Արցախցիները իրենց հարազատների շիրիմների մոտ լացելու, ծաղիկ խոնհարելու հնարավորություն են ուզում։ Արդեն 10 ամիս է՝ նրանք այդ ցանկությամբ են ապրում։ Հուլիսի 11-ին նրանք հավքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ և հանդիպում էին ակնկալում Նիկոլ Փաշինյանի հետ, որ խնդրեն նրան 2023 թվականի սեպտեմեբրի 19-ի պատերազմի զոհերի մարմինները տեղափոխվի Հայաստան։

Կառավարության շենքի բակում լացող մայրեր էին, կանայք, ալեհեր դարձած հայրեր ու պատանիներ․ նրանք միավորում է հարազատի շիրիմի բացակայությունը։

«Մենք չենք բողոքում, խնդրում ենք մեր զոհված տղաների մարմինները տեղափոխեն»,-ասում է տարեց մի տղամարդ։ Նա Վալերիկ Աղամալյանն է՝ զոհված Սամվել Աղամալյանի հայրը։

«Իմ տղան զոհվել է սեպտեմբերի  20-ին՝ դիրքերում։  Եթե ժամանակին ասեին, որ պետք է հեռանանք, չէինք հուղարկավորի»,-ասում է նա։ Ամուսնու հոր հետ կառավարության շենքի մոտ է եկել նաև Սամվելի կինը։

«Խնդրում ենք, որ մարմինները բերեն, հանձնեն հարազատներին, հուղարկավորենք, որ մեր հոգին էլ հանգիստ լինի, դժվար է այսպես ապրելը։ Իմ ամուսինն է մարտական դիրքերում զոհվել։ Հուղարկավորել ենք Ճարտարում»,-ասաց նա։

Ճարտարում տեղի ունեցած իրադարձությունների մասին Forrights.am-ը բազմաթիվ հրապարակումներ ունի։ Ճարտարի բնակիչները պատմել են, թե ինչպես են կեսգիշերից հետո հուղարկավորություններ կազմակերպել, ինչպես են գերաններից դագաղներ պատրաստել՝ անձայն, որ թշնամին չտեսնի ու իրենց էլ չթիրախավորի հուղարկավորության ժամանակ։

Վալերիկ Աղամալյանն ասում է, որ մինչ Հայաստանի կառավարությանը դիմելը այս հարցի շուրջ քննարկումներ են ունեցել Արցախի ներկայացուցչության և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության հետ, սակայն, որևէ արդյունքի չեն հասել։ «Նույնիսկ պահանջել են, որ հասակով մարդիկ գնան, հանելու, ես էլ համաձայնվել էի, բայց ձայն չկա»,-ասում է նա ու նշում՝ չգիտի ՀՀ կառավարությունից որևէ մեկը կհանդպի իրենց հետ։

Մեկ այլ զոհվածի կին էլ  Forrights.am-ին փոխանցեց, որ «Կարմիր Խաչի հետ գործընթացը կիսատ մնաց, պատճառներն անհայտ են»։

«Իմ տղաս է զոհվել, 24 տարեկան է»,- ասում է մի կին ու խոսքերը խեղդվում են արցունքերի մեջ, շարունակել չի կարողանում։

«Տղայիս հետ պատերազմից 15 րոպե առաջ խոսել եմ՝ ընդամենը երկու րոպե եմ խոսել հետը, դրանից հետո կապը կորել է, ոչ մի տեղեկություն չունեմ»,- որդու կարոտով տասը ամիս ապրող մեկ այլ մայր է ասում՝ արցունքն աչքերին։

Նրա որդին անհետ կորած է, մայրը  փորձել է փնտրել տղային, բայց որևէ տեղեկություն չի ստացել։  «Իր հետ ծառայողներից մեկը գերի է ընկել, հետ է եկել, հանդիպել եմ, ասում եմ է՝ ես իրենից հեռում եմ եղել, չեմ տեսել։ Իմ տղան տասը ամիս է չկա, տասը անգամ նամակ եմ գրել, որ ընդունեն, բայց չեն ընդունում»։

Զոհվածների հարազատները Նիկոլ Փաշինյանից միայն մեկ բան են խնդրում՝ օգնել Հայաստան տեղափոխել իրենց հարազատների դիերը, բայց Հայաստանի վարչապետը նրանց լսելու ցանկություն չունի։ Չորս-հինգ ժամ կառավարության մոտ լուռ կանգնած սգակիրներին մարդասիրության մասին ճառերով աչքի ընկնող Փաշինյանը չընդունեց։ Կառավարության ընդունելությունների բաժնում առաջարկեցին Փաշինյանի անունով նամակ գրել ու գնալ։ Արցախցիները գրեցին՝ հույսով, որ Փաշինյանը կընդունի իրենց։

«Բոլորին արտաշիրիմում անեն, բերեն Հայաստան, որ նորմալ շիրիմ ունենան, ծաղիկ դնելու տեղ ունենանք։ Իմ ամուսինն է զոհված։ Իր եղբայրն էլ 94 թվականին է զոհվել։ Հայաստանի կառավարությունից ակնկալիքս այն է, որ Արցախի կառավարությունը ոչ մի լիազորություն չունի, մենք ենթակա ենք ՀՀ կառավարությանը, պետք է զբաղվի մեր հարցերով, բայց ինքն էլ մեզ չի ընդունում, մեր հարցերով չի զբաղվում։ Եթե մեզ տեղահանել ես, բերել լցրել ես Հայաստանի փողոցները, մեր հոգսն էլ քաշի։ Արցախի սոցապում մեզ ասացին՝ գնացեք, մինչև տեղ հասնեք, մենք ձեր հետևից կբրենք, բայց հրդեհը, որ եղավ, զոհերը շատացան, չստացվեց հանելը»,-ասաց ներկաներից մեկը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց, նրանցից 181-ը՝ զինծառայող։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում

Pin It on Pinterest