Հունիսի 21-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպը վեր հանեց այն փաստը, որ Հայաստանի գործող իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը։ Այդ մասին ասվում է Արցախի խորհրդարանի 5-ից 4 խմբակցությունների /Սամվել Բաբայանի խմբակցությունը չի միացել/ հունիսի 24-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ոստիկանության հատուկ ջոկատաինները առանց դատարանի որոշման եւ այլ հիմնավորող փաստաթղթերի ներխուժել են Երեւանում Արցախի ներկայացուցչություն, կոտրել դարպասները եւ առգրավել Արցախի նախագահին սպասարկող մեքենան։ Այդ պահին նախագահ Շահրամանյանը հարցաքննվում էր որպես վկա Քննչական կոմիտեում։
Հիշեցնենք նաեւ, որ մեքենայի առգրավման փոր4ուժայինները կատարել էին նաեւ հունիսի 7-ին, բայց չեն տարել մեքենան։
Հունիսի 21-ի դեպքից հետո Սամվել Շահրամանյանը պարզաբանել է, որ հունիսի 7-ից հետո զրուցել է Քննչական կոմիտեի նախագահի հետ, նա ասել է, որ իրեն սխալ են զեկուցել, եւ նա չգիտեր, որ մեքենան Արցախի նախագահին է սպասարկում։
Շահրամանյանը լրագրողներին ասել է, որ նման կոշտ գործողությունների կարիք չկար՝ համապատասխան որոշման առկայության դեպքում ինքը մեքենան կուղարկեր որտեղ որ պետք էր։ «Հենց սկզբից ուզում եմ ասել, որ սա մեքենայի հարց չէ, սա ուղղակի Արցախի մնացորդների վերացման հարց է», ասել է Շահրամանյանը։
Ինչի՞ հետ է կապված Արցախի ղեկավարությանը եւ արցախցիներին թիրախավորելու նման քաղաքականությունը։
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը նկատել է, որ հունիսի 21-ին Հայաստանը հայտարարել է Պաղեստինի պետության ճանաչման մասին։
«Թուրքիայի ԱԳՆ-ն անմիջապես ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի անկախության ճանաչումը։ Մի քանի օր առաջ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և մեծ հավանականությամբ առաջարկել ճանաչել Պաղեստինը։ Բնականաբար, պետք է ցանկություն լիներ, որ սա որեւէ կերպ կապ չունենա Արցախյան խնդրի հետ։ Եւ անհրաժեշտ էին գործողություններ, որոնք Ալիևին ցույց կտան, որ այդ խնդիրները տարբեր են և վտանգ չեն ներկայացնում ադրբեջանական կողմի համար։
Արցախի Հեղափոխական կուսակցության առաջնորդ Արթուր Օսիպյանը համարում է, որ ՀՀ կառավարության նպատակն է՝ հայ հասարակության մեջ ադրբեջանցիների հանդեպ առկա թշնամանքը ուղղել արցախցիերի դեմ։ «Դա դժվար է անել, Հայաստանի հասարակության մեծ մասը դեռ սթափ է մտածում։ ՀՀ Կառավարությանը մնում է կապել բոլոր արցախցիներին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ եւ թշնամանքը կենտրոնացնել նրանց վրա», ասում է Օսիպյանը։
Օսիպյանը նկատում է, որ թեկուզ «Տավուշն հանուն հայրելիքի» շարժումը ղեկավարում կամ սատարում են տավուշցիները, Եկեղեցին, խորհրդարանական եւ այլ ընդդիմադիր կուսակցություններ, բայց մեղադրում են միայն արցախցիներին։
Փորձագետները ասում են, որ ցույցերի ժամանակ ուժային գործողությունների ընթացքում ոստիկաններն ընդգծված դաժան էին արցախցիների հանդեպ։ Իսկ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը գիտության անհայտ մեթոդով պարզել է, որ հավաքների մասնակիցների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ չէին, «եւ ոչ միայն արցախցիներ, այլեւ Ռուսաստանից հատուկ եկած անձինք»։
Սակայն նույնիսկ նման պրիմիտիվ ակնարկներն են ազդում հասարակական կարծիքի վրա եւ լուսանցք քշում արցախցիներին։
«ՀՀ իշխանություններն արդեն տևական ժամանակ է, ինչ ժողովրդավարության քողի տակ թիրախավորում են արցախցիների տարբեր խմբերի ու անհատների, կիրառելով նրանց դեմ բռնաճնշումներ, խտրական վերաբերմունք՝ օգտագործելով «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ բառապաշար։ Վտանգավոր և անընդունելի են ներհանրային համերաշխությունը խարխլող և Արցախի հայության արժանապատվությունը վիրավորող բոլոր այն արարքները, հայտարարություններն ու ելույթները, որոնք դրսևորվում են ոչ միայն սոցիալական ցանցերում լայնորեն տարածված իրական կամ կեղծ օգտատերերի միջոցով, այլև ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից հնչեցված», ասված է Ազգային ժողովի հայտարարության մեջ:
Աբսուրդային այս իրավիճակը, երբ բռնի տեղահանված հայերը Հայաստանում նման վերաբերմունքի են արժանանաում, զարմացնում է նույնիսկ ՀՀ կառավարության արտաքին գործընկերներին։ Նրանց աչքերը փակելու համար Կառավարությունը արցախցիների համար Բնակապահովման ծրագրի մեկնարկի մասին է հայտաարել, չպարզաբանելով, որ ծրագրին առնվազն մի քանի ամիս ոչ մի արցախցի չի կարող մասնակցել, քանի որ անհասկանալի պայման է դրված՝ ամբողջ ընտանիքով ՀՀ քաղաքացիություն վերցնել։ Այդ ծրագրի տակ ՀՀ կառավարությունը միջազգային դոնորներից գումար է կորզում, միաժամանակ՝ ցույց տակով, որ հոգ է տանում «ժամանակավոր պաշտպանության» տակ առած արցախցիների մասին, եւ նրանց իրավունքները միջազգային ատյաններում քննարկելու կարիք չկա։
Այդ գումարների հավաքագրման համար ընդհանուր հիմնադրամի եւ արցախցիների հարցերով զբաղվող որեւէ մարմնի բացակայությունը սակայն խոսում են այն մասին, որ «ժամանակավոր պաշտպանությունը»՝ արցախցիներին անկյուն քշելու եւ միջազգային իրավունքից մեկուսացնելու համար է։
Նաիրա Հայրումյան