Նիկոլ Փաշինյանը երկու շաբաթ առաջ խորհրդարանի ամբիոնից հիշեց իր ասուլիսներից մեկի ժամանակ Արցախի ընդդիմադիր գործիչների՝ իրեն փոխանցված ձայնային հարցերը և ասաց․ «Իրենք ասում էին՝ ԼՂ-ի ժողովուրդը և մենք հերոական կանգնելու ենք, ոչ մի բան չենք զիջելու։ Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց երկու ժամ առաջ դողեդող զանգել էին ինձ, ասում էին՝ մի բան արա, մենք այստեղից փախչենք»։
Նիկոլ Փաշինյանը հարցուպատասխանի ընթացքում անուններ չի տալիս, չնայած պարզ է, թե որ ընդդիմադիր գործիչներին նկատի ունի։ Չցանկանալով Փաշինյանի և Արցախի պաշտոնյաների հեռակա բանավեճին մասնակցել, սակայն, հարկ է նշել, որ Արցախի ժողովուրդը, իսկապես հերոսական պայքար է մղել այդ օրերին։
Forrights.am-ն Արցախի բռնի հայաթափումից անմիջապես հետո նախաձեռնել և շարունակում է հանդիպումներ, թե առաջնագիծ դարձած բնակավայրերում ապրած քաղաքացիների, թե ՊԲ զինծառայողների հետ։ Մեր նախորդ հրապարակումներում ներկայացրել ենք նրանց պայքարի գործողությունները։
Այս անգամ Forrights.am-ը հանդիպել է արցախցի Լևոնի հետ, որը 44-օրյա պատերազմին եղել է պայմանագրային զինծառող, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ԱԱԾ հատուկ ջոկատային։ Նա մեզ հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ դժվարություններով են կարողացել ողջ մնալ և ապահավել խաղաղ բնակիչների անվտանգ հեռանալը։
«Գանձասարից դեպի Վանք մի հատ կամուրջ կա՝ Խաչենի մոստը, դա, որ թշնամին վերցներ, Մարտակերտի շրջանը հայտնվում էր շրջափակման մեջ։ Մենք մինչև վերջին մարդու դուրս գալը եղել ենք այդ մոստի վրա։ Լավն այն է եղել, որ սաղ ենք մնացել, դուրս ենք եկել»,-հիշում է Լևոնը՝ պատնելով, որ երեք օր շարունակ անդադար մարտերի է մասնակցել։
Լևոնը զինակից ընկերների հետ վտանգավոր իրավիճակում են հայտնվել Խաչենի կամուրջի մոտ, բայց չեն լքել իրենց վստահված պաշտպանության վայրը, նախընտրել են շրջափակման մեջ մնալ, բայց թույլ չտալ, որ թշնամին վերահսկողություն հաստատի կամուրջի վրա, քանի որ Մարտակերտի շրջանի բնակիչների կյանքը վտանգվելու էր։
«Ահավոր վիճակ էր, մարդիկ դուրս էին գալիս տներից՝ քաղաքացիական անձիք, որ հեռանան, թշնամին գրադով խփում էր։ Մարդիկ դուրս եկան, նոր ռուսները եկան, իրանց վրա էլ էին կրակում։ Անընդհատ բոյ է գնացել։ Ոչ հաց, ոչ ջուր, ոչ սիգարետ, ոչ մի բան չկար։ Երեք գիշեր անդադար կռիվ ենք արել, այդպես դուրս ենք եկել շրջափակումից։ Մենք զոհ չենք տվել, հինգ վիրավոր ենք ունեցել, թշնամին շատ է զոհ ունեցել։ Մեզ հետ սովորական զինվորներ չէին կռվում, իրենց սպեցնազն էր, հատուկ պարապած։ Ուզում էին մոստը վերցնել, բայց իրենց մոտ չստացվեց, մինչև վերջ կանգնեցինք։ Պատկերացնում էինք, թե մեզ ինչ կանեն, եթե մոտենան, բայց չկարողացան»։
Շրջափակումից դուրս կարողացել են գալ մեծ դժվարությամբ։ Այդ ընթացքում Լևոնը չի կարողացել ընտանիքի հետ կապ հաստատել, Ստեփանակերտում գտնվող ընտանիքին զոհվելու մասին լուրեր են հասել։ Շրջափակումից դուրս գալուց հետո էլ ծառայությունը նրանց համար ավարտված չի եղել։ «Կամուրջի մոտից, որ դուրս եկանք, եկել ենք մեր զորմասն ենք պահել, չնայած, որ թշնամին արդեն մոտենում էր։ Մենք զենքերը չենք դրել, բերել տվել ենք մեր հրամանատարին»,-ասաց նա։
Հատուկ ջոկատայինի փոխանցմամբ՝ ռուսական խաղաղապահ առաքելությունից այդ օրերին աջակցություն չեն տեսել։
«Ես առավոտից երեկո ծառայել եմ, բայց թե ռուսն ինչ է արել, ես ոչ խառնվել եմ, ոչ տեսել եմ։ Կոպիտ ասած ոչ մի բան չէին անում, իրենք էլ էին ծառայում, թե ինչ էին անում, չգիտեմ»։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։