Կա, թ՞ե չկա Հայաստան առանց Արցախի։ Դեպի «իրական» Հայաստան գնացող հանրությունը ընդմի՞շտ է կորցրել Արցախը, թ՞ե ինչ որ պահի հետ է բերելու։ Այս հարցերը այսօր հուզում են Արցախից տեղահանվածներին։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարութունը համարում է, որ Արցախի հարցը փակված է։ Մինչդեռ արցախցիներից շատերը գիտակցելով, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20, երբ Ադրբեջանը ներխուժեց Արցախ, իրենց հայրենիքի պատմության վերջին երկու օրերն էին, այնուամենայնիվ հավատում են, որ մի օր վերադառնալու են հայրենիք։
Արցախի նախագահը նրանց համար նախկին նախագահ չի, ներկա է, Արցախի խորհրդարանի պատգամավորների, համայնքապետերի, ՄԻՊ–ի անունների կողքին նույնպես նախկին բառը չեն օգտագործում։ Դավիթ Սարգսյանը հիմա էլ Ստեփանակերտի քաղաքապետն է, Հայկ Շամիրյանը՝ Ասկերանի, Արցախի թեմն էլ Երեւանում գրասենյակ է բացում:
Արցախցիների այս անհույս լավատեսությանը իշխանությունը հակադրում է «իրական Հայաստան» տերմինը՝ Հայաստան առանց Արցախի, առանց Կիրանցի, առանց անկլավների, նոր, փոքրիկ երկիր, որի չափերը, փոքրության աստիճանը դեռ հասկանալի չեն։
Նիկոլ Փաշինյանը 12․06․2024թ․ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է 29․743 քմ թիվը ու խոստովանել, որ պատերազմից երկու տարի առաջ, փաստորեն, իմացել է, որ տալու ենք Արցախը։
«Ես ինձ դրա համար շատ եմ մեղադրում, որ պետք է գայի գոնե ԱԺ փակ ռեժիմով ասեի, որ մենք պետք է համաձայնենք, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի։ Ոչ միայն հայկական, այլև Ադրբեջանական համատեղ կառավարմամբ պետք է լինի։ Եվ մեր զիջումների սահմանը պետք է լինի մեր 29,743 քառակուսի կիլոմետրը», – ասել է Փաշինյանը։
Նա վաղուց Արցախ բառը չի արտասանում, այն փոխարինել է Լեռնային Ղարաբաղ եզրույթով։
Արցախցիների մասին խորհրդարանի ամբիոնից դիմելով քաղաքական հակառակորդներին, ասում է․ «Ձեզ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 98 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար, այսօր իրենց բերել եք որպես ցույցի մատերիալ՝ 5000 դրամով ցույցերի բերելու համար»։
Բաքվի բանտերում գտնվող արցախյան էլիտան Փաշինյանի համար «վախկոտ դասալիքներ» են, որոնք մեղավոր են Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար։
Հունիսի 12-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարեց․ «Վախկոտ դասալիքները, բոլոր վախկոտ դասալիքները պետք է հայտնվեն բանտերում և երկար տարիներ պետք է անցկացնեն բանտերում, և դա ՀՀ արժանապատվության հարցն է։ Վախկոտ դասալիքներ»։
Նա նաև վիրավորական արտահայտություններ արեց արցախցինենրի հասցեին, ասելով․ «Ովքեր իմ ասուլիսներում ԼՂ-ից լրագրողների միջոցով մեսիջներ էին ղրգում՝ ասելով, որ ԼՂ ժողովուրդը հերոսական է և մինչև վերջ կանգնելու է և ոչ մի բան չենք զիջելու, Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց ուղիղ երկու ժամ առաջ դողեդող զանգահարում էին ինձ ու ասում՝ մի բան արա, մենք այստեղից փախնենք»։ Վարչապետը ձեռքերը օդում դողացնելով, վախկոտներին էր կապկում ԱԺ ամբիոնից։
Արցախցիներն էլ Փաշինյանին են մեղադրում։
«Մեզնից խլեցին մեր հայրենիքը», – լսում ենք շատերից։ «Մեզնից խլեցին մեր որդիներին», – առարկում են նրանց սոցցանցերում հայաստանցիները։ Այս օրերին հաճախ ենք նմանատիպ զրույցներ լսում, և դրանք ի հայտ են բերում օրեցօր խորացող անհանդուրժողականությունը արցախցիների նկատմամբ։
«Սկզբնական շրջանում հոգատարություն կար, հետաքրքրվածություն, բոլորն ուզում էին լուսաբանել, մենք էլ շահագրգռված ուզում էինք այդ ամենը քանի թարմ էր, ներկայացնեինք աշխարհին, տարբեր հարթակներին…Բայց մի քանի ամիս անց մարդիկ հարցնում էին՝ վերջը ինչի՞ դուրս եկաք: Ու հասկանում ես, որ հարցնում են՝ ոչ թե իմանալու համար, այլ հարցնում են՝ քեզ ցավ պատճառելու համար: Այս ամենը գիտակցելով՝ ասում էի՝ ես որպես երկրորդ կյանք ապրող, վերածնված մարդ՝ թույլ տվեք չպատասխանեմ, որովհետեւ միեւնույն է, չեք հասկանա…»։ Սա հատված է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամլո խոսնակ Հունան Թադեւոսյանի խոսքից։ Նա հունիսի 27-ին «Էլիտ Պլազայի» բիզնես կենտրոնում տեղի ունեցած «Ինքնապաշտպանություն Արցախում սեպտեմբեր 2023» վերնագրով համաժողովի մասնակիցներից էր։
Այս քննարումը արցախցիների յուրօրինակ հակազդեցությունն էր թիրախավորման, ատելության խոսքի դեմ։ Մարդիկ՝ մարտական գործողությունների մասնակիցներ, փորձագետներ, նախկին պետական գործիչներ, հավաքվել էին և վկայություններ էին տալիս 2023 թվականի սեպտեմբերի 19–20–ին տեղի ունեցած ադրբեջանական ներխուժման, Արցախի գոյության վերջին երկու օրվա մասին։
Իհարկե, արցախցիներն, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, կորեկտ են արտահայտվում։ Ո՞րն է ակտիվորեն գեներացվող ատելության պատճառը, ինչո՞ւ է փոխվել վերաբերմունքը արցախցիների նկատմամբ։ Forrights.am-ի հարցին Հունան Թադեւոսյանը պատասխանեց․
«Վերջին շրջանում արցախցիների դեմ պետական մակարդակով սկսվեց քաղաքականութուն վարվել։ Բագրատ Սրբազանի պայքարին արցախցիների մասնակցությունը ևս նպաստեց դրան։ Գոնե արցախցիները իրավունք ունեն դրան մասնակցեն, բայց մեզ ասում են՝ եկել եք մեր երկրում, ուզում եք ներքին խժդժություններ առաջացնել։ Սրբազանի պայքարով թարմացավ ատելությունը։ Կան մարդիկ, որոնք ադեկվատ են, ցավիդ կարեկից, ապրումակցում են քեզ, բայց կա նաև հակառակը»։
Հունան Թադևոսյանը հաճախ է ընտանիքով դուրս գալիս փողոց ։ «Պարզ է, Արցախի բարբառով ենք հաղորդակցվում։ Առաջ ժպիտով նայում էին, հարցնում էին՝ Արցախի՞ց եք, ինչո՞վ կարող ենք օգնել։ Հիմա, երբ որ բարբառը լսում են, նայում են զարմացած, ոտքից գլուխ չափում են ու քթի տակ խոսելով գնում են», – ասում է։
Մի քանի օր առաջ նա մոտցել է քթի տակ խոսող աղջկա, հարցրել է, թե ինչ ունի ասելու։ Նա էլ, թե՝ եկել եք մեր երկիր։ «Ես նրան բացատրեցի, որ Հայաստանը որքան իրենն է, այնքան իմն է, ես 35 տարեկան եմ ու ամբողջ կյանքում կրել եմ կապույտ հայկական անձնագիր, որում գրված է՝ Հայաստանի Հանրապետություն, ծննդավայրը՝ Ստեփանակերտ։ Բայց չհասկացավ ինձ։ Ասեց՝ դուք թուրքերի հետ ապրել եք։ Ասեցի՝ դուք պատմությունը չգիտեք, երևի։ Մասիսի շրջանում թուրքերով բնակված գյուղեր են եղել, և դուք նրանց հետ ապրել եք։ Արցախում էլ են եղել ադրբեջանական գյուղեր, իրենց առաձին կեցվածքով, որտեղ տուր և առ է եղել, բայց համակեցություն իրենց հետ չի եղել։ Հանգիստ որ խոսում ես՝ կամաց կամաց սկսում են փափկել։ Ուղղակի բոլորի հետ չես կարող այդպես խոսել»։
Հունան Թադևոսյանը ապրում է վարձով։ Տան գնից չի բողոքում։ Գնահատում է տան տիրոջ բարի վերաբերմունքը իր ընտանիքի նկատմամբ։ Տան տերը բանալիները տվել է Հունանին, ասել է՝ ապրի այստեղ, առանց վճարի։
Սյուզան Սիմոնյան