56-ամյա Գայանե Աղայանը իր ջերմ ու միմյանց հետ մտերիմ ընտանիքի անդամների մասին չի ցանկանում անցյալով խոսել։ Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունի հետեւանքով զոհվել է նրա դստեր ամուսինը՝ Սերգեյ Հովհաննիսյանը իսկ որդին՝ Ռոբերտ Աղայանը մինչ օրս համարվում է անհետ կորած։ Արցախից բռնի տեղահանված ընտանիքը ենթադրում է, որ Ռոբերտի մասունքները գտնվում են բենզալցակայանի փլուզված տանիքի տակ։

«Ես որդուս ու փեսայիս մեջ տարբերություն երբեք չեմ դրել, մենք միշտ ջերմ ընտանիք ենք եղել… եւ կանք։ Ռոբերտը 32 տարեկան էր, ամուսնացած չէր, ՊԲ ծառայող էր, երեք պատերազմ էր անցել՝ 2016, 2020 եւ 2023-ին։ Բոլոր երեքից ողջ-առողջ վերադարձել էր, եւ ընդամենը երեք օր անց տեղի ունեցավ այդ ողբերգությունը։ Նույնը իմ փեսան։ 34 տարեկան էր, երեք երեխա ունի, երեք պատերազմ էր անցել, նույնպես ՊԲ ծառայող էր։ Վերջին պատերազմի ժամանակ, երբ թշնամին ռմբակոծել էր հրամանատարական կետը, այնտեղ գտնվողների մեծ մասը զոհվել էր, ինքը Սերգեյը հրաշքով էր ողջ մնացել։ Կոնտուզիա էր ստացել, տեղափոխվել էր հոսպիտալ։ Հաջորդ օրը Ռոբերտը գնացել էր հոսպիտալ, գտել էր Սերգեյին, երկուսով վերադարձել էին տուն։ Երբ պատերազմը կանգնեցվեց, մենք սկսեցինք հավաքվել, տղաները սկսեցին մեր երեք մեքենաների համար վառելիք փնտրել, որ կարողանան ընտանիքի բոլոր անդամներին անվտանգ հանեն Արցախից»,- պատմում է Գայանե Աղայանը։

Նա հիշում է, որ դեպքի օրը առավոտից ամուսինը, որդին ու փեսան բենզալցակայանից բենզալցակայան էին գնում, սակայն այդպես էլ բենզին չեն գտել. «Զանգեցի, ասացի, եկեք գոնե հաց կերեք հետո էլի կգնաք։ Ուտելու բան էլ նորմալ չկար, նախօրեին որդիս կարողացել էր մի քանի կիլոգրամ ալյուր գտնել, որ ճանապարհի համար հաց թխեմ գոնե։ Եկան, կերան, ես էլ հոգնած էի, գնացի պառկեցի, աղջիկս փոքր որդուն քնացրեց, մեկ էլ դռան ետեւից լսեցի, որ ինչ-որ մեկը զանգեց, ասեց՝ բենզին են բերել։ Տղաները ուղղակի դուրս թռան։ Ամուսինս էլ էր ուզում գնալ, բայց վերջին պահին տղաս նրան ասաց՝ դու մնա, հանգստացի, մենq գնանք ու գանք։ Ես մինչեւ հիմա ինձ անիծում եմ, որ այդ ժամանակ նրանց չկանգնեցրի։ Չէի կարող իմանալ, թե ինչ է լինելու, բայց անգամ դուրս չեկա, որ հրաժեշտ տամ…»։

Որոշ ժամանակ անց Գայանեն աղմուկ է լսել, կարծել է թե ամպրոպ է, հետո զանգ է հնչել ու իմացել են՝ բենզալցակայանում մեծ պայթյուն է եղել։

«Ես սկսեցի տղաներին զանգել, երկուսն էլ անհասանելի էին, երբ որոշ ժամանակ նրանցից հետ զանգ չստացանք, հասկացա՝ տղաներս չկան… Տանից դուրս թռանք, հինգ կիլոմետր ոտքով վազեցինք դեպի հիվանդանոց։ Իսկ թե ինչ տեսանք այնտեղ, ուղղակի դժոխային էր։ Մարդկանց մեծ մասը արդեն հեռացել էին, բժիշկները նույնպես։ Շտապ օգնության մեքենաներ էին գալիս, հավաքված մարդիկ այդ մթին շրջապատում էի դրանք, որ բերվածների մեջ իրենց հարազատներին գտնեն։ Բոլորը բղավում էին, ճչում էին, դա կարծես աշխարհի վերջը լիներ։ Եթե մեկը աշխարհի վերջը նկարագրեր, ապա հենց այսպես կլիներ»,- ասում է կինը։

Տիկին Գայանեն բոլորին շրջանցելով բարձրացել է դեպի հիվանդասենյակները եւ սկսելէ մեկ առ մեկ բացել դռները ու բղավել որդու եւ փեսայի անունները. «Թե ինչ այդ ժամանակ տեսա այնտեղ, աննկարագրելի է. Մեխրացած դեմքեր, սեւացած, ուռած, վառված մարդիկ… ես սկսեցի անունները բղավել, որ գոնե արձագանքեն, երկու հարկ անցա, չգտա։ Մարդիկ արդեն միջանցքների գետնին էին պառկած, բղավոցներ, ճիչեր…սարսափ էր։ Ես տուն վազեցի, որ այնտեղից գնանք խաղաղապահների մոտ։ Ինչ-որ մեկն ասել էր, որ որոշ վիրավորների այնտեղ էլ են տարել… Դա կյանքիս ամենասարսափելի գիշերն էր։ Կապ չկար, հնարավոր չէր որեւէ տեղ հեռախոսով միանալ։ Հնարավոր չէր որեւէ մեկից որեւէ բան իմանալ։ Ամբողջ գիշեր անկողնուս նստած կողքից կողք էի ճոճորվում ու ասում ՝ բա ես մա՞յր եմ, երեխաս չկա, երեխաներս չկան իսկ ես նստած եմ…ի՞նչ անեմ… կողքի սենյակում էլ աղջիկս երեք երեխաներին էր քնացնում… առավոտյան նա եկավ, ասաց՝ մամ, պետք է ամեն ինչի պատրաստ լինենք…»։

Դեպքի հաջորդ օրը երեկոյան թեւին ունեցած մեծ դաջվածքի շնորհիվ Երեւանի հիվանդանոցներից մեկում հայտնաբերվել է Սերգեյը՝ ծանր վիրավոր վիճակում։ Մի քանի ժամ անց, սակայն, հարազատները ստացել են նրա մահվան լուրը։

Երկու մեքենաների բանալիները ընտանիքը այդպես էլ չի կարողացել գտնել, դրանք մնացել էին Ռոբերտի եւ Սերգեյի մոտ։ Նրանք ստիպված իրենց առաջին անհրաժեշտության իրերը բեռնել են ամենահին մեքենայի վրա եւ դրանով ճամփա են ընկել դեպի Հայաստան։

«Մեքենան ոչ լուսարձակներ ուներ, ոչ արգելակներ։ Սարսափելի հիսուն ժամ ենք անցկացրել ճանապարհին։ Դժոխային ճանապարհ էր, հացը վերջացել էր, ջուր չկար, երեք փոքր երեխաները անհանգիստ, ամենափոքր ընդհանրապես անընդհատ լացում էր, ես արդեն կարծում էի՝ տեղ չենք հասնի… երբ Հակարի կամուրջն անցանք, ինձ մոտ արդեն նյարդային ցնցում սկսվեց, շնորհակալ էի Աստծուն, որ գոնե երեխաներին կարողացանք հանել…»,- պատմում է տիկին Գայանեն։

Օրեր անց Սերգեյը հուղարկավորվել է Եռաբլուրում, իսկ Ռոբերտից այդպես էլ ոչ մի լուր չկա, դեպքի վայրից հավաքված մասունքներում նրա գենետիկ տվյալները չեն հայտնաբերվել. «Բանը հասավ նրան, որ աղոթում էի՝ գոնե որեւէ մաս նրանից գտնեն ինձ տան, բայց ոչ… մինչ օրս քսան հոգու մասին որեւէ լուր չկա։ Գնում  եմ փեսայիս գերեզման, խնդրում եմ գոնե ինքը ինձ հուշի, թե ինչպես որդուս գտնեմ…»։

Գայանե Աղայանը իր ընտանիքի հետ այժմ վարձով բնակվում է Երևանում, ինչպես Ստեփանակերտում, այդպես էլ այստեղ աշխատում է դպրոցում։ Ապագայի մասին խոսել չի կարողանում, ասում է՝ բոլորս այստեղ ապրում ենք այսօրվա օրով։

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest