2023 թվականի սեպտեմբերի 19-ին անդրբեջանական բանակի կողմից իրականացված վայրագությունների նոր մանրամասներ են հայտնի դառնում։ Forrights.am-ը զրուցել է Արցախի ԱԱԾ-ի 2-րդ վարչության 1-ին բաժնի պետի տեղակալ, մայոր Արայիկ Հայրիյանի հետ, որն ականատես է եղել խաղաղ բնակչության սպանություններին։ Մարտակերտից դեպի Ստեփանակերտ ճանապարհին են քաղաքացիական անձիք սպանվել ադրբեջանական կրակոցներից։

«40-45 տարեկան մի մարդու սպանեցին, ինքը զինվորական չէր։ Այդ մարդը նախկին ծառայող էր, կանգնել էր, որ խաղաղ բանակիչները դուրս գան։ Թշնամին խփում էր հեռացող մեքենաների վրա, երեխաներ ու կանայք են զոհվել։ Ես հստակ գիտեմ, որ երեք երեխա զոհվել են և երկու կին։ Այդ մեքենաների մեջ միայն կանայք ու երեխաներ էին, տղամարդիկ մնացել էին, որ իրենց տները պաշտպանեին։ Մտել էին արդեն գյուղերի մեջ»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է արցախցի զինվորականը։

Խաղաղ բնակչությանը ոչնչացնելու մշակված ծրագիր է ունեցել թշնամին, ինչը կասեցվել է Արայիկ Հայրիյանի և մյուս զինծառայողների ջանքերի շնորհիվ։

«Իրենց նպատակը մեր դիրքը վերցնելն էր, եթե դա վերցնեին երկու րոպեում հասնելու էին Խաչենի կամուրջ։ Մենք սաղ գիշեր պայքարեցինք, որ հակառակորդը չկարողանա առաջ գա, որ Մարտակերտի բնակչությունը կարողացավ գիշերը դուրս գա»,-ասաց նա։

Դիրքը, որտեղ հրամանատարի պարտականություններն է իրականացրել Արայիկը, տեղակայված է եղել Խաչենի կամրջից երկու կիլոմետր խորության վրա։ Նրա փոխանցմամբ՝ թշնամին մեծաքանակ զորքով և զինտեխնիկայով սեպտեմբերի 18-ից առաջացել է իրենց դիրքերի ուղղությամբ։

«Գալիս էին զենքերով։ Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13-ին, արդեն հակառակորդի առաջին արկն արձակվեց մեր դիրքի ուղղությամբ։ Մեր դիրքը տեղակայված էր Խաչենի կամուրջից երկու կիլոմետր խորության վրա։ Իրենց նպատակն էր գրավել Խաչենի կամուրջը, որ կտրեն Մարտակերտի և Ստեփանակերտի միջև կապը։ Մենք հակահարձակում սկսեցինք, իրենց զինվորականներին էինք ոչնչացնում։  Ես թշնամու երեք հարյուր զինծառայող եմ հաշվարկել, մեր դիրքում 10-12 հոգով էինք։ Իմ հաշվարկով 137 զինծառայող ենք ոչնչացրել»,-ասաց նա։

Արայիկն ասում է, որ ծանր մարտեր են եղել, թշնամուն հաջողվել է գրավել իրենց դիրքից շուրջ կես կիլոմետր հեռավորության վրա գտնվող դիրքը։ «Իմ դիրքում երեք վիրավոր է եղել, զոհեր չեն եղել։ Թշնամին որքան մտնում էր կողքի գրավված դիրքը, մենք այդքան ոչնչացնում էինք»,-հիշում է նա և ավելացնում, որ աջակից ուժեր չկային, եթե լինեին, ավելի շատ կարող էին պայքարել և ելքը գուցե այլ լիներ։

«Մարդ չունեինք, որ գար, օգներ դիրքերը պահեինք, մեզ 20-ի գիշերն ասացին դուրս արեք։ Որքան հնարավոր է եղել, ինչքան զենք ունեցել ենք մեր դիրքերը պաշտպանել ենք։ Մենք մեր խնդիրը կատարել ենք, բայց զոհեր ունեինք, աջակցող ուժ չկար։ Գուցե 2-3 օր էլ կարողանային դիմադրել, բայց օգնություն էր պետք։ Ասում են՝ զենքերը մնացել է, բայց զենքը կար, մարդ չկար, մարդկային կորուստները շատ էր։  Պարզ էր, որ մենք դուրս էինք գալիս, իրենք գալու էին զենքերը վերցնեին, պահեստներում երեք-չորս օրվա զենք էր մնացել»,-ասաց նա։

Արայիկ Հաիրյանն այժմ գործազուրկ է, ցանկանում է շարունակել ծառայությունը, սակայն, ԱԱԾ-ից դեռ առաջարկ չի ստացել։

«Ես և իմ անձնակազմը կշարունակենք մեր ծառայությունը Հայաստանի ցանկացած հատվածում՝ որտեղ ուզում է լինի, բայց ինչ-ինչ պատճառներով խնդիրներ են առաջացնում։ Դիմել ենք ԱԱԾ, երկու անգամ հարցազրույցի են կանչել, բայց այլ նորություն չկա։ Ես պատրաստ եմ ծառայել Հայաստանի ցանկացած հատվածում՝ Կիրանցից մինչև Կապան, սա էլ է իմ հայրենիքը»,-ասաց նա։

Նշենք, որ ԱԺ-ն այս օրերին քննարկում է օրենսդրական փոփոխությունների ընդունումը, որը հնարավորութուն կտա Արցախի ԱԱԾ ծառայողներին ծառայության անցնել Հայաստանի հատուկ ծառայությունում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest