37-ամյա Դիաննա Գրիգորյանի մտքում ամենօրյա մեկ հարց կա՝ ինչպես ապահովել հինգ անչափահաս երեխաների օրվա հացը։ Ընտանիքը բռնի տեղահանվել է Մարտունու շրջանի Աշան գյուղից՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ին։ Հիմա բնակվում են Մասիսի հարևանությամբ գտնվող Սայաթ-Նովա համայնքում։
«Ամեն ինչի խնդիր ունենք։ Սննդի, հիգենայի պարագաների կարիք ունենք։ Խոհանոցային պարագաների կարիք ունենք։ Որքան ժամանակ է օգնություն չենք ստանում։ Խանութից պարտքով եմ վերցնում, մինչև աջակցությունը ստանում` տալիս եմ»,-խնդիրները Forrights.am-ի հետ զրույցում ներկայացնում է հինգ երեխաների մայրը։
Դիանայի ընտանիքում 9 հոգի են։ Ինքը, ամուսինը, հինգ երեխաները և ամուսնու թոշակառու ծնողները։ Տունը, որտեղ նրանք ապրում են, անմխիթար վիճակում է գտնվում։ Կիսամութ, խոնավ և թերկահավորած․ չունեն սեղան, աթոռ, պահարաններ, մահճակալ, սառնարան և այլ կենցաղային պարագաներ։
Դիաննայի ամուսինն աշխատանք է փնտրում, իսկ ինքն աշխատել չի կարող, երեխաներին խնամող չկա։
«Կուճուր խոխեք են, ո՞ւր թողեմ, գնամ աշխատեմ։ Կիսուրս ու պատրոնս են թոշակ ստանում, դա էլ իրանց ճարի (դեղերի) փողն ա հազիվ հանում։ Ճնշում ունեն, շաքար ունեն։ Աջակցությունները նորմալ չենք ստանում, ուշ-ուշ են տալիս»,-ասում է նա և հիշում Աշանում ապրած օրերը։
«Էնտեղ լավ էին ապրում։ Ես գործ ունեի, ամուսինս գործ ուներ, լավ ենք եղել»,-ասաց նա։
Դիաննան, երեխաները և ընտանիքի մյուս անդամները ծանր փորձությունների միջով են անցել։ Ենթարկվել են հոգեբանական բռնության․ միակ ճանապարհը դա էր Հայաստան հասնելու համար՝ լուռ լսել զինված թշնամուն։
«Սեպտեմբերի 19-ին շատ փիս վիճակ էր։ Գործից եկա տուն, մեր հարևանի տղեն ամուսնացել էր, կանչեցին սուրճ խմելու, խմում էինք մեկ էլ սկսեցին թխելը (կրակում էին)։ Եկա տուն, տեսնեմ խոխեքը ծվարած են։ Վախից փախանք հարևանի տուն։ Ահարվոր վիճակ էր։ Սեպտեմբերի 29-ի 30-ի արանքում դուրս եկանք։ Դուրս գալուց եկել ենք Ստեփանակերտ՝ տալիս տուն։ Շատ փիս վիճակում հասել ենք Ստեփանակերտ։ Թշնամու միջով անցանք, ադրբեջանցիները կանգնած էին, եկանք իրանց կողքով անցանք, լոխ ճանապարհին թշնամին էր»,-ասաց նա։
Դիաննան ապրում է Արցախ վերադարձի հույսով՝ ոչ միայն սոցիալական խնդիրների պատճառով, այլ նաև հիշողությունների, այնտեղ թողած հարազատների շիրիմներին այցելելու համար։
«Ինձ համար շատ դժվար է։ Այնտեղ ծնողներ եմ թողել, ջահել ախպեր եմ թողել, երկու ամսական երեխա եմ թողել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։