքնվիր»,-ասում է երկու երեխաների մայրը։ Նա երկու որդի ունի 12 և 14 տարեկան։
Ժաննան երեխաների, հարազատների և մյուս ճարտարեցիների հետ փոքրիկ նկուղում են պատսպարվել թշնամու կրակոցներից։ «Այդ նկուղում 50 հոգով խցկված էինք, ամբողջ գիշեր այնտեղ մնացինք։ Սաղ գիշեր չեմ քնել։ Ամբողջ պատերազմին մասնակից ենք եղել, ամեն ինչ տեսել ենք ու լսել, թե ինչ զենքեր էին կիրառում, ինչ ձայներ էր գալիս։ Ամսի 20-ին հավաքվել էինք հարևանի տանը, տեգրս ու հարևանի տղան ներս մտան, տեգրս ուշադիր նայեց ինձ, ես հասկացա, որ Կարենը զոհվել է։ Հարցրեցի՝ Կարենն ո՞ւր է, չպատասխանեց։ Հարևանի կինը հարցրեց՝ Վալոդն ո՞ւր է, իր տղան է, տեգրս ասաց՝ հիմա կգա։ Հետո հարցրեցինք եղբայրս՝ Գրիգորին ո՞ւր ա, էլի չխոսաց։ Չորրորդն ասաց՝ Արտա՞կը, պատասխանեց՝ հեսա կգա։ Չորս զոհ ենք ունեցել, որից մեկը ամուսինս էր, մյուսը՝ եղբայրս։ Ամենադաժան օրն էր, կյանքումս չեմ մոռանա»,-ծանր օրերը վերհիշելով պատմում է Ժաննան։
Նախորդ հրապարակմամբ հայտնել էինք, որ հարսանիքի օրը՝ սեպտեմբերի 22-ին, Ճարտարում հուղարկավորել են Ժաննայի եղբորը՝ Գրիգորիին։ Նույն օրը տեղի է ունեցել նաև ամուսնու հուղարկավորությունը։
Սեպտեմբերի 24-ին ընտանիքը բռնի տեղահանվել է Ճարտարից։ «Քույրս եկավ ասաց՝ դուրս ենք գալիս․․․Ահավոր ճանապարհ էր, փոքր մեքենայով եկանք, նստելու տեղ չկար»,-ասում է Ժաննան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։