«Մենք չենք իմացել, որ պատերազմ է, որ Գրիգորին գնացել է դիրքեր»,- 24-ամյա Գրիգորին հարսանիքից երեք օր առաջ ինքնակամ դադարեցրել է զորամասից ստացած արձակուրդն ու մեկնել պատերազմի դաշտ, երբ թշնամին սեպտեմբերի 19-ին հարձակվել է Արցախի վրա։ Forrights.am-ի հետ զրույցում 59-ամյա մայրն է պատմում, նրա խոսքերը հազիվ լսելի են դառնում՝ արցունքերը թույլ չեն տալիս խոսել:
«Եկա տեսա Գրիգորին չկա»,- առաջին կրակոցներից հետո Սեդա Բաբաջանյանը փորձել է կապ հաստատել որդու հետ, չի հաջողվել։ «Որ կրակեցին ընկավ մեր կողմը։ Կրակոցները լոխ լսում էինք, Գրիգորի հետ չէի կարողանում կապի դուրս գալ, կապերը լոխ կտրված էր։ Թխել էին, ոչ մի կապ էլ չէր եղել։»
Գրիգորի Բաբայանն Արցախի ՊԲ-ի զինծառայող էր, բնակվում էր Ճարտարում՝ պաշտպանելով ծննդավայրի սահմանները։ Սեպտեմբերյան հարձակումից մի քանի օր առաջ էր ամուսնանալու նպատակով արձակուրդ վերցրել։ Պատերազմի նախորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին մեկնել էր Ստեփանակերտ հարսնացուին մատանի գնելու համար։
«Ամսի 18-ին ամեն ինչ անում ենք, ոսկին գնում ենք, բայց եղբայրս տխուր էր, ասում եմ՝ մի քիչ ուրախ քեզ պահի, ամուսնանում ես, պտտվում ասում է՝ նենց տպավորություն է մոտս, որ չեմ հասցնելու ամուսնանալ»,-պատմում է եղբայրը՝ Սասունը։
Սասունն ասում է՝ Գրիգորին րոպե առաջ ցանկանում էր հասնել Ճարտար։ «Հարսանիքի համար մեզ պետք է կաղամբ և բազուկ ուղարկեին, ստացվեց այնպես, որ սեպտեմբերի 19-ի առավոտյան նոր կարող էին տալ, ասացի դու մնա Ստեփանակերտում, ես գնամ Ճարտար, ասաց՝ չէ, դու մնա, ես գնում եմ»,-եղբոր անհանգստությունը հիշելով պատմում է Սասունը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվում է Արցախի խաղաղ բնակչության վրա։
«Հենց իմանում եմ, որ պատերազմ է զանգում եմ եղբորս, ասում եմ՝ չգնաս, քո հարսանիքին է, ասում է՝ լավ, բայց գնում է։ Մենք ինչ պայմանավորում էինք անում էինք, սա միակ բանն էր, որ պայմանավորվեցինք, բայց ինքը չարեց։ Ժամը 11-ին, որ իրավիճակը լարվում է զանգում եմ, բայց որևէ մեկի հետ չեմ կարողանում կապ հաստատել։ Ոտքով գնում եմ մեր շրջան տանող կամուրջի՝ Մազի կամուրջի մոտ, ձեռքիս կաղամբն էր, բազուկը, տարոսիկներն ու ծաղկեփունջը։ Այդ պահին առաջին կրակոցը գալիս է Ստեփանակերտի վրա, կապերն ընդհանրապես կորում է, եղբորս հետ էլ չեմ խոսել»,-ասում է Սասունը։
Սասուն Բաբայանը ևս ծառայող է եղել, բայց ԱԱԾ-ում։ Ճարտար հասնել չի կարողացել, միացել է տեղի ԱԱԾ ստորաբաժանմանն ու պայքարել թշնամու դեմ։ «Մազի կամուրջի մոտ ԱԱԾ ստորաբաժանում կար, միանում եմ իրանց, բարձրանում ենք Շուշշի տակ, սկսում ենք հրամաններ կատարել։ Շուշիից ավերում էին քաղաքը, մարդիկ խուճապի մեջ էին, Ստեեփանակերտը քանդում էին։ Առավոտյան իջնում եմ տարոսիկներն ու ծաղկեփունջը տեսնում եմ, որ գցաց է աղբամանի մեջ, վերցնում եմ և ուզում եմ գնալ տուն։
Հինգ օր անց, երբ Սասունը հասնում է Ճարտար, տեղեկանում է, որ Գրիգորին զոհվել է և նրան արդեն հուղարկավորել են։ Գրիգորիի հուղարկավորությունը սեպտեմբերի 22-ին էր, այդ օրը նա պետք է ամուսնանար։
«Ամսի 24-ին եմ հասել Ճարտար, եղբորս հուղարկավորությանը ներկա չեմ եղել։ Գրիգորին և իր հետի տղաները Ճարտարի դարպասներն են պահել, մի բարձունք կա, որի համար են պայքարել, եթե դա վերցնեին, ապա Ճարտարն էլ էր ընկնելու»,-ասում է Սասունը։
Մայրը հիշում է՝ Արցախում բլոկադա էր, սով, բայց կարողացել էին Գրիգորիի հարսանիքի պատրաստությունը ինչ-որ առումով կազմակերպել։ Հարսանիքի սեղանների համար մեծ դժվարությամբ գտածը դրել են հոգեհացի սեղաններին։ «Հարսանիքի օրը հուղարկավորեցին․․․ չեմ կարողանում խոսել, լոխ առել էինք, բլոկադայի պայմաններում»,- մի կերպ ասում է մայրը, իսկ Սասունը լրացնում․ «Եղբորս հետ ամեն ինչ գնել էինք հարսանիքի համար, պատրաստությունը տեսել էինք։ 9 ամիս բլոկադա էր, վերջին երկու ամիսը սով էր, մենք ամեն ինչ գնել էինք, տունն էինք վերանորոգել, կահույք էինք գնել, որի վրա մի գիշեր էլ չի քնել»։
Գրիգորիի մահը կրկնակի ցավ է ընտանիքի համար։ 2014-ին էլ տիկին Սեդայի մյուս որդին է զոհվել՝ թշնամու դեմ պայքարելիս։ Սեպտեմբերի 19-ին զոհվել է նաև դստեր ամուսինը՝ Գրիգորիի հետ նույն դիրքում է եղել։ Այս պատմությունը կներկայացնենք մեր հաջորդ հրապարակմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։