Freedom House-ը Մարդու իրավունքների միջազգային գործընկերության, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքների զարգացման և պաշտպանության հիմնադրամի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի, Truth Hounds-ի հետ համատեղ հրապարակել են զեկույց «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայ չկա»։
Զեկույցը քննարկվել է հուլիսի 1-ին Երևանում կայացած Ժողովրդավարական ֆորումի պանելային նիստի ժամանակ, որի ընթացքում վերոհիշյալ իրավապաշտպան կազմակերպությունները ներկայացրել են զեկույցի ամփոփագիրը։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ներկայացուցիչ Աննա Մելիքյանը իրավական գնահատական տվեց 2020-2023 թվականներին Արցախում տեղի ունեցած իրադարձություններին՝ դա ցեղասպանություն էր, որը Ադրբեջանի իշխանությունները իրականացրել են պետական մակարդակով։
Մարդու իրավունքների միջազգային գործընկերության ղեկավար Ջուդիթ Դյուֆուրն իր ելույթում նշել է, որ բավական փաստեր կան Միջազգային քրեական դատարան դիմելու համար՝ մարդկության դեմ հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների վերաբերյալ հոդվածներով։ Տիկին Դյուֆուրը սակայն նշեց, որ ավելի հեշտ կլիներ դիմել միջազգային ատյաններ և հասնել զգալի հաջողությունների, եթե Արցախի ժողովրդի իրավունքները ներկայացված լինեին Հայաստանի կառավարության կողմից, որը միացել էր ՄԱԿ-ի Հռոմի կանոնադրությանը։
Զեկույցի ներկայացումը տեղի է ունեցել Երեւանում կայացած ժողովրդավարական ֆոռումի ժամանակ, որին մասնակցել է նաեւ վարչապետ Փաշինյանը։ Ֆորումի ժամանակ շեշտը դրվել է հիմնականում գենդերային եւ ժողովրդավարական այլ խնդիրների վրա, ինչը, անշուշտ, կարեւոր էր, բայց ստեղծված իրավիճակում կարծես նպատակ ուներ թաքցնել հիմնական թեման՝ «Ինչո՞ւ Արցախում հայ չի մնացել»։
Freedom House-ը, որն այս տարի բավական կոշտ զեկույց էր հրապարակել Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության իրավիճակի մասին, փորձել է ի ցույց դնել, որ ժողովրդավարական բարեփոխումները չեն ենթադրում հրաժարում ազգային եւ մարդու իրավունքների պաշտպանությունից։ Հակառակը՝ ժողովրդավարական մեխանիզմները կոչված են առավելագույնս պաշտպանել այդ իրավունքները։ Եւ Հայաստանի կառավարության կրավորական վերաբերմունքը Արցախի եւ արցախցիների հանդեպ հակաժողովրդավարական է։
Զեկույցը հրապարակվել է Հայաստանի համար տհաճ մի ժամանակաշրջանում, երբ կառավարությունը ամենաբարձր ամբիոններից թիրախավորում է արցախցիներին։ Նույնիսկ վարչապետն է հայտարարել, որ արցախցիները, լսելով իրենց ռուսամետ էլիտաներին, եկել են Երեւան, որպեսզի այստեղ իշխանափոխություն անեն։
Սոցցանցերի մի կենտրոնից ուղորդվող օգտատերերը մեղադրում են արցախցիներին, որ նրանք չեն կարողացել պահել իրենց հողը եւ եկել են, որ հանձնեն նաեւ Հայաստանը։
Նման մեղադրանքների անհեթեթությունը զարմանալի է․ արցախցիները ասում են՝ երբեք չենք պատկերացրել, որ Հայաստանում ստիպված կլինեն նման պարզ բաներ բացատրել կամ «արդարանալ», որ չենք զոհվել Արցախում եւ փրկվել ենք ցեղասպանությունից։
Freedom House-ի զեկույցում ասված է, որ «Ադրբեջանական պետությունը մեթոդաբար պարտադրել է կենսապայմաններ, որոնք նպատակ ունեին կա՛մ ժամանակի ընթացքում ոչնչացնել հայ բնակչությանը, կա՛մ անհնարին դարձնել նրանց մնալն ու գոյատևումը, նշում են զեկույցի հեղինակները»։ Ահա թե ինչու Արցախում հայ չի մնացել։
Հայաստանում նրանք ապաստան, ժամանակավոր պաշտպանություն եւ ապրելու համար մինիմալ միջոցներ են ստացել։ Սակայն ամբողջությամբ զրկվել են իրենց իրավունքները քաղաքական մակարդակում ներկայացնելու հնարավորությունից․ Հայաստանի կառավարությունը մերժում է արցախցիների ինքնակառավարումը, ասում է, որ Հայաստանում միայն մեկ կառավարություն կա, սակայն խոսում միայն հումանիտար եւ սոցիալական խնդիրներից, գիտակցաբար անտեսելով արցախցիների քաղաքական եւ իրավական խնդիրները։
Տիկին Դյուֆուրը ակնարկում է, որ ունենալով նույնիսկ նման ծանրակշիռ փաստարկներ, ինչպիսին է աշխարհի ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցը, ՀՀ կառավարությունը չի ցանկանում ներկայացնել այն միջազգային դատական ատյաններ։ Ավելին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Հայաստանը հետ կկանչի միջազգային դատարաններ արդեն ներկայացրած հայցերը, եթե Ադրբեջանը նույնը անի։
Նաիրա Հայրումյան