Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Ադվերիկ Սարգսյանն իր զոհված որդու ընտանիքի հետ բռնի տեղահանվել են 2023թ․ սեպտեմբերի վերջին և հարյուրավոր արցախցիների նման բնակություն հաստատել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ։

Կնոջ՝ Իդայի հետ ընտանիք է կազմել, ունեցել 5 զավակ՝ 3 որդի և 2 դուստր։ Նրանք միասին արարել են, կրթել ու դաստիարակել իրենց զավակներին՝ ապագան պատկերացնելով միայն ու միայն Արցախում։ Սակայն 2020թ․ 44-օրյա պատերազմը խաթարեց նրանց ընտանեկան անդորրը։ «Երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, Մհերն առանց վարանելու կամավոր մեկնեց պաշտպանական դիրքեր։ Նա նույնիսկ չհասցրեց լվացվել, հաց ուտել. մի քանի օր մնալուց հետո նրան տարան առաջնագիծ։ Ես էլ գոտեպնդեցի՝ ասելով, որ ամեն ինչ լավ է լինելու, հոգ մի  անի։ Բայց նա արտաբերեց իր վերջին խոսքը՝ «պապա, որ առաջ գնացինք էլ հետ չեմ դառնալու»։

Նրան տարան Հադրութ։ Դրանից հետո Մհերը կապի դուրս չեկավ և իրենց  73 հոգուց բաղկացած զորախմբից ոչ մեկը չվերադարձավ․ բոլորը նահատակվեցին։  Զոհված որդու մասունքները հարազատներին են հանձնել վեց ամիս հետո՝ ԴՆԹ հետազոտության համընկնումից հետո։ Մհեր Սարգսյանն ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ Կինը՝ Անին, իր  5 և 9 տարեկան անչափահաս աղջկա ու տղայի հետ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակեց ապրել ամուսնու ծնողների հետ։

2023թ․ սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմի օրը բերդաշենցիները զբաղված էին իրենց առօրեական գործերով։ Ռազմական գործողությունների դղրդյունը ցնցեց ձորակը։ Քանի որ Ադվերիկ Սարգսյանի տան նկուղային պայմաններն որոշ չափով ապահով էին, գյուղացիներն արագորեն պատսպարվեցին այդտեղ։

«Այդ պահին երեխաներս տանը չէին։ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ես արդեն նրանց համար և՛ հայր էի, և՛ մայր։ Տեղս չէի գտնում. մեկը դպրոցում էր, մյուսը՝ մանկապարտեզում։ Չգիտեի ուր վազել․ Ծնողներս ապրում էին մանկապարտեզին ու դպրոցին մոտ և առաջին պայթյունների տակ անմիջապես վազեցին երեխաների հետևից։ Ուժեղ դղրդյունների տակ վազեցի մամայենց նկուղ ու երբ արդեն գրկեցի երեխաներիս՝ կարծես պատերազմն ավարտվեց։»,-հուզված ներկայացրեց Անին։

Զոհված որդուս ընտանիքի հետ՝ հինգ հոգով, տեղավորվում են ավտոմեքենայում և բռնում տեղահանության ճամփան «Սեպտեմբերի 25-ին՝ բենզալցակայանի ահեղ պայթյունի օրը, հորդառատ անձրևի տակ ուղևորվեցինքդեպի Ստեփանակերտ։ Ճանապարհին ավտոմեքենան կանգնեցնում են ադրբեջանցիները և հարցնում՝ արդյո՞ք, հայկական կոնյակ ունենք։ Ես էլ բացատրեցի, որ  չունենք, մի կերպ ենք տեղավորվել։ Փառք Աստծո ձեռ չտվեցին, հասանք Ստեփանակերտ՝ մյուս տղայիս տուն։ Երկու օրից հետո միասին ճանապարհվեցինք Հայաստան»,- տեղահանման իրենց պատմությունը ներկայացրեց 68-ամյա պապը։

Բենզալցակայանի պայթյունի հետևանքով Բերդաշեն գյուղից զոհվել է 5 հոգի, որոնց թվում էին Ա․ Սարգսյանի մորաքրոջ 14 տարեկան թոռն ու մյուս բարեկամը։ Բռնի տեղահանման դժոխային ճանապարհն անցել են երեք օրում։  Ի․ Սարգսյանը թխել էր 20 հաց, եփել 4 հավ ու մի քիչ պանիր վերցրել, որ երեխաները սոված չմնան։

«Շատ ահավոր էր, ադրբեջանցիների ծրագիրը տիրանալն էր ամբողջ Արցախին, եթե արցախցիներս դուրս չգայինք՝ բոլորիս կցեղասպանեին։ Այն գյուղական տները, որ մտել էին, մորթել էին բնակիչներին՝ չխնայելով նույնիսկ մանուկներին։ Անտառներում գտել էին մասնատած մարդկանց․ նրանց հիմնական նպատակը բոլորին սպանելն ու կոտորելն էր։ Մի կերպ դուրս եկանք, որ փրկենք մեր երեխաներին։ Մեր տղաները մարտնչում էին, բայց մենք ուժ չունեինք, շրջափակման մեջ չէինք կարող 60 հազարանոց թշնամու բանակին դիմադրել․ ոչ մի տեղից մենք օգնություն չունեինք», — վրդովված նշեց Իդա Սարգսյանը։

Բերդաշենում է ամփոփված նրանց զոհված որդու աճյունը։ Ամեն շաբաթ նրանք այցելում էին գերեզմանոց, տարածքը խնամում, իսկ բռնի տեղահանման վերջին օրը չհասցրեցին անգամ այցելել որդու շիրիմ։

«Ես գիշերները չեմ կարողանում քնել։ Ամբողջ ուշքս ու միտքս մեր տան, մեր գյուղի, մեր սրբությունների, մեր գերեզմանների վրա է։ Հազարամյակներով արցախցին ապրել է իր հողում, բայց այժմ մեր ծննդավայրից բռնի տեղահանվել ենք և զրկվել ամեն ինչից։ Միակ խնդրանքս ու ցանկությունս է Աստծուն՝ վերադառնալ Բերդաշեն և տեր կանգնել հայրենիքին։ Եթե անգամ մեր տունն ավերված լինի, միևնույն է, կողքին մի վրան կդնեմ ու կապրեմ մինչև նորից տունս կառուցեմ։ Երանի այդ օրվան․ ես այստեղից ոտաբոբիկ էլ կվերադառնամ Արցախ։ Մեր սխալները պետք է ուղղենք և քայլեր ձեռնարկենք հետվերադարձի համար։ Երանի հոգիս մեր հողում ավանդեմ»,-հավելեց Ադվերիկ պապը։

Ստեփանավանում Ա․ Սարգսյանն իր զոհված որդու ընտանիքի հետ վարձով ապրում է տնամերձ փոքր հողամասով տանը։ Նրանք կարգի են բերել տունն ու հողամասը, մշակել, վար ու ցանք արել՝ փորձելով ինտեգրվել նոր բնակավայրում, սակայն զբաղվածության խնդիր ունեն։ Անին դեռ աշխատանք չի գտել։ Պարզվեց, Ստեփանավանում զբաղվածության խնդիր ունեն ոչ միայն արցախցիները, այլև տեղացիները։

Ստեփանավանի համայնքապետարանի սոցիալական աշխատող Գայանե Ֆեոդորովայի տեղեկատվությամբ՝ սկզբնական շրջանում իրենց համայնքում բնակություն էին հաստատել Արցախից բռնի տեղահանված 137 ընտանիք, որոնցից  այժմ  շարունակում են ապրել միայն 125-ը։ ՀՀ կառավարության առաջարկած բնակապահովման(ընտանիքի մեկ անձի հաշվով 3-5 մլն դրամ) ծրագրից օգտվելու համար դիմում են ներկայացրել ընդամենը 10 բազմազավակ ընտանիք։ Համայնքապետարանի կողմից սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող բռնի տեղահանված ընտանիքներին իրենց դիմումների հիման վրա տրամադրվել է դրամական մեկանգամյա աջակցություն։ Առաջնահերթության կարգով համայնքապետարանը սոցիալական աջակցություն է հատկացրել Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների, այնուհետև հաշմանդամություն ունեցող և բազմազավակ ընտանիքներին։

Զառա Մայիլյան

Մանրամասները՝ տեսանյութում

Pin It on Pinterest