Մանյա Ղուկասյանը ծննդով Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է։ Ամուսնացել և հաստատվել է հարևան Կարմիր շուկա գյուղում։ Ինքն ու ամուսինը՝ 90-ականների արցախյան ազատամարտի տանկիստ Բորիկ Ղուկասյանը, ապրել ու արարել են գյուղում, ունեցել 4 զավակ՝ 3 աղջիկ ու մեկ տղա։
«Մտածում էի՝ այնքան երեխա ունենալ, մինչև փափագված տղա զավակն ունենամ։ Երեք աղջիկներից հետո 2000թ. ծնվեց Հակոբս։ Բոլորս շատ էինք սիրում նրան։ Նա ոչ միայն մեր տան սիրելին էր, այլև հարևանների։ Ամուսինս տրակտորիստ էր, իսկ ես աշխատում էի գյուղի հանդիսությունների սրահների խոհանոցներում՝ միաժամանակ զբաղվելով հողագործությամբ։ Միասին հյուսում էինք մեր ընտանեկան երջանկությունը։ Երբ լրացավ որդուս 18 տարեկանը նա նույնպես զորակոչվեց բանակ», -ներկայացրեց 48-ամյա կինը։ Արցախի պաշտպանության բանակում վերադաս հրամանատարությունը հրետանավոր Հակոբ Ղուկասյանին բնորոշել է որպես օրինակելի ծառայող։ Վեց ամիս ծառայելուց հետո նրան շնորհվել է սերժանտի կոչում։ Հակոբի զորացրվելուն մնում էր 3 ամիս, երբ սկսվեց Ադրբեջանի կողմից սանձազերծած 2020թ. 44-օրյա պատերազմը։
«2020թ. հոկտեմբերի 11-ին, երբ գյուղում մնալը վտանգավոր էր տեղափոխվեցինք ՀՀ Տեղ գյուղ։ Ամեն օր զանգում էի տղայիս, և նա միշտ մեզ ոգևորում էր ու ասում, որ քիչ մնաց, համբերեք։ Պաշտպանական դիրքերում էին նաև եղբորս որդիները։ Իսկ հոկտեմբերի 16-ին ինչքան զանգեցի տղայիս՝ չպատասխանեց։ Տեղս չէի գտնում, մի կերպ գիշերը լուսացրի և հոկտեմբերի 17-ին զանգեցի ամուսնուս՝ որդուցս մի լուր տեղեկանալու ակնկալիքով։ Նա էլ կարկամելով հայտնեց, որ վատ լուր ունի…։ Սակայն ես չէի պատկերացնում կամ ուզում հավատալ, որ տղայիս հետ կապված կլինի։ Հակոբիս զոհվելու լուրը լսելուց՝ ուշաթափվեցի։
Մինչ այդ ամեն օր Տեղ գյուղի տարածքի եկեղեցում աղոթում էի և հոկտեմբերի 17-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, երբ կրկին պիտի գնայի աղոթելու՝ քթիցս արյուն հոսեց, ինքնազգացողությունս վատացավ և չկարողացա այդ ընթացքում գնալ եկեղեցի։ Հետագայում պարզվեց, որ որդիս զոհվեց հենց այդ ժամանակ»,-լացակումած ասաց զոհված տղայի մայրը։
Սերժանտ Հակոբ Ղուկասյանը նահատակվեց 2020թ. հոկտեմբերի 17-ին՝ Մարտակերտի պաշտպանական դիրքերում։ Որդու զոհվելու լուրն իմանալով մայրը մի կերպ Տեղ գյուղից հասնում է Կարմիր շուկա։ 44-օրյա պատերազմի թեժ օրերն էին։ Մանյա Ղուկասյանի խոսքով՝ ճանապարհի կեսն անտառների զարտուղիներով էին փորձում հասնել գյուղ։ Ավտոմեքենայով հասել են մինչև Խաչմաչ գյուղ, այնուհետև ոտքով հասել Կարմիր շուկա։ Գյուղում այդ ժամանանակ ոչ-ոք չկար։ Տիկին Մանյան ամուսնու և զինվորականների հետ միասին հուղարկավորեցին իրենց որդուն։
«Մի ծաղիկ էլ չկար, որ դնեինք որդուս շիրիմին։ Թշնամին անընդհատ կրակում էր։ Հաջորդ օրը գերեզմանի ճանապարհին տեսանք գյուղացիներից մեկի տան բակում աճած ծաղիկներ։ Մտանք ներս՝ քաղեցինք և տարանք դրեցինք որդուս շիրմաքարին։ Վիճակն այնքան վատ էր, որ գյուղում մնալն անհնար էր և ինձ շուտափույթ ուղարկեցին Տեղի համայնք», -հուզմունքը կոկորդում խեղդելով պատմեց որդին կորցրած մայրը։
Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հրադադարից հետո արցախցիներն աստիճանաբար վերադարձան հայրենի բնօրրան։ Սերժանտ Հակոբ Ղուկասյանի ընտանիքը ևս հաստատվեց գյուղում՝ շարունակելով բնակվել ադրբեջանական հենակետերի ուղիղ նշանառության տակ։ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Կարմիր շուկան դարձավ սահմանամերձ գյուղ։ Հակոբի մայրը նշեց, որ մինչև 2023թ. սեպտեմբեր ամեն տարի շուրջ 120 հոգով նշում էին որդու տարելիցը, քանի որ ապագայի վերաբերյալ հույսեր չէին նշմարվում և նա չգիտեր՝ արդյո՞ք վաղը նման հնարավորություն կունենա։ 2023թ. սեպտեմբերի 19-ին՝ 13.00-ի սահմաններում Ադրբեջանը կրկին հարձակվեց և Կարմիր շուկան անմիջապես հայտնվեց թշնամու թիրախում։
«Գյուղը հայտնվեց թշնամու կրակի տակ։ 84-ամյա ինսուլտ տարած մայրս մեր տանն էր ապրում, համարյա չէր քայլում։ Շատ վախեցավ. ամբողջ տունը դղրդում էր։ Պատուհանների ապակիները, տանիքի թիթեղները թափվում էին մեր շուրջը։ Քանի որ շրջափակման հետևանքով վառելիք չունեինք, ամուսնուս հետ միասին մի կերպ մորս գրկելով հասցրինք գյուղամեջ, որտեղից ուրիշ ավտոմեքենայով մեզ տարան Ծովատեղ համայնք։ Մինչ այդ, կրակոցների տակ ամուսնուս հետ շտապեցինք որդուս գերեզան. ծաղիկները ջրեցի, Արցախի դրոշը հանեցի և մի փոքրիկ խաչքարի հետ հողի տակ թաքցրինք։ Սեպտեմբերի 20-ի հրադադարից հետո վերադարձանք տուն, սակայն 1-2 օր գյուղում մնալուց հետո՝ սեպտեմբերի 24-ին, հայտարարեցին, որ պետք է անմիջապես դուրս գանք, քանի որ ադրբեջանական զինուժը մտել է գյուղ։ Ամուսնուս հետ անմիջապես վազեցինք գերեզմանոց՝ որդուս հրաժեշտ տալու, այնուհետև լուսանկարվեցի և որպես մասունք մի բուռ հող վերցրեցինք։ Շտապեցինք տուն և հասցրի միայն հիվանդ մորս շորերը վերցնել ու գյուղացիներից մեկի «ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով ճանապարհվել դեպի Ստեփանակերտ», -վերհիշեց տիկին Մանյան։
Այդ ժամանակ արցախյան գյուղերը հայտնվել էին շրջափակման մեջ։ Ադրբեջանցիներն անմիջապես հենակետեր էին տեղադրել և ստուգում էին գյուղերից խաղաղ բնակչությունը տարհանող ավտոմեքենաները։ Ստուգեցին նաև վերոնշյալ մեքենան, որում պառկեցրած տանում էին Մանյայի 84-ամյա անշարժացած հիվանդ մորը։ Ստեփանակերտում 2-3 օր մնալուց հետո նրանք հազարավոր արցախցիների պես բռնեցին գաղթի ճամփան և բազում դժվարություններ հաղթահարելով հասան Հայաստան։
«Ահավոր դժվար էր հիվանդ մորս Հայաստան տեղափոխելը։ Նա ոչ ուտում էր, ոչ էլ խմում։ Հյուծվել էր ամբողջովին։ Հոգեբանական և ֆիզիկական ծանր վիճակում էր։ Մայրս չդիմացավ այս արհավիրքներին և իր մահկանացուն կնքեց հոկտեմբերի 9-ին։ Հիվանդացավ նաև եղբայրս և մեկ տարի պայքարելուց հետո նա նույնպես այս տարի ավանդեց իր հոգին։ Ամուսինս էլ շատ ծանր է տանում այս ամենը։ Մի կերպ է դիմանում», -սրտնեղված հավելեց զոհվածի մայրը։ Այժմ ամուսնու հետ վարձով ապրում են ՀՀ Նուռնուս գյուղում։ Ամուսինը չի աշխատում, իսկ ինքը նոր է աշխատանքի անցել։ Աղջիկներն ամուսնացած են և առանձին են ապրում։ Ամուսիններն ունեն 7 թոռ և սպասում են 8-րդի ծնվելուն։ Սակայն տիկին Մանյայի միակ երազանքն է վերադառնալ Արցախ՝ Կարմիր շուկա ու լինել որդու շիրիմին մոտ։
Զառա Մայիլյան