Մասիսի փողոցներից մեկից տարածվում է թարմ փախլավանյի բույրը։ Այն սկիզբ է առնում «Շուշվա համը» փոքրիկ արտադրամասից։ Հիմնադիրը շուշեցի Զինա Սահակյանն է։ «Այսօր էլ ինձնից մի բան հորինեցի՝ մարմելադներ եմ դնում մեջը, միշտ լոխումով էի փաթաթում»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է տիկին Զինան։
Մինչ այս նա թխվածքների արտադրությամբ զբաղվում էր տան պայմաններում, իսկ մայիսի 20-ին հիմնել է արտադրամասը։ Տիկին Զինան ոչ միայն փախլավայի, գաթայի այլ նաև պուրիի և ժինգյալով հացի պատվերներ է ընդունում։ Նշում է՝ հաճախորդների պակաս չունի։ «Միայն սառնարանի խնդիր ունեմ, չեմ կարողանում կրեմով խմորեղեններ թխել»,-ասում է նա և հպարտությամբ նշում, որ Հայաստանում կարողացել է գտնել իր եկամտի աղբյուրն ու չի արտագաղթել։
«Ես իմ մեջ ուժ եմ գտել։ Մենք երկրից դուրս՝ Անապա, աշխատանք էին առաջարկում, ես չգնացի, ասացի, եթե պետք է գնամ այնտեղ աշխատեմ, Հայաստանում կաշխատեմ՝ մեր հայրենի հողում, օգուտն էլ մեր ժողովրդին կտամ։ Իմ մեջ ուժ գտա, այս արտադրամասը բացեցի՝ իմ հավաքած գումարով»,-ասաց նա։
Տիկին Զինան 43 տարեկան է, վեց երեխա ունի, երեք՝ թոռնիկ, ընտանիքում 11 հոգի են, ապրում են երկու սենյականոց վարձակալած բնակարանում։
Տիկին Զինան գտել է իր երջանկությունը Հայաստանում, բայց մտքում Արցախ վերադարձն է ու վերջին օրերի դաժան հիշողությունները։ «Չեմ ուզում սեպտեմբերի 19-ը հիշեմ, որ հիշում եմ՝ վատանում եմ։ Չէի պատկերացնում, որ մենք կարող ենք ողջ դուրս գալ այդ իրավիճակից։ Այստեղից, որ զանգում էին ասում էի մենք դուրս չենք գա այս իրավիճակից, թուրքերն արդեն հասել են մեր թաղամաս։ Մեր տունը Ցորի զորամասի մոտ էր»,-Forrights.am-ի հետ զրույցում հիշում է տիկին Զինան ու պատմում, թե ինչ հոգեբանական ու ֆիզիկական ծանր դժվարություններով են անցել ինքն ու ընտանիքը։
«Կրակոցներից հազիվ էինք փախչում, գալիս էինք հրապարակ, որ չկարողանային մեզ բռնել։ Դա սեպտեմբերի 20-ին էր, կռիվը դեռ գնում էր, իրենց մեքենաներով մտել էին Ստեփանակերտ։ Մեր տանից երևում էր»,-ասում է արցախցի կինն ու նշում՝ ադրբեջանական մեքենաներն իրենից մի քանի մետր այն կողմ էին։
«Ես տան դուռը բացեցի, որ դուրս գամ իրենք մեքենաներով գնում էին՝ զենքերը ձեռքներին, ԲՏՌ-ներ էին, հետները ռուսներ էլ կային, բայց մենք վախենում էինք»,-ասաց նա։
Զինա Սահակյանը նշում է՝ զինված ադրբեջանցիների երբեք այդքան մոտ չի տեսել՝ չնայած, որ 44-օրյա պատերազմին կամավորագրվել էր և սնունդ էր պատրաստում պատերազմի մասնակիցների համար։ «Տղաս կամավոր պատերազմ էր գնացել, ես էլ կամավոր գնացել էի Շուշիի հյուրանոցում ճաշ էի եփում, փախստականներին էինք ընդունում, տեղ տալիս, սնունդ տալիս, օգնում էինք։ Մինչև հոկտեմբերի 28-ը մնացել եմ այնտեղ, եկան ասացին, որ պետք է դուրս գաք, սկսում են Շուշին ռմբակոծել»,-ասաց նա։
Սեպտեբերի 19-ից հետո յուրաքանչյուր օրը տիկին Զինայի համար բարդ է եղել է։ Ամենադաժանը Արցախը լքելու օրն է եղել, երբ ադրբեջանցիները մի քանի ժամով գերեվարել են իրեն ու իր ընտանիքի անդամներին։ «Մի հատ ՈւԱԶ-ով գալիս էինք, տղաս էր քշում, չէինք հասել Հակարիի կամուրջ թշնամին մեզ բռնեց, վեց հոգի էինք ավտոյի մեջ։ Լուսադեմին ժամը հինգն էր, մեզ տարան, մտցրեցին անտառ, Հակարիի կամուրջ չհասած մի հատ փոքր պոստ կար։ Ես էի, երեխաներս էին, փեսաներս էին ու երկու հարևաններս՝ Շուշիից։ Մի երեք ժամ պահեցին, ոչ մեկին չէի կարողանում զանգել։ Վախեցել էի, շուրթերս կապտել էր, ասում էի՝ ես հեչ, երեխաներիս չտանեն»,-ասում է։
Այդ երեք ժամերը տիկին Զինայի համար անբացատրելի ծանր են եղել։ Զինված ադրբեջանցիները թույլ չեն տվել օդ շնչելու համար իջացնել ավտոմեքենայի ապակիները, ջուր չեն տվել։ «Փեսաս ջուր ուզեց իմ համար, ասաց՝ վատացել է, մեկը եկավ քացով խփեց անիվին, ասաց՝ չկա։ Հետո մեկը եկավ, կիսատ շշով ջուր տվեց, մի քիչ քսեցի դեմիքս։ Իմ հասկանալով մեզ ուզում էին տանեին»,-տիկին Զինայի ընտանիք մի քանի մասի էր բաժանվել Հայաստան գալու համար։ Ընտանիքի մյուս անդամները, որ առջից էին գնում տեղյակ չեն եղել, թե ինչ է կատարվում մյուս մասի հետ։ Տիկին Զինան է մի կերպ կարողացել հաղորդագրություն ուղարկել ամուսնուն, որ առևանգված են, նա էլ տեղյակ է պահել ռուս սահմանապահներին, ինչից հետո նոր հնարավոր է եղել նրանց հետ վերադարձնել։
«Ամբողջ պատերազմի ընթացքում չէի վախեցել, որքան այդ պահին»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։